Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի մեկնարկից հետո, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ ՀՅԴ-ն, իհարկե, կողմ է սահմանադրական փոփոխություններին: Ըստ նրա` այսօր պատմական առիթ կա` երկիրը դնելու ճիշտ ուղու վրա, և ափսոս է, որ կորցնենք այդ առիթը:
«Նրանք, ովքեր ցավում են Հայաստանի համար, չեն կարող կողմնակից չլինել սահմանադրական փոփոխություններին: Փոփոխությունների վերաբերյալ մենք մեր պատկերացումներն ունենք, որի համար պայքարելու ենք»,- ասաց Հրանտ Մարգարյանը եւ հույս հայտնեց, որ Դաշնակցությունը կկարողանա իշխանություններին պարտադրել այդ փոփոխությունները:
Դիտարկմանը, թե սահմանադրական փոփոխություններով իշխանությունները նպատակ ունեն վերարտադրվելու, Հրանտ Մարգարյանը նշեց, որ ամբողջ զավեշտն այն է, որ իշխանությունները վերարտադրվել են հենց գործող Սահմանադրությամբ: «Այս գործող Սահմանադրությամբ չե՞ն վերարտադրվել, ուրեմն ինչպե՞ս կարելի է ասել` Սահմանադրությունը փոխում են, որ վերարտադրվեն: Հակառակը` Սահմանադրությունը փոխելով` կանխվելու է իշխանության վերարտադրությունը, որևէ մեկն այս երկրի մեջ չպետք է կարողանա ստեղծել անձի իշխանություն: Միայն համակարգային փոփոխությունը կարող է մեր երկրում իրական ժողովրդավարություն բերել»,- ասաց նա:
Լրագրողների խնդրանքով անդրադառնալով երեք ոչ իշխանական ուժերի դիրքորոշմանը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ` Մարգարյանն ընդգծեց, որ մի քանի տարի առաջ նրանք էլ էին համաձայն սահմանադրական փոփոխություններին, բայց այսօր ի՞նչ պատահեց: «Ասեմ` ինչ է պատահել՝ որոշները կարծում են, որ երկրում կարող են ստեղծել անձի իշխանություն, բայց այս երկիրը էլ չի կարող շալակել նման բան: Հավանական են համարում նախագահի ընտրությունների ժամանակ նախագահ դառնալ, Սերժը փոխարինվի մեկ ուրիշ Սերժով, բայց երկրում ոչինչ չի փոխվի: Երկրում պետք են համակարգային փոփոխություններ»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը: