կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-23 12:44
Քաղաքական

Կառավարությունը թույլ տվեց Սևանից 40 մլն խմ ջրառ կատարել

Կառավարությունը թույլ տվեց Սևանից 40 մլն խմ ջրառ կատարել

Այսօր կառավարության նիստում ներկայացվեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների» տարեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Վարչապետ Փաշինյանը շտապեց տեղեկացնել, որ այս հարցն իր կառավարության օրակարգում երբևէ եղած ամենաանցանկալի հարցերից է: Նրա խոսքով` կառավարությունն ամիս ու կես տարբեր ձևաչափերով քննարկել է այն իրավիճակը, որը ստեղծվել է ոռոգման համակարգում:

«Մենք խնդիր ունեինք ամեն ինչ անել, որ Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չառաջանա, և հարցերը լուծվեն առանց նման որոշման: Բուռն քննարկումներ եղան, դրանց արդյունքում ակնհայտ դարձավ, որ կա որոշակի ռիսկ, որ կարող ենք գյուղատնտեսության համար փակուղային իրավիճակ ստեղծել: Ցավոք, ոռոգման համակարգի գործունեությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Մենք պետք է ստանանք այդ հարցերի պատասխանները: Ոռոգման համակարգում մենք պետք է գնանք լրջագույն լուծումների, այդ թվում` նաև կազմակերպչական բնույթի լուծումների, որպեսզի հասկանանք, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում ջրային մաֆիայի գոյությունը: Եթե այն գոյություն ունի, այն պետք է շատ արագ կապիտուլյացիայի ենթարկվի»,- ասաց վարչապետը:

Բնական պաշարների և ենթակառուցվածքների նախարար Արթուր Գրիգորյանը նշեց, որ նախագծով Սևանա լճից ջրառը սահմանվում է մինչև տարեկան 210 միլիոն խորանարդ մետրը, այսինքն` հավելյալ ջրառը կազմելու է մինչև 40 միլիոն խորանարդ մետր:

Փաշինյանին նախ զեկուցել էին, որ Սևանից լրացուցիչ ջրառի անհրաժեշտություն չի լինի, հետո զեկուցել են, որ ջրառի անհրաժեշտություն կլինի, և այսպես` մի քանի անգամ:

Որոշվեց ջրառի թույլտվություն կայացնել, որպեսզի գյուղացիների բերքը, գյուղատնտեսությունը աղետի առաջ չկանգնի, սակայն մյուս կողմից` կստեղծվի օպերատիվ խումբ, որը մանրամասնորեն կուսումնասիրի վիճակը, ու եթե կա հնարավորություն սեզոնը փակելու առանց այդ հավելյալ 40 միլիոն խորանարդ մետրին ձեռք տալու, ապա այդպես լուծվի խնդիրը: Բայց եթե բերքը ոչնչանա, ապա պետք է կատարեն այդ ջրառը:

Երկրորդ փուլում պետք է սահմանվի խիստ վերահսկողություն, որ ջուրը աչքաչափով չբաշխվի: Վարչապետն ընդգծեց, որ լուրջ լուծումների պետք է գնան, ամեն խորանարդ մետրի օգտագործումը պետք է պատկերացնեն ու վերահսկեն: Վերահսկողության պրոցեսում պետք է ներգրավվի նաև ոստիկանությունը:

Փաշինյանը նաև նշեց, որ, ջրային չարաշահումներից բացի, կա ևս մի խնդիր, այն է` Հայաստանում, փաստորեն, կա ստվերային գյուղատնտեսություն, այսինքն` կան այգիներ, որոնք չեն գրանցվել` տուրքեր չմուծելու համար, սակայն ոռոգվում են: Ու թեև ջրերի առումով Հայաստանը ինքնաբավ երկիր է, սակայն ջրային ռեսուրսի օգտագործման ոչ համակարգված լինելը կոնֆլիկտ է առաջացնում ջրի պահանջարկի ու առաջարկի միջև, ուստի պետք է հստակ համակարգվածություն ու վերահսկողություն` ջրային ռեսուրսի օգտագործման, ջրամբարների կառավարման ոլորտում:

Որոշումն ընդունվեց: