կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-07 18:54
Քաղաքական

Հայկական երկու պետությունների միջև դաշինքն իրականում կա, պարզապես դրան պետք է իրավական հիմնավորում տալ. Ռիտա Մնացականյան

Հայկական երկու պետությունների միջև դաշինքն իրականում կա, պարզապես դրան պետք է իրավական հիմնավորում տալ. Ռիտա Մնացականյան

Արցախի Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ռիտա Մնացականյանից Yerkir.am-ը հետաքրքրվեց` ի՞նչ է տալու Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքը հայկական երկու պետություններին:

Նա նախ ասաց, որ ցավով է արձանագրում, որ ստիպված ենք այդպիսի դաշինք կնքել, քանի որ չէր ցանկանա, որ լինեին Հայաստանի ու Արցախի առանձին հանրապետություններ: «Կուզեի լիներ մեկ միասնական Հայաստան, ու այսպիսի դաշինքի անհրաժեշտությունը չլիներ: Բայց, ինչպես ասում են, իրականությունը դաժան է: Հայկական երկու պետությունների միջև դաշինքն իրականության մեջ կա, դրան ուղղակի պետք է իրավական հիմնավորում տալ»,- ասաց պատգամավորը:

Նա ասաց նաև, որ շատ ուրախ էր, որ բոլոր քաղաքական ուժերը, որ գուցե տարբեր դիրքորոշումներ ունեն տարբեր հարցերի շուրջ, Արցախի հարցում միասնական են: «Գուցե ինչ-որ տեղ ճիշտ չեն արտահայտվում, հաճախ կուսակցական շահերը բախվում են իրար, բայց Արցախի հարցում եղել են միասնական թե ՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանության ներկայացուցիչները: Կարծում եմ` այդ դաշինքը պետք է կնքվեր Արցախի Հանրապետության ստեղծման պահից: Կարծում եմ` քաղաքական իրադարձությունները խանգարեցին, որ անմիջապես ապրիլյան պատերազմից հետո այն կնքվեր»,- նշեց արցախցի պատգամավորը` ավելացնելով, որ պայմանագիրը կլինի հզոր փաստաթուղթ Հայաստանի Հանրապետության ձեռքին, որ միջազգային հարթակներից իրավունք ունենա խոսելու ոչ միայն Հայաստանի անունից, այլ նաեւ` Արցախի: