կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-16 15:50
Իրավական

Անզգույշ արարքի համար անձին պետք է վարչական տույժի ենթարկել խիստ բացառիկ դեպքերում. Գոռ Հովհաննիսյան

Անզգույշ արարքի համար անձին պետք է վարչական տույժի ենթարկել խիստ բացառիկ դեպքերում. Գոռ Հովհաննիսյան

ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծը: Գործող օրենսգիրքը, որն ընդունվել է 31 տարի առաջ, մինչ օրս բազմաթիվ փոփոխությունների և լրացումների է ենթարկվել (շուրջ 187 անգամ): Նախագծի որոշ դրույթներ մնացել են նույնը, որոշներն էլ համապատասխանեցվել են ներկայիս պահանջներին:

Նախագծում առկա նորամուծությունների, խնդրահարույց դրույթների և այլ հարցերի մասին Yerkir.am-ը զրուցել է նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, Գերմանիայի Հագենի համալսարանի գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս Գոռ Հովհաննիսյանի հետ:

-Պարո՛ն Հովհաննիսյան, ընդունվելու դեպքում ի՞նչ կփոխի նոր օրենսգիրքն իրավակիրառողների և, առհասարակ, քաղաքացիների կյանքում:

- Գործող օրենքը Խորհրդային միության տարիներին մշակված օրենք է և թե՛ մտածելակերպով, թե՛ բառապաշարով՝ խորհրդային: Նոր օրենսգիրքը ներդնում է նոր մոտեցում վարչական իրավախախտումների իրավունքում: Ամբողջությամբ փոխվելու է այդ իրավունքի մասին պատկերացումը, մտածելակերպը: Գործող օրենսգրքի հիմքում նատուրալիստական-պատճառական արարքի տեսությունն է, որը հնացած է։ Նախագծի հիմքում դրվել է նպատակամետ արարքի ժամանակակից տեսությունը։ Դրանով պայմանավորված՝ նոր նախագիծը որդեգրել է իրավախախտման եռանդամ կառուցվածքի մոդելը՝ գործող քառանդամ մոդելի փոխարեն։ Ասվածն ամբողջությամբ վերաբերում է նաև նոր քրեական օրենսգրքի նախագծին։ Նոր օրենսգրքի գործողության պայմաններում դիտավորությունն ու անզգուշությունն այլևս չեն համարվի մեղքի ձևեր, քանի որ նպատակամետ արարքի տեսության համաձայն՝ դիտավորությունն ու անզգուշությունը բնութագրում են արարքը, այլ ոչ թե անձին։

-Նախագծի 5-րդ հոդվածում ամրագրված է, որ օրենսգիրքը նյութական իրավունքի մասով կիրառելիս օրենքի կամ իրավունքի անալոգիան արգելվում է` ի վնաս վարչական իրավախախտում կատարած անձի: Ի՞նչ է սա նշանակում:

-Անալոգիան այն վիճակն է, երբ մի կոնկրետ իրավահարաբերություն օրենսդիրը բառացիորեն չի կարգավորել, և այդ իրավահարաբերությունը կարգավորելու համար իրավակիրառողները դիմում են նմանատիպ հարաբերություն կարգավորող մեկ այլ նորմի օգնությանը: Սկզբունքորեն դա արգելված է թե՛ քրեական իրավունքում, թե՛ վարչական իրավախախտումների իրավունքում։ Անձը պետք է պատասխանատվության ենթարկվի այն կոնկրետ արարքի համար, որը հստակ նկարագրված է օրենքում:

Այս հոդվածում նորամուծությունն ու առաջադիմությունն այն է, որ նախ` հստակեցվում է, որ անալոգիան սկզբունքորեն արգելված է միայն նյութական իրավունքում, իսկ ձևական (դատավարական) իրավունքում այն թույլատրելի է։ Բացի այդ` նշված նորմի ձևակերպումից կարելի է եզրակացնել, որ անալոգիան նյութական իրավունքում, այնուամենայնիվ, թույլատրելի է, բայց միայն հօգուտ իրավախախտում կատարած անձի: Օրինակ` եթե վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նկարագրված չէ անձի արարքն արդարացնող մի հանգամանք, որը, սակայն, առկա է, ասենք, սովորութային իրավունքում, ապա մենք պետք է կիրառենք սովորութային իրավունքում առկա այդ արդարացնող հիմքը և անձին չենթարկենք վարչական պատասխանատվության: Սա, փաստորեն, համարվում է անալոգիա նյութական իրավունքում, որը սկզբունքորեն արգելված է, բայց թույլատրվում է, եթե այն կիրառվում է հօգուտ իրավախախտում կատարած անձի: Սա չափազանց կարևոր դրութ է, քանի օր անձը կարող է վիճարկել իրեն չարդարացնելը: Այսինքն` եթե գոյություն ունի արդարացնող հանգամանք, սակայն դա իրավակիրառողը հաշվի չի առել, ապա անձի նկատմամբ տույժ կիրառելու որոշումը պետք է վերացվի: Գործող օրենսգրքում այս դրույթը չկար, այս նորամուծությունը կարող է նպաստել անձի իրավունքների պաշտպանությանը:

-Նախագծում նորություն է վարչական իրավախախտման փորձի համար անձին վարչական պատասխանատվության ենթարկող դրույթն ամրագրելը: Կա՞ն կոնկրետ իրավախախտումներ, որոնց փորձը կարող է տուգանք առաջացնել:

-Նախագծի ընդհանուր մասում սահմանված է, որ վարչական իրավախախտման փորձի համար անձը վարչական պատասխանատվության է ենթարկվելու միայն օրենսգրքի հատուկ մասով նախատեսված դեպքերում: Սակայն քննարկման արդյունքում որոշվեց հատուկ մասում դեռևս չնախատեսել որևէ իրավախախտում, որի փորձը կարող է տույժ առաջացնել:

-Գործող օրենսգրքով անձը ենթակա է վարչական պատասխանատվության նաև անզգուշությամբ կատարած արարքի համար: Նոր նախագծում կա՞ այս դրույթը:

-Նախագծի 22-րդ հոդվածում ամրագրված է, որ անզգուշությամբ կատարված արարքը վարչական իրավախախտում է, եթե այն նախատեսված է օրենսգրքի հատուկ մասով: Այս դրույթը ներառվել է իմ առաջարկով: Անզգույշ արարքը սկզբունքորեն վարչական պատասխանատվություն չպետք է առաջացնի, քանի որ այն, ի տարբերություն դիտավորյալ արարքի, շատ փոքր կրիմինալ էներգիա է պարունակում, մինչդեռ գործող օրենսգրքով անձը ենթարկվում էր վարչական պատասխանատվության ցանկացած անզգույշ իրավախախտման համար: Օրինակ՝ ուրիշի գույքն անզգուշությամբ վնասելը կամ ոչնչացնելն ինչո՞ւ պետք է վարչական պատասխանաատվություն առաջացնի, ինչո՞ւ պետք է անձը տուգանք վճարի, եթե այդ հարցը լուծվում է քաղաքացիա-իրավական պատասխանատվության միջոցով: Իսկ քաղաքացիական օրենսգրքով սահմանված է, որ վնաս պատճառող անձը պարտավոր է ամբողջությամբ հատուցել պատճառված վնասը։ Նման պարագայում ինչո՞ւ պետք է անձը նորից տուգանք վճարի պետությանը:

Այսինքն` եթե կարելի է անձի կամ պետության շահերը պաշտպանել քաղաքացիաիրավական պատասխանատվության միջոցով, ապա չի կարելի անձին նաև քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկել, քանի որ այդ դեպքում խախտվում է, համապատասխանաբար, քրեական կամ վարչական պատասխանատվության ultima ratio սկզբունքը: Սա առաջադեմ մոտեցում է, և միայն շատ ծանր արարքների դեպքում է, որ անզգույշ արարքը կարող է վարչական պատասխանատվություն առաջացնել: Նախագծի հատուկ մասում հստակ ամրագրված է, թե կոնկրետ որ անզգույշ արարքը կարող է պատասխանատվություն առաջացնել:

-Ինչպես գործող օրենսգրքում, այնպես էլ նախագծում ամրագրված է այն դրույթը, որ տուգանքը նշանակվում է՝ հաշվի առնելով վարչական իրավախախտում կատարած անձի գույքային դրությունը: Արդյո՞ք տույժ նշանակողը հաշվի է առնում այս հանգամանքը, եթե վարչական տուգանքները մեծ մասամբ ամրագրված են կոնկրետ, կայուն չափով:

-Այո, այս խնդիրը կա: Եթե կոնկրետ խախտման համար կոնկրետ գումարի չափ է նշվում, ապա «գույքային դրությունը հաշվի առնել» դրույթը տեղին չէ: Այսինքն` անիմաստ է օրենքում ներառել մի բան, որը կիրառելն անհնար է:

-Ձեր կարծիքով` առաջարկվող փոփոխությունները կնպաստե՞ն վարչական դատարանի բեռնաթափմանը:

-Իմ ընկալմամբ` նոր օրենսգիրքը նպատակ չի հետապնդել նվազեցնելու դատարանի ծանրաբեռնվածությունը: Նոր օրենսգրքի նպատակն է, ժամանակակից գիտության մոտեցումներին համապատասխան, կարգավորել իրավունքի տվյալ ոլորտը: Եթե մեր իրավակիրառողների իրավաընկալումը փոխվի և համապատասխանեցվի ներկայացված դրույթներին, ապա գոնե ինչ-որ չափով կնվազի վարչական դատարան տրվող դիմումների քանակը: Օրինակ` անզգույշ արարքի համար այլևս վարչական պատասխանատվության չեն ենթարկի: Եթե իրավակիրառողը ճիշտ ընկալի նոր փոփոխությունները, հնարավոր է` որոշակիորեն թեթևանա նաև դատարանների բեռը:

-Մեր երկրում մեծ է դժգոհությունը վարչական դատարանից: Ի՞նչ եք կարծում, խնդիրը դատավորների՝ վարչական իրավունքին ոչ այնքան լավ տիրապետե՞լն է, թե՞ քաղաքացիների իրավագիտակցությունն է ցածր մակարդակի վրա:

-Առաջին պատճառը, իմ կարծիքով, մեր երկրում իրավագիտության չափազանց ցածր մակարդակն է։ Երբ իրավաբանական կրթությունը բավարար մակարդակի վրա չէ, չի շարժվում իրավունքի մասին ժամանակակից գիտությանը համընթաց, ապա արդյունքում մեր իրավաբաններն ստանում են թերի իրավաբանական կրթություն: Նրանք հետագայում դառնում են դատավորներ և չեն կարողանում վեճը ճիշտ լուծել: Օրինակ՝ շատ իրավաբաններ երբևէ չեն լսել այն երեք տեսությունների մասին, որոնց օգնությամբ պետք է որոշվի այն իրավահարաբերության բնույթը (հանրային է, թե` մասնավոր), որի վերաբերյալ վեճ է հանձնվել դատարանի քննությանը։ Վարչական դատարանի դատավորը պետք է կարողանա պարզել` ներկայացված վեճը հանրային իրավական բնույթի՞ է, թե՞ մասնավոր, ըստ այդմ` որոշել` կոնկրետ վեճը ո՞ր դատարանը պետք է լուծի՝ քաղաքացիակա՞ն, թե՞ վարչական: Իսկ եթե նա նշված տեսությունների մասին երբևէ չի լսել, ապա, եթե նա անգամ ինչ-որ մի գործով ճիշտ որոշի վեճի բնույթը,  նրա այդ որոշման ճիշտ լինելը կլինի սոսկ պատահականություն։ Վարչական դատարանից գոհ չմնալու պատճառներից մեկն էլ կարող է լինել այն, որ ինչ-որ մի դատավոր վեճը լուծում է անբարեխղճորեն՝ հապշտապ կերպով, խորությամբ չի ուսումնասիրում փաստաթղթերը, հանգամանքները և այլն, դա անբարեխիղճ մոտեցում է: Շատ դատավորների համար կարևորը քանակ ցույց տալն է, թե, օրինակ, մեկ ամսում որքան գործ են քննել և այլն:

Հ. Գ. Yerkir.am-ն առաջիկա հրապարակումներում կանդրադառնա «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» նոր օրենսգրքի նախագծի հատուկ մասում ամրագրված առանձին փոփոխություններին, կոնկրետ արարքների համար նախատեսված վարչական տուգանքների չափերին:

Զրուցեց Թագուհի Մելքոնյանը