կարևոր
2773 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-30 17:43
Քաղաքական

ՀՀ իշխանությունները քաղաքական օրակարգից դուրս են մղել Արցախի հանրապետության ապագայի հարցը՝ բացառապես հումանիտար երանգ տալով կատարվածին․ Արա Պողոսյան

ՀՀ իշխանությունները քաղաքական օրակարգից դուրս են մղել Արցախի հանրապետության ապագայի հարցը՝ բացառապես հումանիտար երանգ տալով կատարվածին․ Արա Պողոսյան

Հայաստանի հանրապետության իշխանություններն իրենց քաղաքական խոսույթից դուրս են մղել Ստեփանակերտ-Բաքու երկխոսության օրակարգային լինելը․ Արցախի ապագայի մասին որևէ քննարկում չկա։ Թե իրենց խոսույթից, թե միջազգային գործընկերների հետ հանդիպումներից պարզ երևում է, որ նրանք՝ ՀՀ իշխանություները, Արցախի հարցը համարում են փակված։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման արձանագրում արեց քաղաքագետ Արա Պողոսյանը։

«Հիմա քաղաքական կողմը լրիվությամբ անտեսված է, այդպես էր նաև շրջափակման ամբողջ ընթացքում, մինչդեռ խնդիրը նախ և առաջ քաղաքական է։ Հիմա, ցավոք սրտի, ՀՀ ղեկավարությունը շարունակում է խնդրին բացառապես հումանիտար որակում տալ, շեղել բոլորի ուշադրությունը հարցի քաղաքական նշանակությունից, Արցախի վախճանից։ Հաճախ նաև ՌԴ-ն է հիշեցնում, թե ԼՂ հարցը, իբր, լուծված է, և հետևաբար Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտող ոչինչ չկա։ Տպավորություն է՝ կարծես Արցախի հանրապետության գոյությունն էր խանգարում դրան։ Ցավոք, ՀՀ իշխանություները նույնպես մտել են այդ օրակարգի մեջ և Արցախի գոյության հարցը փոխարինվել է ԼՂ բնակիչների կամ փախստականների հումանիտար խնդիրներով»,-նկատում է քաղաքագետը։

Պողոսյանի դիտարկմամբ՝ ի սկզբանե ակնհայտ էր, որ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության թեման օրակարգ բերելն անիրականանալի է, քանի որ Բաքվի պահանջը մեկն էր՝ «վերաինտեգրում», այսինքն՝ Արցախի որևէ կարգավիճակի շուրջ քննարկում չէր կարող լինել։

Ըստ այդմ՝ Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտում իրականացնելու հեռանկարը տեսանելի էր՝ հատկապես այն դեպքում, երբ ՀՀ իշխանությունը Արցախի ապագայի ամբողջ պատասխանատվությունը թողեց Արցախի իշխանությունների վրա՝ հայտարարելով, թե, իբր, դրանով փորձում է սուբյեկտայնությունը բարձրացնել, բայց իրականում, բացեիբաց հայտարարելով, որ որևէ դեպքում չի միջամտելու Արցախի հետ կապված հարցերին՝ այդ թվում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, դրանով նպաստեց այս իրավիճակին։

«Բազմիցս զգուշացրել եմ, որ ՀՀ իշխանությունների խոսույթը՝ Արցախի հետ կապված, շատ վտանգավոր է և հանգեցնելու Արցախի անկմանը։ Եվ այն, որ մեղավորության սլաքները փորձ է արվում ուղղել այլ կողմի վրա՝ Արցախի իշխանությունների, ակնհայտ է։ Ի դեպ, Արցախի հանրապետության նախագահ Շահրամանյանի հարցազրույցից ևս հասկացվեց, որ Ադրբեջանի հետ բանակցությունների մասին ամեն ինչ պաշտոնական Երևանը տեղեկացված էր, բայց այն ավել շատ հարցեր է առաջացրել, օրինակ՝ ո՞վ է հորդորել կապ հաստատել Բաքվի ներկայացուցիչների հետ, ո՞վ է հորդորել Ադրբեջանի հետ անհապաղ «բանակցել» պատերազմը դադարեցնելու և ո՞վ է հորդորել ստորագրել Արցախի լուծարման մասին հրամանագիրը։ Իմ համոզմամբ, այստեղ նաև երրորդ կողմեր են եղել»,-նշում է Պողոսյանը՝ հավելելով, որ այդ հարցերի պատասխանների հնչեցումը թույլ կտա լույս սփռել կատարվածի վրա։