Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանի հատուկ նշանակության օբյեկտները հայկական զինված ուժերի թիրախում են, և պաշտպանության բանակը կարող է ցանկացած պահի կաթվածահար անել հակառակորդի տնտեսությունը», «Մինգեչաուրի կաթվածահար լինելը վերջին ժամանակահատվածում... իհարկե, դա ընդհանուր առմամբ մտնում է մեր մարտավարական պլանների մեջ:
Սովորաբար ռազմարվեստը պահանջում է մարտական գործողություններ վերսկսելու դեպքում հարվածներ հասցնել ինչպես նման օբյեկտների, այնպես էլ ռազմական օբյեկտների... այնպիսի օբյեկտների (որոնց հարվածելը), որը վնաս կտա տնտեսությանը և չի թույլատրի, որպեսզի արդյունքում զինված ուժերը ապահովվեն համապատասխան միջոցներով: Եթե դրա անհրաժեշտությունը կլինի (դեռ դա ես չեմ տեսնում), միանշանակ որոշում ընդունելու ենք և վայրկյան անգամ չենք երկմտելու հարվածելու հարցում», «վերջին մեկ տարում ԼՂ ՊԲ-ում ևս լուրջ վերազինում է տեղի ունեցել, թարմացվել է ավտոպարկը, հրետանին, ժամանակակից ջերմային տեսահսկվող սարքերով կահավորվել են շփման գծի ողջ երկայնքով տեղակայված դիրքերը»,- սրանք մեջբերումներ են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության Նախարար Լևոն Մնացականյանի՝ երեկ Ստեփանակերտում հրավիրված մամուլի ասուլիսից, որին մասնակցել են նաև տասնյակ լրագրողներ Հայաստանից:
Լևոն Մնացականյանը, գնահատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը, ասել է, որ այն հիմա անհամեմատ ավելի հանգիստ է, քան նախկինում: Բայց տարբեր հարցերին պատասխանելիս Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարը տարբեր ձևակերպումներով մի քանի անգամ շեշտել է, որ անհրաժեշտության դեպքում հակառակորդը կստանա հարվածներ, և կրկին անհրաժեշտության դեպքում Ադրբեջանի ուղղությամբ կարող են կիրառվել ոչ միայն պաշտպանողական, այլ նաև հարձակողական գործողություններ:
Այս հայտարարությունները հաջորդում են Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ երեկ ռուսական մամուլին տված հարցազրույցին, որտեղ կրկին կարմիր թելով անցնում էր անհրաժեշտության դեպքում Ադրբեջանին ինչպես հարձակողական, այնպես էլ պաշտպանողական գործողություններով համարժեք պատասխան տալու հայկական կողմի կարողության մասին թեզը:
Ընդհանուր առմամբ, հայկական երկու պետությունների պաշտպանության նախարարների հռետորաբանության մեջ նկատվում են բավական էական փոփոխություններ: Իհարկե, նախկինում էլ հակառակորդին համարժեք պատասխան տալու մասին հայտարարություններ հնչել են, սակայն այսօր դրանք հնչում են շատ ավելի համակարգված ձևով և կարծես վկայում են ոչ թե իրավիճակին ըստ անհրաժեշտության արձագանքելու, այլ պաշտպանական ու անվտանգային նոր հայեցակարգի մասին, որի հիմքում ընկած է հայկական կողմի դիրքերի կոշտացումը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: