կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-26 13:19
Հասարակություն

Ես հո վերին արտի ցորե՞նը չեմ, որ իմ գործերը միշտ լավ գնան. Պալաչ

Ես հո վերին արտի ցորե՞նը չեմ, որ իմ գործերը միշտ լավ գնան. Պալաչ

Մայիսի 22-ին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի» խումբ ՓԲԸ-ն դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` Արթուր Գեղամի Հարությունյանին (Պալաչ) սնանկ ճանաչելու պահանջով: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից: Նույն օրը գործն ընդունվել է վարույթ և մակագրվել դատավոր Տիգրան Փոլադյանին:

 

Արթուր Հարությունյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վերոնշյալ դեպքին, նախ ասաց, որ դա իր անձնական խնդիրն է, և մեզ հորդորեց քաղաքական ու անձնական խնդիրների հետ չնույնացնել, հետո, սակայն, որոշեց մեկնաբանել իր շուրջ ստեղծված այս իրավիճակը: «Ես գործարար եմ, և ինչպես երկիրն է վատ վիճակում կամ էլ գործարարները, այնպես էլ ես կարող եմ լինել: Այսինքն` հնարավոր չէ՞, որ իմ գործերը վատ ընթանան: Ձեր բարեկամները վարկ չունե՞ն: Ես էլ ունեմ վարկեր, ես էլ ունեմ բանկի հետ խնդիրներ, ես էլ եմ աշխատում: Էս երկրում կա՞ մի գործարար, թեկուզ` ճանաչված, որ վարկ չունի: Մի հատ հարցրեք գործարարներին, ռուբլու փոխարժեքի տատանումն իրենց վրա չի՞ ազդում: Էդ բոլորը պարտաճանաչ են աշխատում բանկերի հետ, հա՞»,- ասաց մեր զրուցակիցը:

 

Նա հավելեց, որ իր անվան շուրջ նմանատիպ խոսակցություններ տարածողներն ցանկանում են ցույց տալ, թե ինքն ուզում է քաղաքապետ դառնալ, որ իբր իր անձնական, ֆինանսական խնդիրները լուծի: «Իրանք իրանց ծախում են: Իրենք էսօր նստել են քաղաքապետի աթոռին ու եթե վարկ չունեն, նշանակում է իրենք գողացել են ընդեղից այդ փողերը: Ով մամուլում շրջանառության մեջ է դրել այս բոլոր խոսակցությունները, վկայում է այն մասին, որ իրենք են եղել այն մարդիկ, ովքեր տնօրինել են քաղաքը և իրենք այդ բյուջեից գողացել են այդ գումարները և մտածում են, որ ես էլ գամ, նման ոճով եմ աշխատելու: Ու ստեղ գալիս է ժողովրդական այն խոսքը, որ ամեն մարդ դիմացինին իր արշինով է չափում»,- ասաց Հարությունյանը:

 

Ըստ նրա` ինքն օլիգարխ չէ, և իր բիզնեսներն էլ կարող են վատ հունով ընթանալ: «Այդտեղ զարմանալու բան չկա: Ով մամուլում շրջանառության մեջ է դնում նման բաներ, միգուցե ինքն է այդ ճանապարհով հարստացել»,- ասաց Հարությունյանը:

 

Մեր հարցին, թե գուցե խոսքը իր մերձավորներից մեկի` Արթուր Դալլաքյանի մասի՞ն է, Արթուր Հարությունյանը վրդովված պատասխանեց. «Ոչ, ես հո վերին արտի ցորե՞նը չեմ, որ իմ գործերը միշտ լավ գնան: Հո իմ բիզնեսը միշտ չպե՞տք է ծաղկի»:

 

Տեղեկացնենք, որ, ըստ aysor.am-ի, ոմն Արմեն Բաղդասարյան ու Արթուր Դալլաքյան ֆինանսական պարտավորվածության ու մեծ վարկերի տակ են մտել ընկերոջը՝ Արթուր Հարությունյանին օգտակար լինելու համար, սակայն, փաստորեն, ստացվում է, որ հիմա Պալաչը իր ետևից կտանի բոլորին: