Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կինոռեժիսոր Արամ Շահբազյանն այսօր մշակույթի նախարարության շենքի առջև անժամկետ հացադուլ էր սկսել: Yerkir.am-ի հետ զրույցում ռեժիսորը նշեց, որ պատճառն իր` արդեն ավելի քանի 10 տարի այդպես էլ ավարտին չհասցված «Չնչիկ» ֆիլմն է:
2010թ. ֆիլմը մտավ հետարտադրական փուլ. ֆիլմի մոնտաժը, դերասանների ձայնագրման աշխատանքները կատարվեցին, բայց հետարտադրական մյուս աշխատանքները ֆինանսական պատճառներով մնացին անավարտ: «Չնչիկ»-ն ավարտին հասցնելու խոստում տալիս էին մշակույթի նախկին նախարարները, բայց սայլը տեղից այդպես էլ չէր շարժվում:
«Մշակույթի նախկին նախարարը՝ Արմեն Ամիրյանը, ասել էր, որ այս տարի լինելու է ֆիլմի պրեմիերան, քանի որ նախորդ տարվա հանձնաժողովը որոշել էր, որ ֆիլմն այս տարի պետք է անպայմանորեն ավարտվի: Բայց Ամիրյանն ինձ ասաց, որ հրաժարական տալուց առաջ չի հասցրել ֆինանսավորման տրամադրման վերջնական փաստաթուղթը ստորագրել: Ու հիմա հերիք չէ՝ այս տարի ֆինանսավորումը չի տրամադրվել, Հայաստանի ազգային կինոկենտրոնն էլ «Չնչիկ»-ը նորից դրել է ֆինանսավորման ենթակա ֆիլմերի փաթեթում, և ինձնից ֆիլմի ավարտման համար նախատեսված փաստաթղթեր են ուզում»,- ասաց կինոռեժիսորը:
Շահբազյանի խոսքով՝ ֆիլմն ավարտին հասցնելու համար պակասում է 18 միլիոն դրամ, և գումարը տրամադրելու դեպքում ֆիլմն այս տարի ավարտին կհասցվի: Ֆիլմը հետարտադրական փուլում է մնացել` առկախված: «Քանի որ ֆիլմը նորից մնաց օդում կախված, ես էլ մշակույթի նախարարության դիմաց հացադուլ սկսեցի: Այն շատ կարճ տևեց՝ երևի մեկ ժամ: Հետո ինձ կանչեցին նախարարի հետ զրույցի, ներկա էին նաև փոխնախարարները: Երկար քննարկում եղավ, ներկայացրի իրավիճակը ու հարցրեցի, թե ինչու է «Չնչիկը» նորից հայտնվել ֆինանսավորման ենթական ֆիլմերի ցանկում: Նախարարն ասաց, որ հենց այս պահից էլ գործընթաց է սկսում` նախ պարզաբանելու, թե ինչ է կատարվում, ինչու են այսքան ժամանակ ձգձգվել ֆիլմն ավարտին հասցնելու աշխատանքները, ապա` հետագա քայլերը որոշելու»,- ասաց Շահբազյանը:
Կինոռեժիսորն, այնուամենայնիվ, հույս ունի, որ ֆիլմի հետ կապված պատմությունները ջրի երես դուրս կգան, իսկ ֆիլմն այս տարի, ի վերջո, ավարտին կհասցնի:
«Չնչիկ»-ը ֆիլմի պատմությունը ձգվում է մինչև 2004 թվականը. հենց այդ ժամանակ է պատրաստ եղել սցենարը, 2007-ին այն տրվել է արտադրության, նկարահանումներն ավարտվել են 2009-ի դեկտեմբերին: 2010-ին կինոժապավենը հանձնվել է Մոսկվայի «Саламандра» լաբորատորիա: Այդ ժամանակ գումար չկար, որպեզի ֆիլմը սքան արվեր, և այն մնաց լաբորատորիայում: Հետո պարզ է դարձել, որ լաբորատորիան փակվել է, իսկ տնօրինությունը պնդում էր, թե լաբորատորիան փակելուց առաջ նամակ են ուղարկել ֆիլմի պրոդյուսերներից մեկին, սակայն նրանք որևէ նամակ չէին ստացել: Ինչևէ, ժապավենը տեղափոխել էին այլ արխիվ՝ ՌԴ-ի պետական կինոֆոնդ: Ռեժիսորի արձագանքն ու ֆիլմի անհետացման վտանգը պատճառ դարձավ, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը միջոցներ ձեռնարկի՝ ֆիլմը թվայնացնելու և Հայաստան բերելու համար: Ժապավեններն այժմ Հայաստանում են, սակայն ֆիլմի նկարահանման, այսինքն՝ ավարտման աշխատանքներն այդպես էլ «գլուխ չեն գալիս»:
Ֆիլմն, ի դեպ, չորս երկրի համարտադրություն է՝ Շվեյցարիա, Գերմանիա, Հոլանդիա, Հայաստան: Արտադրող ընկերությունը «Արմնա» ՍՊԸ-ն է:
Ֆիլմի հիմքում իրական դեպք է, որը պատահել է Հայաստանի գյուղերից մեկում: Երիտասարդ աղջկա հայրը սպանել էր իր դստերը, որը համարձակվել էր առանց օրինական ամուսնանալու հղիանալ: Վախենալով, որ իր ընտանիքը կարող է ավանդույթներով ապրող համագյուղացիների մոտ ծիծաղի արժանանալ, ընտանիքի հայրը գերադասել էր առանց ավելորդ աղմուկի «ջնջել» իր դստեր հետքը: Ինչպես ասում են` չկա պրոբլեմը կրողը, ուրեմն չկա նաև պրոբլեմը: