կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-23 16:05
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սևանից 19 մլն խմ-ով ավելի ջրառ է իրականացվել․ Ջրային կոմիտեի նախագահ

Վերջին տվյալների համաձայն՝ նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածի ցուցանիշների համեմատ, այս տարի Սևանից 19 մլն խմ-ով ավելի ջրառ է իրականացվել՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը մամուլի ասուլիսում։

Պատճառն, ըստ նրա, այն է, որ  հանրապետությունում այս տարի տեղումների առումով եղանակային պայմանները բարենպաստ չեն եղել, և որոշ հատվածներում հայտարարված է սակավաջուր տարի:

Կարեն Սարգսյանի խոսքով, չնայած դրան, Արփա-Սևան թունելով լիճ է տեղափոխվել մոտ 20 մլն խմ ջուր:

«Ինչպես գիտեք, գետերում սակավաջրություն է եղել, դա է պատճառը, որ ներկա փուլում այդքան ջուր է վերցվել: Տաք ձմեռը խիստ ազդեց ջրամբարների լցվածության վրա: Ամեն դեպքում, հաշվի առնելով ոռոգվող տարածքների մեր ունեցած պլանները, կարող ենք ասել, որ ամենայն հավանականությամբ, եղած ջուրը կբավարարի, և Սևանին հավելյալ դիմելու անհրաժեշտություն չի լինի»,- ասաց նա։

Ջրային կոմիտեին չի գոհացնում Հայաստանի Արարատի մարզում կառուցվող Վեդու ջրամբարի շինարարական աշխատանքների տեմպը․ ջրամբարը նախատեսված է ավարտել 2021 թվականի առաջին կիսամյակում:

«Վեդու ջրամբարի շինարարությունն ընթանում է, սակայն ընթացքն այնքան էլ գոհացուցիչ չէ: Ջրային կոմիտեն և Տարածքային զարգացման հիմնադրամն ամենշաբաթյա դիտարկումներ են իրականացնում, փորձում ենք հասկանալ, թե արդյոք ժամանակի մեջ կտեղավորվե՞նք: Համավարակով պայմանավորված՝ փոքր­ինչ դժվարություններ եղան: Մի քանի աշխատողներ պետք է վերադառնային Իրանից: Դիմեցինք պարետին և կարողացանք ստանալ թույլտվություն, որպեսզի այդ աշխատակիցները կարողանան վերադառնալ»,- ասաց Կարեն Սարգսյանը:

Նա նշեց, որ բանակցութունների մեջ են, որպեսզի հնարավորություններ ստեղծվեն 2-3 հերթափոխով աշխատանքն իրականացնելու՝ ջրամբարը ժամանակին շահագործման հանձնելու համար: 2021 թվականի առաջին կիսամյակում արդեն պետք է աշխատանքներն ավարտված լինեն: Տարբեր գնահատականներով՝ աշխատանքը 75-80 տոկոսով արվել է:

Կապսի ջրամբարի մասին Կարեն Սարգսյանն ասաց, որ նախագիծն ուղարկվել է փորձաքննության, ամենայն հավանականությամբ շուտով կսկսեն նաև Կապսի ջրամբարի շինարարությունը: 

Ջրային կոմիտի նախագահը տեղեկացրեց, որ մշակել են օրվա կարգավորիչ ջրավազանների կառուցման ծրագիր: Այդ փոքր ջրավազանները կառուցելով՝ կնվազեցվի մեխանիկական ոռոգման մասնաբաժինը, ինքնահոս ջրամատակարարում կկազմակերպվի: Ջրավազաններում ջրերը հնարավոր կլինի գիշերը կուտակել, ցերեկը մատակարարել ջրօգտագործողներին, արդյունքում չի լինի հավելյալ էլեկտրաէներգիայի ծախս:

Մանրամասն՝ տեսանյութում․