կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-25 18:04
Հասարակություն

Մենք Հ.Մ.Ը.Մ. ենք ստեղծել ոչ թե մեզ, այլ հայ ժողովրդի համար. Հրանտ Մարգարյան

Մենք Հ.Մ.Ը.Մ. ենք ստեղծել ոչ թե մեզ, այլ հայ ժողովրդի համար. Հրանտ Մարգարյան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը երեկ ներկա է եղել Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառմանը, որից հետո հյուրընկալվել է Հ.Մ.Ը.Մ.-ի 100-ամյակին նվիրված ճաշկերույթին:

Օրվա առիթով նա իր սրտի խոսքն է ասել ներկաներին:

«Երբ փոքր-ինչ հայտնի մարդկանց զավակները մեծանում են, փորձում են ծնողներից անջատվել: Փորձում են չհիշել, որ Հրանտի տղաներն են, ուզում են ինքնուրույն լինել, ուզում են իրենք իրենցով ներկայանալ, ինչը շատ բնական է: Եվ դա ծնողի տեսանկյունից լավ է, ասում ես` ինքնավստահ է, ինքն իրենով է և ինձանով չէ, որ փորձում է ասպարեզ ու շրջապատ ստեղծել: Հիմա` Հ.Մ.Ը.Մ.-ն մեր տղան է: Այսօր ես չլսեցի` Դաշնակցությունը, որովհետև Հ.Մ.Ը.Մ.-ն ինքնուրույն է, որովհետև արդեն ինքնակազմակերպված է, որովհետև արդեն իր ոտքի վրա կանգնած է և գնահատում է իր ծնողներին: Ես ուրախ եմ, որովհետև մենք Հ.Մ.Ը.Մ. ենք ստեղծել ոչ թե մեզ, այլ հայ ժողովրդի համար: Դա արդարացված է: Եվ նույնիսկ մի օր, չցանկանանք լսել, եթե Դաշնակցություն չլինի, Դաշնակցության գործն արդարացված է` Հ.Մ.Ը.Մ., Համազգային և ՀՕՄ ստեղծելով: Ես ուզում եմ մի բան ասել` Հ.Մ.Ը.Մ.-ն մեր ամենամեծ հայկական հասարակական կազմակերպությունն է` ինքնաղեկավարվող և ինքնակազմակերպվող: Եվ նույնիսկ 105 հազար անդամ չունի, միևնույն է, մեր պատմության մեջ ամենամեծ հասարակական կազմակերպությունը Հ.Մ.Ը.Մ.-ն է:

Ինքնաֆինանսավորվող Հ.Մ.Ը.Մ.-ի «տերը» հայ ժողովուրդն է, մեր ժողովրդի կարող մարդիկ են ֆինանսավորում Հ.Մ.Ը.Մ.-ն, և դրա համար էլ Հ.Մ.Ը.Մ.-ն ինքնուրույն է, անկախ է, ազգային է, մերն է: Դա շատ կարևոր է, նամանավանդ` 21-րդ դարում: Նյութական անկախությունը անկախության գրավականն է: Հ.Մ.Ը.Մ-ն ունի իր սեփական ազգային արժեքների հավատքը: Ես այսօր լսում եմ` Հ.Մ.Ը.Մ, առանց «Դաշնակցություն» բառի, լսում եմ հիմնը, խոսքերը, Հայրենիքի հանդեպ մեծ երազանքը, այդ արժեհամակարգը մարդիկային է, ինչն էլ Հ.Մ.Ը.Մ-ն արժևորել է: Այս արժեհամակարգով է, որ Հ.Մ.Ը.Մ-ն տարբերվում է մյուս` շատ այլ հասարակական կազմակերպություններից: Սա հարստություն է, Հ.Մ.Ը.Մ.-ն մեր ժողովրդի հարստությունն է: Հ.Մ.Ը.Մ.-ն համահայկական կառույց է. Քուվեյթի երեխաներին ես տեսնում, Կիպրոսի երեխաներին ես տեսնում, և, հավանաբար, եթե չլիներ Հ.Մ.Ը.Մ.-ն, նրանց հայկական աշխարհը կսահմանափակվեր Կիպրոսի կամ Քուվեյթի համայնքի հայկական թվով, բայց քանի որ նրանք Հ.Մ.Ը.Մ.-ի անդամ են, նրանց պատկերացումը հայկական իրականությունից շատ ավելի մեծ է: Մենք այս կազմակերպության մեջ ընդունել ենք ամեն մի հայի, և նրանց բերելով Հայաստան` մենք ասում ենք` դու Կիպրոսի հայկական համայնքի անդամը չես, դու հայ ժողովրդի Կիպրոսն ես: Հայ ժողովուրդն աշխարհով մեկ ներկայություն է, պետականություն է, և նրա ներկայությունը պատիվ է այս ժողովրդին: Սա մեծ արժեք է: Ամեն մեկ հայ պետք է իրեն զգա հայ ժողովրդի մաս, և հայ ժողովուրդն իր գաղութը չէ, հայ ժողովուրդը համահայկական իրականություն է: Սա է, որ Հ.Մ.Ը.Մ.-ն տալիս է ամեն հայի: Եվ սա արժեք է, որ մարդիկ հավաքվում են Բյուրականում և զգում` իրենք որքան մեծ են, և երբեք չեն հոգնում Կիպրոսին, Հալեպին կամ հայկական որևէ գաղութին մաս կազմելուց: Աստված տա` Հ.Մ.Ը.Մ.-ի ճանապարհը կարմիր լինի, հաջող լինի, Աստված տա` Հ.Մ.Ը.Մ.-ն «ծնողից» երկար ապրի»: