կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-24 11:24
Առանց Կատեգորիա

Պատերազմի եւ պատերազմի միջեւ. նոր տարբերակ

Պատերազմի եւ պատերազմի միջեւ. նոր տարբերակ

                                                                                                                           Պաշտպանությամբ կարող ես չպարտվել, սակայն հաղթել կարող ես հարձակմամբ միայն

                                                                                                                                                                                                                                                          Սուն Ցզի

 

Ներածություն

 ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վերջերս հրապարակեց իր տեսլականը բանակի ապագայի վերաբերյալ: Մեր իրողության մեջ սա նոր երևույթ էր, երբ նախարարը հրապարակում է երկարաժամկետ ծրագիր` դոկտրինալ ուղղություններով: Փաստաթղթի ուսումնասիրությունից հստակ երևում է, որ այդքան կարճ տեքստի մեջ ներառված են զինված ուժերի զարգացման բոլոր հարցերն ու ուղղությունները: Տեքստում հստակ աչքի է ընկնում, որ չափորոշիչներն ու մոտեցումները առաջադեմ են ու մարդակենտրոն: Սա այն ամենակարևորն է, որ միշտ պակասել է մեր բանակին, որը ժառանգել է խորհրդային, ասիական մոդելը: Նախարարի ուղերձում հատկապես աչք է զարնում պարտականության, պարտքի և առաքելության գաղափարների տարբերության ներդրումը: Եթե դա, իրոք, ներդրվի մեր բանակում, եթե, իրոք, մեր սպան սովորի այդ գաղափարին և դա սովորեցնի նաև մեր զինծառայողին, զինվորին, ապա մենք կունենանք այլ բանակ:

Կան նաև այլ հետաքրքիր և կարևոր կետեր, սակայն  հատկապես ուշագրավ էր նախարարի այն գաղափարը, որով պետք է հեռու գնալ ստատիկ, մեռյալ պաշտպանությունից: Նախարարը օգտագործել է ճկուն պաշտպանությունը, որը ենթադրում է, որ բնագծերը կարող են փոխվել, որ ավելի քան քսան տարի նույն խրամատում նստած հայ զինվորը, պետք է առաջ գնալու մասին նաև մտածի: Այս տեսանկյունից սա չափազանց կարևոր է` մենք պետք է մտածենք նախ հարձակման մասին, առաջ գնալու մասին: Այսօր չափազանց կարևոր բաներ են փոխվել մեր հակամարտության մեջ: Այսօր կողմերն այնքան զենք ու զինամթերք են կուտակել, որ չափազանց կարևոր է դարձել առաջին հարվածի էֆեկտը: Ստացվում է այնպես, որ ով առաջինը հարվածի, կարող է հաղթել կամ մեծ հաշվով մեծ առավելություն ստանալ:

Ապրիլյան պատերազմից առաջ և հատկապես հետո Ադրբեջանը շարունակում է ավելացնել իր սպառազինությունն ու ռազմական տեխնիկան: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հարձակողական զինատեսակներին` հրետանային միջոցներ, հատկապես` հեռահար միջոցներ, ինքնագնաց հրետանի, հարվածային ԱԹՍ-ներ և այլն: Սույն թվականի հունիսի 11-ին Ադրբեջանը ցուցադրեց նոր` չին-բելառուսական «Պոլոնեզ» ռեակտիվ համազարկի կայանքը և իսրայելական «ԼՈՌԱ»  օպերատիվ մարտավարական հրթիռները: Այս միջոցներով, որոնց պետք է գումարել նաև «Սմերչ»-ների մեծ քանակը և «Քասիրգա»-ների որոշակի քանակը, Ադրբեջանը սպառազինությունների մրցավազքում ստանում է նոր առավելություն: Սա ուղղակի սիմետրիկ և ուղիղ մրցավազք է, որը դժվար չէր կանխատեսելը: Վերջերս տեղեկություններ եղան այն մասին, որ Ադրբեջանը ձեռք է բերում ռուսական հարձակողական նոր տեսակի զրահատեխնիկա` «БМПТ  Терминатор-2», որը կարող է լրացնել ադրբեջանական հարձակողական հզոր զրահախմբերին:

Բոլոր այս միջոցները զուտ հարձակողական են, ավելին` դրանք նախատեսված են կոնկրետ պաշտպանական բնագծերը ճեղքելու համար: Ապրիլից հետո Ադրբեջանը ընտրել է մեր պաշտպանության գոտին զրահատեխնիկայով և խիտ հրետանահրանետային կրակով ճեղքելու մոդելը: Հենց այդ սցենարներով էլ կատարվում են զորավարժությունները, ընդ որում` դա կարող է լինել ճեղքում միաժամանակ մի քանի տեղամասերում, կարող է դասական մեկ` գլխավոր հարվածի ուղղություն չլինել: Մի քանի ուղղություններում հրետանահրանետային խիտ կրակի տակ, խիտ զրահամիջոցներով ճեղքման փորձերին զուգահեռ` ադրբեջանական ԶՈւ-ն կարող է փորձել կիրառել նաև մարտավարական օդային դեսանտ:

Պատմության մեջ քիչ են այն դեպքերը, երբ հակամարտության երկու կողմերը ռազմականացման այնպիսի մակարդակի են հասել, երբ առաջին հարվածը դառնում է միակ լուծումը: Մենք հստակորեն մոտենում ենք այնպիսի վտանգավոր մի սահմանի, երբ կողմերից որն առաջինը կարողանա հասցնել անակնկալ ու մասսայական հարված, դիմացինին կարող է պատճառել կործանարար կորուստներ: Մենք երբեք չենք կարող նրանցից ավելի շատ հրթիռներ ունենալ, այն դեպքում երբ նրանց ռազմավարական նշանակետերի քանակը մեզանից շատ է լինելու: Այսինքն` մենք ավելի քիչ հրթիռներով ավելի շատ ադրբեջանական թիրախների պետք է հարվածենք, իսկ նրանք ավելի շատ հրթիռներով` մեր ավելի քիչ թիրախներին, ինչը նշանակում է, որ այս ճանապարհը, ըստ էության, ձեռնտու է Ադրբեջանին:

Այս իրավիճակում իրավաչափ հարց է առաջանում` հայկական զինված ուժերը շարունակեն պաշտպանվե՞լ` զուգահեռ իրականացնելով սպառազինման նոր նախագծեր, թե՞ պետք է փորձեն գտնել այլ` ասիմետրիկ լուծումներ:

 

Խնդրի էությունը

Ռազմական գիտությունը մշտապես պայքարի մեջ է պատերազմելու երկու ձևերի` հարձակո՞ւմ, թե՞ պաշտպանություն, նախընտրության հարցում: Ռազմական գիտության դասականները կասեն, որ սրանք մշտապես իրար հետ փոխկապակցված են, և չկա մեկի առավելությունը մյուսի նկատմամբ, որ առանց մեկի մյուսը չի լինում, որ միայն հարձակմամբ անգամ հաղթել չի կարելի, իսկ միայն պաշտպանությամբ` առավել ևս: Եվ բոլորն էլ իրավացի են այստեղ: Սակայն ամեն ինչ ավելի շատ որոշում է հենց իրավիճակը, ռազմավարական ու օպերատիվ իրավիճակը, անգամ` մարտավարական իրավիճակը կոնկրետ գործողությունների ժամանակ:

Պատերազմների պատմությունը ապացուցել է, որ ռազմի գործը զարգացրել են հարձակվողները, առաջին քայլը կամ, որ ավելի ճիշտ է ասելը, նախաձեռնությունը միշտ նրանց ձեռքում է: Նրանք են որոշում հարձակվել, նոր մեթոդներ են մշակում ու հաղթում, իսկ պաշտպանությունը նրա համար է, որ կես քայլ ուշացած միշտ փորձի նոր ելքեր ու լուծումներ գտնելի հարձակման դեմ: Հարձակվողը միշտ մի քայլ առաջ է, և պաշտպանվողը երբեք չի կարող, զուտ դիմադրելով, հաղթել: Դարերով եղել է պատերազմելու երկու մոդել` ՋԱԽՋԱԽՈՒՄ կամ ՀՅՈՒԾՈՒՄ: Այլ լուծումներ դեռ մարդկությանը հայտնի չեն: Իհարկե, ամեն ինչ որոշել է ռազմավարությունը, կամ, պարզ ասած, ռեսուրսներն ու դրանց օգտագործման հմտության արվեստը: Եթե ինչ-որ մեկն ունի անսահմանափակ կամ դիմացինից անգամներ մեծ ռեսուրսներ ու հատկապես նաև դրանք օգտագործելու լավ ավանդույթներ, ապա այդ կողմը ավելի հավանական է, որ կընտրի հյուծման ռազմավարությունը: Ռեսուրսներ ունեցողը, անգամ` ոչ լավ կառավարման մշակույթի դեպքում, կնախընտրի այս ճանապարհը, քանի որ այլ ելք ուղղակի չի ունենա: Եթե մյուսն ունի ավելի սակավ ռեսուրսներ, ապա կամա, թե ակամա կնախընտրի ջախջախման մոդելը, որն այլ կերպ ռազմական գործում անվանում էին մեկ, գլխավոր ճակատամարտի պատերազմ: Իհարկե, հենց մեկ ճակատամարտով պատերազմները անցյալում են, սակայն մոտեցումն այնքան էլ չի փոխվել:

Ջախջախումը ավելի սակավաթիվների, սակայն ավելի պատրաստվածների ճանապարհն է: Ժամանակի ընթացքում կյանքը սուղ միջոցներ ունեցողներին եթե չի կործանում, ապա սովորեցնում է լինել ավելի հաշվենկատ, ավելի որակյալ, ավելի պատրաստակամ: Բազում պատմական օրինակներից զատ` այս օրինաչափությունը մենք տեսել ենք նաև Արցախյան պատերազմում: Ջախջախման մոդելի կրողները ունեն ավելի կոմպակտ ստորաբաժանումներ ու զորամիավորումներ, ավելի արագաշարժ զորքեր, ավելի ճկուն կառավարման համակարգ և այլն: Հենց այս պատրաստակամներն էլ, որպես կանոն, զարգացնում են գիտությունը, այդ թվում` նաև ռազմական գիտությունը: Հենց նրանք էլ լինում են հարձակման ու նվաճումների անգերազանցելիները:

Եթե հին աշխարհից ու միջնադարից շատ օրինակներ չբերեմ, բավական է միայն նշել մի քանի օրինակ` Մակեդոնացի, Հաննիբալ, Նապոլեոն և այլն: Նրանք վարում էին բացառապես հարձակողական պատերազմներ: Իհարկե, հակադարձողները կասեն, որ Հռոմը, մոնղոլներն ու արաբներն էլ են եղել հարձակվողներ, սակայն` մեծ միջոցներով, բայց հարցն այստեղ ժամանակն է: Վերջիններս իրենց նվաճումներն արել են տասնյակ ու անգամ հարյուր տարիներով, իսկ առաջինները մեկ տասնամյակից էլ քիչ ժամանակում:

Նապոլեոնյան դարաշրջանից հետո ռազմական ասպարեզ իջած գերմանական ռազմական համակարգը ուղղակի որակյալ սակավաքանակության լավագույն դրսևորումների ոսկե օրինակ է: Այն, ըստ էության, իրեն հավասարը չուներ փոքր քանակով ու արագության մեջ: Երկու համաշխարհայիններում գերմանական ռազմական մեքենան տապալվեց միայն 6-8 անգամ գերազանցող ուժերի հյուծման կռվում: Այնպիսի կռվում, երբ նրան ստիպեցին երկարաժամկետ մտնել խրամատ: Խրամատը փոքր, շարժունակ ու արհեստավարժ բանակների համար դառնում է գերեզման:

20-րդ դարի ընթացքում, ռազմական ավանդույթների առումով, գերմանական օրինակը ունեցավ հիանալի կրկնություններ` հատկապես` ճապոնական և իսրայելական բանակների օրինակով: Երկու դեպքում էլ սակավ ռեսուրսներով երկրներն ուղղակի անհաղթահարելի են իրենց հարևան, մրցակիցների համար, որոնք ունեն ավելի մեծ ռեսուրսներ: Երկու դեպքում էլ նրանք անհասանելի էին մրցակիցների համար, քանի դեռ գործում էին արագագործ հարձակման մեջ: Հենց մտան խրամատ, մի դեպքում եղավ պարտություն, մյուս դեպքում պարտությունից հնարավոր եղավ խուսափել` կրկին անցնելով շարժունակ գործողությունների:

Դժվար չէ նկատել, թե մեր դեպքում, ով է ավելի սուղ միջոցներովը, ով է ավելի մեծ միջոցների տիրապետում, և ով է ավելի շատ որակին անդրադառնում: Մեզ համար ևս կենսական է որակապես մշտապես լինել մի քանի քայլ առաջ:

 

Պատմական օրինակները

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհում տեղի ունեցած պատերազմներում գրեթե միշտ ավելի սակավ, սակայն ավելի կոմպակտ, ավելի արհեստավարժ ու ավելի կազմակերպված բանակները գրեթե միշտ հաղթանակ են տարել դասական կամ, այլ կերպ ասած, կոնվենցիոնալ պատերազմներում: Լավագույն օրինակները չին-վիետնական, արաբա-իսրայելական, ֆոլկլենդյան և իրաքյան պատերազմներն են: Սակայն ռազմարվեստի տեսանկյունից մեզ համար նշանակալի են հատկապես արաբա-իսրայելական պատերազմները: Այս պատերազմները ուսանելի են մեզ համար, քանի որ ընթացել են ուժերի անհավասար պայմաններում և ռազմավարական ու օպերատիվ իրավիճակներով շատ նման են մեր իրավիճակին: 1947-1949թթ. և 1956-1957թթ. պատերազմներում պարտություններից  հետո արաբական աշխարհը, հատկապես` Եգիպտոսն ու Սիրիան անթաքույց զինվում էին ու հայտարարում, որ մի օր ուղղակի աշխարհի երեսից ջնջելու են Իսրայելը: Սպառազինվում էին շնորհիվ ԽՍՀՄ-ի անսահման օգնության: 1967թ. դրությամբ այդ օգնության շնորհիվ ուժերի հարաբերակցությունը հասել էր 1:6-7` հօգուտ արաբների:

Իսրայելական բանակը, փաստորեն չսպասելով, որ ուժերի հարաբերակցությունը հասնի կրիտիկականի, նախահարձակ եղավ և անակնկալ գործողություններով կարողացավ չեզոքացնել վտանգը:

Մինչև պատերազմը իսրայելական բանակը փորձեց վերազինվել ժամանակակից զենքերով, սակայն դա չէր հաջողվել մինչև վերջ: Բանակում հաշվվում էր 275.000 մարդ, մոտավորապես 800 տանկ, 280 ինքնաթիռ, որոնցից միայն 90-ը կործանիչ էին (72-ը ժամանակակից կործանիչ էին, իսկ մնացածը` հիմնականում հին կործանիչների հիման վրա ձևափոխված ռմբակոծիչներ)[1], 26 մարտական նավ, սակայն այդ ուժերը 3-4 անգամ զիջում էին եգիպտական ուժերին: Եգիպտոսն ու Սիրիան ամեն կերպ զինվում էին ու հայտա­րարում, որ սա ուղղված է Իսրայելի դեմ, և իրենք պարտության են մատնելու հրեական պետությանը:

Իսրայելը նախատեսում էր օդուժի, զրահատանկային ու մեքենայացված զորքերի մի քանի զանգվա­ծային հարվածներով 3-4 օրում վճռական արդյունքների հասնել: Հունիսի 5-ին` Իսրայելի ժամանակով ժամը 07:45-ին, հնչեցին քաղաքացիական պաշտպանության ահա­զանգերը, Իսրայելի օդուժն սկսեց «Ֆոկուս» գործողությունը:

Եգիպտական ուժերը Սինայում բաղկացած էին  7 դիվիզիայից` 4 տանկային, 2 հետևակային և 1 մո­տոհետևակային: Ընդհանուր` Եգիպտոսը Սինայում ուներ մոտավորապես 100.000 զորք և 900-950 տանկ` թիկունքից պաշտպանված 1100 տանկով և այլ զրահամիջոցներով ու 1000 հրետանային միջոցներով[2]: Սա, խորհրդային օպերատիվ արվեստի կանոններով, երկշարակազմ դասավորություն էր, որտեղ մեքենայացված զրահապատ միավորումները մարտավարական խորության վրա ապա­հովում էին դինամիկ պաշտպանություն և հակագրոհելու հնարավորություն, մինչդեռ հետևակային ստո­րա­բաժանումները մասնակցում էին պաշտպանական առաջին շերտի մարտերին:

Իսրայելի զորքերը, որոնք կենտրոնացած էին Եգիպտոսի հետ սահմանին, ընդգրկում էին 6 տան­կային խմբավորում, 1 հետևակային խումբ, 1 մոտոհետևակային միավորում, 3 պարաշյուտիստ-դեսան­տա­յինների խումբ: Այս խմբերը հավասար էին բրիգադների, ընդհանուր առմամբ` 70.000 զինծառայող և 700 տանկ, որոնք ընդգրկված էին 3 դիվիզիայում: Պատերազմի նախորդ գիշերը նրանք ծածուկ կուտակվել էին սահմանին` քողարկելով իրենց և պահպանելով ռադիոլռություն:

Ռազմագործողության մտահղացումն էր` անակնկալի բերելով եգիպտական ուժերին և´ ժամանակի (հարձակումը ճշտորեն պետք է համապատասխաներ Իսրայելի օդուժի հարձակմանը եգիպտական օդա­նա­­վակայանների վրա), և´ տեղանքի (հարձակվելով Սինայի հյուսիսային և կենտրոնական ուղեգծերով` հա­կառակ Եգիպտոսի` 1956թ. պատերազմի կրկնության ակնկալիքների, երբ Իսրայելի պաշտպանական ուժե­րը հարձակվել էին կենտրոնական և հարավային ուղղություններով), և´ մեթոդի (օգտագործելով համակցված ուժերի թևային ու շրջանցող հարվածները) առումներով` զարգացնել շեշտակի հարձակում դեպի Սինայի խորքը:

Ամենահյուսիսային իսրայելական ստորաբաժանումը, որը բաղկացած էր 3 խմբավորումից և ղեկա­վարվում էր Իսրայելի ամենանշանավոր հրամանատարներից մեկի` գեներալ-մայոր Իսրայել Թալի կող­մից, հատեց սահմանը երկու կետից`  հակադիր Նահալ Օզին և Խան Յունիսից հարավ: Նրանք սրընթաց  առաջացան` չդադարեցնելով կրակը` նպատակ ունենալով առավելագույնս օգտվել անակնկալ հարվածի արդ­յունքից: Թալի զորքերը գրոհեցին «Ռաֆահ Գեփը»` յոթ մղոնանոց տարածություն, որն ընդգրկում է երեք երթուղիներից ամենակարճը` Սինայի միջով դեպի Էլ Քանթարահ, Էլ Շարքիյյա և Սուեզի ջրանցք: Եգիպտացիները տարածքում ունեին 4 գնդերին հավասար ստորաբաժանում` պաշտպանված ականադաշ­տե­րով, գետնատնակներով, ստորգետնյա բունկերներով, թաքնված զենքերի կրակակետերով և խրամատ­ներով: Երթուղու երկու կողմերի տարածությունները անանցանելի էին: Իսրայելի ծրագիրն էր հարվածել եգիպտացիներին  կենտրոնացված զրահատեխնիկայով ընտրված վայրերում[3]:

Թալի առաջխաղացումը ղեկավարվում էր գնդապետ Շմուել Գոնենի ենթակայության տակ գտնվող  7-րդ խառը զրահախումբը: Այս խմբի համար Իսրայելի նախատեսած ծրագիրն էր հյուսիսից խորա­մանկելով ներխուժել Խան Յունիս: 60-րդ զրահավոր խմբավորումը, գնդապետ Մենաչեմ Ավիրամի ղեկա­վարությամբ, պետք է ներխուժեր հարավից: Երկու խմբավորումները պետք է միանային և շրջապատեին Խան Յունիսը, մինչդեռ պարաշյուտիստները պետք է գրավեին Ռաֆահ Գոնեն` բեկումնալից գրոհը վստա­հելով խմբավորման` ընդամենը մեկ գումարտակի[4]:

Ի սկզբանե առաջխաղացումը հանդիպեց չնչին դիմադրության, քանզի եգիպտական հրամանատա­րու­թյունը եզրակացրել էր, թե դա գլխավոր հարձակման համար նախատեսված դիվերսիա էր: Ինչևէ, երբ Գոնենի ղեկավարած գումարտակն առաջացավ, անսպասելիորեն հայտնվեց ուժգին կրակի տակ և ծանր կորուստներ կրեց: Կռվում ներգրավվեց նաև երկրորդ գումարտակը, որը, սակայն, նույնպես ճնշվեց: Իսկ այդ ժամանակ 60-րդ խմբավորումը թաղվեց ավազներում, նույն ժամանակ պարաշյուտիստները խնդիրներ ունեցան ավա­զա­թմբերի միջև կողմնորոշվելու հարցում: Իսրայելցիները շարունակեցին հարձակումը և, չնայած ծանր կորուստներին, մաքրեցին եգիպտական դիրքերն ու հասան Խան Յունիսի երկաթուղու հանգույց ավելի քիչ, քան չորս ժամում[5]:

Այնուհետև Գոնենի խմբավորումը զույգ շարասյուներով առաջացավ ինը մղոն դեպի Ռաֆահ: Հենց Ռա­ֆահը շրջանցվեց, և իսրայելցիները գրոհեցին ութ մղոն դեպի հարավ-արևմուտք գտնվող Շեյխ Զուվեյ­դը, որը պաշտպանվում էր երկու խմբավորման կողմից: Թեև եգիպտացիները զիջում էին քանակով և սպառազինությամբ, նրանք խրամատավորվեցին և քողարկվեցին: Իսրայելցիները հետ շպրտվե­ցին եգիտական կատաղի դիմադրությունից և  ստիպված եղան օդային ու հրետանային օգնություն կանչել, որպեսզի հնարավոր դարձնեն իրենց առաջատար տարրերի շարժը: Շատ եգիպտացիներ լքեցին իրենց դիրքերը այն բանից հետո, երբ նրանց հրամանատարները և անձնակազմից ևս մի քանիսը զոհվեցին:

Իսրայելցիները ճեղքեցին դիմադրությունը տանկերի գրոհների միջոցով: Մթնշաղին իսրայելցիներն արդեն վերջնականապես կոտրել էին դիմադրությունը: Իսրայելի ուժերը նշանակալի կորուստներ ունեցան, որոնց մասին գնդապետ Շ. Գոնեն հետագայում լրագրողներին հայտնել էր. «Մենք շատ վառված տանկեր և մահացած զինվորներ թողեցինք Ռաֆահում»: Եգիպտացիներն ունեցան մոտավորապես 2.000 զոհ և կորց­րին 40 տանկ:

Իսրայելական ուժերը բաց ճանապարհով շարունակեցին առաջխաղացումը դեպի Արիշ: Արդեն ուշ երեկոյան 79-րդ տանկային գումարտակի ուժերն անցան Ջիրադի կիրճով` յոթ մղոն երկարությամբ, որը պաշտպանվում էր եգիպտական 112-րդ հետևակային գումարտակի` լավ տեղակայված զորքերի կողմից: Եգիպտացիներն ունեցան շատ զոհեր և ծանր տանկային կորուստներ, մինչդեռ Իսրայելը` ավելի քիչ կո­րուստներ: Իսրայելական բանակն սկսում էր ավելի արհեստվարժ ու գրագետ հաջողություններ ունենալ: Հաս­նելով արևմտյան եզրին` իսրայելական ուժերն առաջացան դեպի Արիշի ծայրամասերը, որտեղ էլ Թա­լի ստորաբաժանումն ամրապնդեց իր դիրքերը Ռաֆահում և Խան Յունիսում:

Հաջորդ օրը Արիշի ծայրամասերում տեղակայված Իսրայելի ուժերը փոխարինվեցին 7-րդ խմբավոր­մամբ, որն իր ճամփան հարթեց Ջիրադի արահետով: Օդային ճանապարհով օգնություն ստանալուց հետո իսրայելցիները մտան քաղաք և գրավեցին  օդանավակայանը:  Եգիպտացիները կրակում էին տանիքներից, պատշգամբներից ու պատուհաներից[6]: Գոնեն Արիշ ուղարկեց օգնական միավորումներ, և քաղաքը վերջնականապես գրավվեց: 

Գեներալ-մայոր Արիել Շարոնի գլխավորած 38-րդ տանկային դիվիզիան հարավում հարձակվեց Ում-Կատեֆի վրա, որը գեներալ-մայոր Սաադի Նագիբի ենթակայության տակ գտնվող 16.000-անոց զորքի` եգիպ­տական երկրորդ հետևակային դիվիզիայի կողմից պաշտպանվող, գրագետ ամրակայված տարածք էր: Եգիպտացիներն ունեին նաև կործանիչ տանկերի գումարտակ և տանկային գունդ, որն ընդգրկում էր 90 միավոր «T-34-85» տանկեր, 22 միավոր «СУ-100»  հակատանկային միջոցներ և մոտավորապես 16.000 զինծառայող: Իս­րայելցիներն ունեին մոտավորապես 14.000 զինծառայող և 150 տանկ, ներառյալ`  «AMX- 13», «Centurions» և «M50» «Super Sherman» (նորացված «M-4»  «Sherman տանկեր»):

Հաջորդող երկու օրերին (հունիսի 6 և 7) բոլոր երեք իսրայելական դիվիզիաները (Շարոնը և Թալը  ամ­րապնդվեցին զրահավոր խմբավորմամբ) շտապեցին արևմուտք: Շարոնի դիվիզիան օդային աջակցու­թյամբ նախ շարժվեց դեպի հարավ, ապա դեպի արևմուտք` Ան Նախլով դեպի Միտլա Փասս: Նրա մի մասը այնտեղ միացավ Յոֆֆեի դիվիզիային, իսկ մյուս միավորումները փակեցին Գիդի կիրճը: Այս կիրճերը եգիպ­տացիների համար դարձան մահվան կիրճեր: Համաձայն եգիպտացի դիվանագետ Մահմուդ Ռիադի` միայն մեկ օրում սպանվել է 10.000 զինծառայող, իսկ շատերն էլ մահացել են սովից ու ծարավից:

Թալի միա­վորումները կանգ էին առել Սուեզի ջրանցքի երկայնքով ձգվող ճանապարհի տարբեր տեղերում: Իսրայելի արգելափակման գործողությունները մասամբ հաջողված էին: Միայն Գիդի կիրճը, մինչ եգիպտացիները կմոտենային դրան, արդեն գրավված էր, բայց մյուս վայրերում եգիպտացիներին հաջողվեց անցնել կիրճերի միջով և հատել ջրանցքը, որը նրանց համար փրկության գոտի էր դարձել: Եգիպտական նահանջի շտապողականության պատճառով զինվորները հաճախ թողնում էին զենքեր, ռազմական տեխնի­կա և հարյուրավոր տրանսպորտային միջոցներ: Շատ եգիպտացի զինվորներ, կտրված լինելով իրենց միա­վո­րումներից, ստիպված էին լինում սահմանափակ ուտելիքի և ջրի պաշարներով քայլել մոտավորապես 200 կմ` մինչև կհասնեին Սուեզի ջրանցքին:

Հունիսի 7-ին Իսրայելն սկսեց Շարմ Էլ Շեյխի գրավումը: Իսրայելական ծովուժն սկսեց գործողու­թյունը եգիպտական ծովուժի հետախուզմամբ: Երեք հրթիռային նավեր մոտավորապես 4:30-ին կրակ բա­ցեցին եգիպտական ափամերձ մարտկոցների վրա, մինչ պարաշյուտիստներն ու կոմանդոսները պատ­րաս­տում էին ուղղաթիռներն ու «Նորդ Նորատլաս» տրանսպորտային օդանավը Ալ Տուրի վրա հարձակման հա­մար: 

Քաղաքը մեծ մասամբ դատարկվել էր նախորդ օրը և շատ արագ գրավվեց: Պաշտպանության նա­խարար Դայան 12:15-ին հայտարարեց, որ Տիրանի նեղուցը` որպես միջազգային ծովային ուղի, բաց է անխտիր  բոլոր նավերի համար[7]

Հունիսի 8-ին Իսրայելը, հետևակային միավորումներ ուղարկելով Ռաս Սուդար թերակղզու արևմտյան ափ, ավարտեց Սինայի գրավումը:

Իսրայելական բանակի հաջողության գրավականը անակնկալ հարձակման մեջ էր: Իսրայելական բա­նակը, չնայած իր տեխնիկայի հին լինելուն և բազմազանությանը, լայնորեն կիրառում էր նորարարական մարտավարական հնարքներ: Սրան, իհարկե, պետք է գու­մարել իսրայելական բանակի համագործակցված, լավ կառավարվող կապը և դրանց թերացումը եգիպտա­կան զորքերում:

ՑԶ-ները լայնորեն կիրառեցին շրջանցումները, ուղղաթիռներով ճակատից ոչ մեծ հեռավորություն­նե­րի վրա դեսանտների իջեցումը, ինչպես նաև տանկային շարասյուներով այն տեղամասերում ճեղքումը, որոնք համարվում էին տանկերի համար անանցանելի և չէին զբաղեցված զորքերի կողմից: Տանկային զոր­քերը, ընդ որում` ավելի քիչ և հին ամերիկյան ու անգլիական տանկերով երեք-չորս շարասյուներով` մեկը ծովեզրով, երկուսը` Սինայի միջին մասով, որոնք համարվում էին անանցանելի տեղանք, իսկ մյուսը` ամուր պաշտպանության պատճառով, ճեղքումներ իրականացրին և հասան Սուեզի ջրանցք: Երեք օրում իս­րայելական ուժերը ճեղքեցին ու դուրս եկան եգիպտական զորքերի թիկունք և շրջապատեցին ԱՄՀ-ի զորքերի նահանջ սկսած խմբավորումներին:

Հորդանանի դեմ պատերազմն սկսվեց հունիսի 6-ի առավոտյան` օդուժի զանգ­վա­ծային հարվածնե­րով, իսկ միավորումները շարժվում էին հյուսիսից, արևմուտքից և հա­րա­վից դեպի Նաբլուս` հիմնական խմբավորումը մասնատելու և ջախջախելու համար: Հար­ձակումը կանգնեցնել չհաջողվեց, և երկրի հյուսիս-արևմուտքի զորքերը ջախջախվեցին արդեն հունիսի 7-ի երեկոյան:

Հունիսի 9-ին հարձակում սկսվեց դեպի Սիրիա` Դամասկոսի ուղղությամբ: Հունիսի 10-ին վեր­սկսված հարձակման արդյունքում իսրայելցիները խորացան մինչև 26 կմ՝ սահ­մանամերձ լեռների հետևում հասնելով սարահարթին, բայց այս բնագծում մարտերը շարունակվեցին մինչև հունիսի 13-ը:

Հունիսի 10-ին ԱԽ-ն սպառնաց սանկցիաներ կիրառել, ու դրանից հետո ռազմական գործողություն­­ները դադարեցվեցին:

Իսրայելը հրաժարվեց կատարել այս որոշումը և ձեռնամուխ եղավ օկուպացված տարածքների շա­հա­գործ­­մանը: Սկսվեցին ռազմական բնակավայրերի կառուցումներ Սի­նա­յում, Հորդանանի արևմտյան ափին և Գոլանի բարձունքներում:

Այս պատերազմը պատմության մեջ մտավ «Վեցօրյա պատերազմ»  անունով: Դրա ընթացքում իսրա­յե­լական զորքը գրավեց 70.000կմ2 տարածք` ավելի քան 1 մլն բնակչությամբ:

1967թ. օդային դասական պատերազմ տեղի ունեցավ: Իսրայելական ՀՕՊ զորքերը մինչև 1965թ. գործում էին որպես առանձին զորատեսակ: Նույն թվակա­նին իսրայելական ԶՈՒ-ն, ստանալով ամերիկյան «HAWK» զենիթահրթիռային համալիրները (այսուհետև` ԶՀՀ), անցավ զորատեսակների ամերիկյան կառուցվածքին: Այսինքն` ՀՕՊ զորքերը ենթարկվեցին ՌՕՈՒ-ին[8]: Ցամաքային զորքերի հաջողությունը հնարավոր եղավ միայն օդային գերակայության շնորհիվ, որն էլ ապահովեցին առաջին հերթին իսրայելական կործանիչները:

Սա այն դասական դեպքերից էր, երբ ավելի փոքր ուժեր և միջոցներ ունեցողը չսպասեց մինչև ուժերի հարաբերակցությունը դառնա կրիտիկական և ի վնաս իրեն ու կանխարգելիչ հարձակմամբ ծնկի բերեց հակառակորդներին:

Այս հաղթական պատերազմին հակառակ` Իսրայելը մեծ խնդիրներ ունեցավ 1973թ. «Դատաստանի օրվա» պատերազմում: 1973թ. հոկտեմբերի 6-ին ծագած պատերազմը չորրորդն էր արաբական պետությունների և Իսրայելի միջև: Սա ամենամեծ արաբա-իսրայելական պատերազմն էր` թափով, ինտենսիվությամբ, տեխնիկայի կի­րառ­ման ծավալով: Այս պատերազմից առաջ իսրայելական հետախուզությունը ուներ տվյալներ, որ արաբական երկրները պատրաստվում են, նոր ու լայնածավալ պատերազմի: Դրան հակառակ` իսրայելական հանրության մեջ պատերազմի նկատմամբ տեղի էր ունեցել վերաբերմունքի փոփոխություն, ձգտում կար ամեն կերպ հարցը լուծել խաղաղ ճանապարհով: Որպես դրա արդյունք` նաև երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը ուներ որոշումների կայացման դանդաղկոտություն ու անվճռականություն: Սրանք եղան հիմնական պատճառները, որ եգիպտական և սիրիական բանակների հարձակումները ինչ-որ առումով եղան անակնկալ ՑԱՀԱԼ-ի համար: Արդյունքում` Իսրայելը մեծ զոհեր տվեց, մեծ դժվարություններ ունեցավ, մինչև կարողացավ իրավիճակը փոխել: Մինչ օրս Իսրայելի հանրության մեջ այս պատերազմում տարած հաղթանակի հետ կան տարբեր մոտեցումներ և ոչ միանշանակ ընկալում: 

Չնայած նախորդ փուլի ակնհայտ պարտությանը` կողմերն իրենց նպատակներից չէին հրաժարվում, մասնավորապես` խորհրդային կողմը: Կորուստներից հետո դարձյալ բեռնավորված նավերն ու ինքնաթիռ­նե­րը ուղևորվում էին փարավոնների երկիր և այլ արաբական պետություններ: Արաբները դեռ երազում էին հաղթանակի մասին: Խորհրդային ռազմական օգնությունը դարձյալ ավելի մեծ էր նախորդ անգամներից: 1973թ. հոկտեմբերի 6-ին առաջին անգամ արաբական երկրներին հաջողվեց Իսրայելին անակնկալի բերել: Այս անգամ արաբներն էին հարձակվել, և պատերազմի առաջին մի քանի օրը թվում էր, թե նրանց հաջողվում է կոտրել «անիծյալ օրինաչափությունը»: Դրանում համոզված էին նաև խորհրդային զինվո­րա­կանները, որոնք առաջին անգամ Սառը պատերազի ընթացքում հասել էին որոշակի առավելության[9]: Նախկինում միշտ իսրայելական ԶՈՒ-ն հաղթանակ էր տանում արաբների նկատմամբ: Հաղթանակը միշտ լինում էր բացահայտ, և դրանում միշտ էլ նշանակալի դեր էին ունենում ՕՀՄ-ները: Իսրայելը գերա­զան­ցապես օգտագործում էր արևմտյան տեխնոլոգիաներ, օգտվում էր արևմտյան ռազմական մտքից, սակայն սեփական ներդրման մասին չէր մոռանում:

1973թ. «Դատաստանի օրվա» պատերազմում շատ բան նման էր նախորդներին, սակայն կային նաև տարբերություններ: Հակառակորդները զինված էին նույն ամերիկյան ու խորհրդային զենքերով և բանեց­նում էին գրեթե նույն մարտավարությունը: Եգիպտոսը և Սիրիան, որ միասին հարձակվել էին Իսրայելի վրա, ունեին մոտավորապես 4.000 հրասայլ, 2.000 միավոր հրետանային միջոցներ և 1 միլիոնից ավելի զորք, ինչը իսրայելական ցամաքային զորքերից ավելին էր 2-5 անգամ[10]: Հիմնական հարձակողական մի­ջոց­ներով` մեքենայացված զորամիավորումներով, գերազանցում էին 5-6 անգամ: Եգիպտական կողմը զին­ված էր ավելի շատ: Նրանց սպառազինությունը վերջին սերնդի խորհրդային միջոցներ էին` հրետանային, հրասայլեր, ղեկավարման համակարգեր, հրթիռներ և այլն:

Հարձակումն սկսվեց հոկտեմբերի 6-ի կեսօրին: Առաջին հարվածն Իսրայելի համար անակնկալ եղավ: Արաբներն սկզբում նույնիսկ որոշակի հաջողություն արձանագրեցին օդային մարտերում, որոնցով շատ էին ոգևորված: Կան փաստող բազմակի ապացույցներ, որ առաջին օրերին իսրայելական օդուժը լուրջ կորուստներ է կրել` մինչև երկու-երեք տասնյակ ինքնաթիռներ: Բար-Լևի բնագիծը հաղթահարվել էր հրե­տանու, օդուժի և հատուկ նշանակության զորքերի խելամիտ համագործակցությամբ: Զորքերը շատ գրա­գետ էին գործում և փայլուն մարզում էին անցել: Բար-Լևի բնագծում միայն մեկ հենակետ` «Բուդապեշտ»-ը, չհանձնվեց և մինչև պատերազմի ավարտն էլ մնաց առանց նվաճման:  Արդեն հաջորդ օրը, Սուեզը անցնե­լով Սինայի թերակղզում` 10-20 կմ մարտավարական խորության վրա, Եգիպտոսն ուներ մոտավորապես 90.000 զորք, 1.000 հրասայլ, և կոմանդոս գումարտակները թիկունքում գրավել էին կարևոր հաղորդակ­ցու­թյան ուղիները: Իսրայելական առաջին հակահարվածը, որը հասցրեց Ա. Մենդլերի հրամանատարությամբ գործող 252-րդ զրահատանկային կանոնավոր դիվիզիան, ոչինչ չտվեց: Եգիպտացիները լավ դիրքեր էին գրա­վել ու խիտ կրակով դիմավորեցին իսրայելական երեք տանկային բրիգադներին: Եգիպտական զորքե­րին չափազանց մեծ քանակի հակատանկային միջոցներ էին տրամադրվել: Փաստացի, յուրաքանչյուր եր­րորդ զինվորն սպառազինված էր հակատանկային նռնականետով կամ հակատանկային հրթիռային հա­մա­լիրով, որոնք էլ առաջին իսրայելական տանկային գրոհը հետ մղեցին[11]: Դիվիզիայի ավելի քան 260 հրասայլերից 140-150-ը շարքից դուրս էին եկել կամ ոչնչացվել:

Նույն օրը` հոկտեմբերի 7-ին, մարտական գործողությունների շրջան հասան արդեն 143-րդ և 162-րդ պահեստային դիվիզիաները: Այդպիսով` Իսրայելը մարտական գործողությունների շրջանում արդեն ուներ մոտավորապես 400-500 հրասայլ: Այս ընթացքում իսրայելական օդուժը համառ փորձեր էր կատարում օդա­յին գերակայությունը իր ձեռքը վերցնելու համար, սակայն չէր ստացվում:

Հոկտեմբերի 8-ին կազմակերպած հակագրոհը ևս իսրայելական բանակին հաջողություն չբերեց: Եգիպ­տա­կան զորքերի առաջնագծում ահռելի քանակի հակատանկային միջոցներ էին կուտակված: Կո­րուստներն անգամ եգիպտական բանակին վստահություն ներշնչեցին, որ իրենք կարող են շարունակել հարձակումը, և փորձեցին: Արդյունքում` Արիել Շարոնի 143-րդ տանկային դիվիզիան մի կերպ կարողացավ կանգնեցնել արաբներին: Իսրայելական հրամանատարությունը փոփոխություններ և ուժերի վերախմբա­վո­րումներ կատարեց: Ռազմաճակատի հրամանատար նշանակվեց ԳՇ պետ, գեներալ Դավիդ Էլազարը: Եգիպ­տոսի զորքերը չէին կողմնորոշվում` առաջանա՞լ, թե՞ մնալ դիրքերում. հաջողությունները թյուրիմա­ցու­թյան մեջ էին գցել նրանց: Պաշտպանության նախարար Ահմեդ Իսմայիլ Ալին պնդում էր, որ հարկավոր է շարունակել հարձակումը, իսկ ՇՊ գեներալ Սաադ ալ Շազլին հանդիմանում էր` պնդելով, որ զորքերը չեն կարող դուրս գալ հզոր ՀՕՊ-ի խիտ գոտուց: Միանշանակ կողմնորոշում չկար նաև խորհրդային գեներալ­ների մոտ, որոնք իրականում կառավարում էին եգիպտական բանակը:

Նախագահ Սադատի ճնշման տակ եգիպտական զորքերը` 2-րդ և 3-րդ բանակներով (4-րդ և 21-րդ, 23-րդ զրահատանկային, 18-րդ, 19-րդ հե­տևակային, 6-րդ մոտոհետևակային դիվիզիաներով և բազմաքանակ այլ զորքերով), հոկտեմբերի 14-ին շա­րունակեցին հարձակումը: Դրանով երկրի նախագահը փորձում էր նաև օգնել դաշնակից Սիրիային, որի զորքերը չէին կարողանում առաջանալ: Եգիպտական հարձակումը շարունակվեց ամբողջ Սինայի թերա­կզում` վեց հիմնական ուղղություններով: 18-րդ հրաձգային դիվիզիան, ուժեղացված նորագույն «T-62» տան­կերի բրիգադով, Կանտարի ուղղությունից հարձակվեց դեպի Ռոմանի: Կենտրոնական հատվածում հարձակվում էր 21-րդ տանկային դիվիզիան, իսկ հարավում հատուկ նշանակության ջոկատները (նե­րառյալ 19–րդ հետևակային դիվիզիայի հետևակային բրիգադը, տանկային բրիգադը և 6-րդ մեքենայացված դիվիզիայի 113–րդ մեքենայացված բրիգադը) շարժվեցին դեպի հարավ` Ռաս-Սուդարի ուղղությամբ: Հար­ձակման երեք հյուսիսային ուղղությունները գտնվում էին գեներալ Սաադ Մամունի 2-րդ բանակի վերա­հսկողության տակ, որի շտաբը գտնվում էր Իսմայիլիայում։  Երեք հարավայինները` գեներալ Աբդ ալ Մու­նեմ Վասսելի 3–րդ բանակի վերահսկողության տակ, որի առաջխաղացման հյուսիսային ուղղությունը տա­նում էր արևելք` դեպի Ջիդդիի լեռնանցքը, և Ում-Կուշեյբեում իսրայելական հարավային ճակատի շտաբը։ Հարավային ուղղությունը տանում էր դեպի Ռաս-Սուդար[12]։

Հյուսիսում գեներալ Ա. Ադանը հետ մղեց եգիպտական զորքերի առաջին գրոհները, ինչի արդյունքում նրանք կորցրեցին մոտավորապես 50 հրասայլ: Կենտրոնում Շարոնի գրագետ պաշտպանություն կառու­ցած դիվիզիան հակագրոհ անցկացրեց, ինչի արդյունքում եգիպտական 1-ին մեքենայացված բրիգադը ոչնչացվեց, իսկ օրվա վերջում Շարոնի դիվիզիայի առջև կանգնած եգիպտական 21-րդ դիվիզիան կորցրեց 110 հրասայլ: Հարավում եգիպտական զորքերը նախատեսել էին թևանցում կատարել, սակայն գեներալ Կ. Մագենը պատրաստ էր նման խուսավարման և պաշտպանությունը կառուցել էր համապատասխան ճկու­նությամբ: Կատաղի ճակատամարտի արդյունքում ոչնչացվեց եգիպտական 4-րդ զրահատանկային դիվի­զի­ա­յի 3-րդ տանկային բրիգադի մեծ մասը, իսկ երբ եգիպտական տանկերը, կենտրոնացնելով մնացած ուժերը, փորձեցին շարժվել դեպի հարավ և դուրս եկան եգիպտական «հրթիռային անձրևանոցի» ծածկի տակից, ջախջախվեցին իսրայելական օդուժի կողմից[13]:

­Սա դեռ վեց ուղղությամբ հարվածելու պահից արդեն ռազմավարական սխալ էր: Սակայն այդ բաց թողնված ժամանակը իսրայելական բանակը կարողացել էր ճիշտ օգտագործել: Եգիպտական զորքերի հար­­ձակումը տապալվեց, նրանք կորցրեցին մոտավորապես 250 հրասայլ: Հոկտեմբերի 15-ին իսրայելական ուժերը հակահարձակման անցան նաև եգիպտական ռազմաճակատում: Հարվածն ուղղվեց եգիպտական եր­կու բանակների ծայրակցատեղին: Իսրայելական բանակը առաջին հարվածով լայնորեն կիրառեց գրո­հող մոբիլ խմբերին, որոնք անակնկալի բերեցին եգիպտացիներին: Վերջիններս սպասում էին դասական հարված նախ օդուժով, հետո մասսայական` տանկերով: Սակայն իսրայելական տանկերը լայնածավալ գրոհն սկսեցին միայն այն ժամանակ, երբ գրոհող մոբիլ խմբերը, որոնք իրենցից ներկայացնում էին լավ սպառազինված ու փորձառու ուժեղացված դասակներ ու վաշտեր, գրավեցին առաջին բնագծերը, առաջին խրամատները:

Զրահատանկային բրիգադներին, փայլուն համագործակցելով այդ գրոհող խմբերի հետ, հաջողվեց ճեղքել ռազմաճակատը և անցնել Սուեզի ջրանցքի արևմտյան ափը: Անցումը տեղի ունեցավ բավականին բարդ, քանի որ արևմտյան պետությունները Իսրայելին չէին վաճառում մեծ կամուրջներ: Իսրայելը նման երեսնամյա կամուրջներ գնել էր Ֆրանսիայից` որպես մետաղաջարդոն, ու նորոգելով դարձրել կիրառման ենթակա: Հոկտեմբերի 17-ին Սուեզի ջրանցքի արևմտյան ափն անցած իսրայելական զրահատանկային դի­վիզիայի փոքր ուժերին հնարավոր էր հետ մղել, եթե եգիպտական և նրանց օգնող ալժիրյան զորքերը ժա­մանակին հակահարձակման անցնեին: Թեև իսրայելական զինվորները ևս զինված էին ժամա­նակակից ամերիկյան հակատանկային նռնականետներով ու հրթիռային համալիրներով, միևնույն է` հզոր ու կազմակերպված գրոհի դեպքում այդ ուժերը չափազանց փոքր էին: Բայց դա տեղի չունեցավ ան­կազ­մակերպվածության պատճառով: Ջրանցքն անցած առաջին իսկ դիվիզիան սրընթաց հարձակում զարգաց­րեց[14]: Ճիշտ է, իսրայելական 87-րդ հետախուզական դիվերսիոն գումարտակը Իսմայիլիա քաղաքի մոտ գլխովին ջախջախվեց, սակայն դա արդյունք էր այն բանի, որ իսրայելական հետախուզադիվերսիոն խմբե­րը չափազանց շատ էին խորացել եգիպտական զորքերի թիկունք և լուծում էին մեծ խնդիրներ` զորքերի մա­տակարարումների խափանումներ, պահեստազորային ուժերի ոչնչացում, անգամ` ՀՕՊ դիվիզիոնների ոչնչացում և այլն[15]: Արդեն հոկտեմբերի 19-ին ջրանցքի վրա կար չորս կամուրջ, որոնցով մինչև հոկտեմ­բերի 22-ը Իսրայելը ջրանցքի արևմտյան ափ տեղա­փոխեց ևս 7 զրահատանկային դիվիզիա և զգալի տա­րածքներ գրավեց[16]: Վտանգ էր ստեղծվել` լայնածավալ հարձակում իրականացնել դեպի Եգիպտոսի մայ­րա­քաղաք:

Հիմնական դերը կրկին կատարեց օդուժը, որն իր գերակայությամբ ուղղակի ապահովեց տանկային դիվիզիաների գրագետ և սրընթաց հարձակումները:

Եգիպտական բանակը թույլ տվեց մի քանի ռազմավարական և օպերատիվ սխալներ:

1. Իրականացնելով իսրայելական պաշտպանության փայլուն ու անակնկալ մարտավարական ճեղ­քում` նախաձեռնությունը չփորձեց իր ձեռքը պահել և ի սկզբանե նախապաշար­մունք­ներ ուներ իսրայե­լա­կան հակահարձակումից: Զորքերն ավելի շատ պաշտպանության էին անցել, քան փորձում էին շարու­նա­կել հետագա հարձակումը: Այսինքն` առաջնային խնդրի կատարումից հետո անցան պաշտպանության, և հետագա հարձակումները մարտավարական բնույթի էին:

2. Ժամանակ կորցրեց, որով իսրայելական կողմին ուժերը մոբիլիզացնելու և իրավիճակը շտկելու հնա­րավորություն տվեց:

3. Նախնական հաջողությունները չզարգացրին հատկապես օդուժի հարցով: Ունենալով հզոր ՀՕՊ աջակցություն` նրանք չփորձեցին ինտենսիվ աշխատել վերջնական օդային գերակայության ապահովման համար:

4. Հարձակման երկրորդ փուլն սկսեցին միանգամից վեց ուղղությունով` կորցնելով հիմնական հար­վածի ուղղությամբ իրենց հիմնական առավելությունը` քանակական գործոնը:

5. Իսրայելի կողմից չսպասելով մարտավարական նոր լուծումներ` պաշտպանությունը կառուցել էր միայն անցյալի փորձի հիման վրա, իսկ սեփական զորքերի մարտավարական ճկունությանը ուշադրու­թյուն չէր դարձրել:

Հատկանշական է, որ գլխավոր ճակատամարտի օրը իսրայելական բանակի ՇՊ, գեներալ Դավիդ Էլա­զա­րը հեռագրեց երկրի վարչապետ Գոլդա Մեյերին. «Գոլդա', ամեն ինչ կարգին կլինի, մենք կրկին մենք ենք, իսկ նրանք` կրկին նրանք»:

Սիրիական ռազմաճակատում պատերազմական գործողություններն առաջին իսկ օրից մինչև պատե­րազ­մի ավարտն ավելի սաստիկ բնույթ ստացան: Դա հասկանալի էր, քանի որ սիրիական ճակատից Իս­րա­յելն ավելի շատ էր վտանգված: Սիրիական բանակի 6-7-անգամյա քանակական առավելությունը և խորհրդային բանակի հրամկազմի առկայությունը ոչինչ չտվեցին: Այստեղ տեղի է ունեցել ԵՀՊ-ից հետո ամե­նամեծ տանկային ճակատամարտը, որտեղ արաբական կողմից մասնակցում էին մոտավորապես 1300 խորհրդային նոր «T-55» և «T-62» հրասայլեր: Դրանց դիմակայում էին ընդամենը 180 իսրայելական հրա­սայլեր[17]: Այսինքն` սիրիական բանակն իր առջև դրել էր ռազմավարական խնդիր` գրավելով Գոլանի բար­ձունքները` դուրս գալ Իսրայելի կենսական նշանակություն ունեցող տարածքներ և սպառնալ պետության վերացմանը: Սինայի թերակղզու մարտական գործողությունները Իսրայելից բավական հեռու էին, այդ իսկ պատճառով նույնքան վտանգավոր չէին պետության համար, որքան մարտերը Գոլանի բարձունքներում: Եթե իսրայելական պաշտպանությունը բարձունքներրում ճեղքվեր, ապա սիրիական զորքերմ առանց որևէ խոչ­ըն­դոտի մի քանի ժամում կհայտնվեին երկրի կենտրոնում:

Սիրիական բանակը մարտական գործողությունների սկզբում Հերմոն լեռան վրա ուղղաթիռներով «Կոմանդոս» խումբ էր իջեցրել, որն արագորեն գրավել էր այնտեղ տեղակայված հզոր ՌՏԿ-ն և պաշտ­պա­նական համակարգը:

Պահեստազորի զինվորները զորակոչվելուց հետո իսկույն նետվում էին սիրիական ճակատ: Ստեղծ­ված իրավիճակի բարդության պատճառով պահեստազորայիններին զորակոչելուց անմիջապես հետո, ժամանակ չծախսելով «ներդաշնակված անձնակազմերի» (պահեստազորային մշտական անձնակազմեր) ստեղծման, հրասայլերի վրա գնդացիրների տեղադրման և հրասայլերի նշանի ճշգրտման վրա, կցում էին հրասայլերին և ուղարկում ճակատ:

Սիրիական բանակը, սակայն, ինչպես և եգիպտականը Սինայի թերակղզում, ձգտում էր դուրս չգալ սե­փական ՀՕՊ հրթիռային մարտկոցների ծածկից: Սիրիական բանակը եգիպտական զորքերի պես մեծ քանակի հակատանկային կայաններով էր համալրել իր ստորաբաժանումները, ինչը, սակայն, այնքան էլ արդյունավետ չէր` հաշվի առնելով ռազմական գործողությունների թատերաբեմի անհավասար, բլրոտ տե­ղանքը:

Սիրիական զորքերը ակնկալում էին, որ իսրայելական պահեստազորի կենտրոնացումը կտևի նվա­զա­գույնը մեկ օր, մինչդեռ առաջին պահեստազորայինները ժամանել էին Գոլանի բարձունք պատերազմի սկզբից 15 ժամ անց:

Պատերազմի առաջին օրվա վերջում այդ պահի դրությամբ 9:1 հարաբերակցությամբ թվային գերա­կշռու­թյուն ունեցող սիրիական զորքերը հասել էին որոշակի հաջողությունների: Իսրայելական հակա­տանկային խրամուղին անցնելուց հետո Սիրիական ուժերի մի մասը (հրասայլային բրիգադը) թեքվեց դեպի հյուսիս-արևմուտք և սկսեց հարձակումը նախկինում չշահագործվող տրանսարաբական նավ­թամուղի «նավ­թային ճանապարհով», որն անկյունագծով հատում էր Գոլանի բարձունքը: «Նավթային ճանապարհը» մարտավարական տեսանկյունից չափազանց կարևոր էր. իսրայելական պաշտպանության ճեղքման վայ­րից այն գնում էր դեպի Նաֆախ, որը ոչ միայն իսրայելական դիվիզիայի հրամանատարության տեղակայ­ման վայրն էր, այլ նաև մարտավարական կարևոր ճանապարհների խաչմերուկ: 4-օրյա մարտերի ընթաց­քում Յանուշ Բեն-Գալի հրամանատարության տակ գտնվող իսրայելական 7-րդ հրասայլային բրիգադը պահում էր Գոլանի հյուսիսի բլուրների շղթան, որը հյուսիսից ապահովում էր Նաֆախում տեղակայված դի­վիզիայի շտաբը[18]:

Իսրայելական ստորաբաժանումների վիճակը անհամեմատ ավելի ծանր էր Գոլանների հարավում: 188-րդ հրասայլային «Բարաք» բրիգադը մեծ կորուստներ էր կրում, քանի որ տեղակայված էր պատսպար­ման բնական պայմաններից զուրկ տեղանքում: Բրիգադի հրամանատար, գնդապետ Իցհակ Բեն-Շոխամը իր տեղակալի և օպերատիվ բաժնի պետի հետ (յուրաքանչյուրն իր հրասայլի մեջ) զոհվեց ճակատամարտի երկրորդ օրվա ընթացքում, երբ սիրիական զորքերը հուսահատ փորձեր էին կատարում ճանապարհ բացել դեպի Կիներետ լիճ և Նաֆախ: Այդ պահի դրությամբ բրիգադը դադարել էր հանդես գալ որպես միացյալ զո­րամիավորում, սակայն մյուս անձնակազմերը շարունակում էին միմյանցից առանձին վարել մարտը[19]: Պատերազմի առաջին գիշերվա ընթացքում ռազմադաշտ նոր ժամանած և ոչ մի ստորաբաժանման չկցված լեյտենանտ Ցվիկա Գրինգոլդը իր հրասայլով զսպում էր սիրիական բրիգադի առաջխաղացումը` ընդհուպ մինչև իրեն ուղարկված համալրման ժամանումը:

«20 ժամվա ընթացքում «Ցվիկայի ջոկատը» (այդպես էր այն կանչվում ռադիոկապով), դիր­քա­վորումը փոխելով և խուսավարելով, մարտնչում էր սիրիացիների դեմ` երբեմն միայնակ, երբեմն ավելի խոշոր ջոկատի կազմում` բազմաթիվ անգամներ փոխելով հրասայլերը, որոնք վնասվում ու շարքից դուրս էին գալիս: Նա վիրավոր էր` ստացել էր այրվածքներ, բայց չէր լքում շարքերը և անընդհատ հայտնվում էր ամե­նավճռորոշ պահին, ամենաանսպասելի ուղղություններից` այդկերպ փոխելով հարվածների ուղղությու­նը»[20]: Իր գործողությունների համար Ցվիկա Գրինգոլդը պարգևատրվել է Իսրայելի բարձրագույն զինվորա­կան պարգևով` «Հերոսության համար» շքանշանով: Փաստորեն, շուրջ երեք օր իսրայելական բանակի ոչ լիարժեք օպերատիվ զորախումբը` կազմված երկու ոչ լիարժեք բրիգադներից, օգտվելով տեղանքից և մարտավարական հնարքներ կիրառելով, կարողացավ դիմակայել սիրիական բանակի հզոր ռազմավա­րական զորախմբին:

Պահեստազորայինների գալուն պես իրավիճակը Գոլանի բարձրավանդակում սկսեց արմատապես փոխ­վել: Համալրող զորքերին հաջողվեց սկզբում դանդաղեցնել, ապա` հոկտեմբերի 8-ից սկսած, կանգնեց­նել սիրիական բանակի առաջխաղացումը: Լայն տարածությամբ աչքի չընկնող Գոլանի բարձունքն, իհարկե, չէր կարող ծառայել որպես բուֆեր, ինչպես Սինայի թերակղզին էր հարավում, սակայն այն բավական լուրջ մարտավարական ամրություն էր, որը թույլ չէր տալիս սիրիական ստորաբաժանումներին հրթիռակոծել ներքևում գտնվող իսրայելական բնակավայրերը: Իսրայելական զորքերի վճռական հակագրոհները իրենց նպատակին հասան. չորեքշաբթի օրը` հոկտեմբերի 10-ին, վերջին սիրիական միավորումը դուրս մղվեց «Կարմիր գծից»` մինչպատերազմյան հրադադարի սահմանագծից[21]:

Հոկտեմբերի 9-ին իսրայելական օդուժն սկսեց հարվածել Սիրիայի գլխավոր մարտավարական օբ­յեկտ­նե­րին, նույն օրը «ջախջախվում է» սիրիական գլխավոր շտաբը[22]:

Իսրայելի ռազմական ղեկավարությունը կանգնած էր երկընտրանքի առջև` շարժվել առա՞ջ, այսինքն` գնալ հարձակման սիրիական տարածքում, թե՞ բավարարվել 1967թ. սահմանով: Հոկտեմբերի 10-ի ամբողջ օրը իսրայելական հրամանատարությունը քննարկում էր այդ հարցը: Զինվորականներից շատերը հար­ձա­կումը դադարեցնելու կողմնակից էին, քանի որ դա թույլ կտար ավելի շատ զորամիավորում տեղափոխել Սինայի թերակղզի, որտեղ դրանից երկու օր առաջ Խիզայոնի շրջանում Շմուել Հոնենը պարտություն էր կրել: Ոմանք էլ կողմ էին հարձակմանը Դամասկոսի ուղղությամբ: Նրանց կարծիքով` այդ քայլը դուրս կմղեր Սիրիային պատերազմից և կամրապնդեր Իսրայելի կարգավիճակը` որպես տարածաշրջանային գերտե­րու­թյան: Հարձակման հակառակորդները պնդում էին, որ սիրիական տարածքում կան բազմաթիվ հզոր պաշտ­պանական ամրություններ` հակատանկային խրամատներ, ականապատ դաշտեր, երկարաժամկետ կրակակետեր, ինչի պատճառով սիրիական բանակի հարձակումը վերսկսելու դեպքում ավելի հարմար կլի­նի պաշտպանվել` օգտագործելով Գոլանի բարձունքների առավելությունները, քան սիրիական հարթա­վայ­րային տեղանքը: Բանավեճի վերջակետը դրեց վարչապետ Գոլդա Մեյերը: Նրա կամային որոշումը քա­ղաքական էր և վերջնական` անցնել «Կարմիր գիծը»… Հարձակումը նախատեսած էր հաջորդ օրը` հինգշաբթի` հոկտեմբերի 11-ին:

Հոկտեմբերի 11-14-ը իսրայելական բանակը շարժվեց դեպի սիրիական տարածքների խորքը` գրա­վելով 32կմ2: Սակայն արաբական զորքերը կարողացան կազմակերպված ձևով նահանջել դեպի երկրորդ գիծը: Ծանր հրետանին այս նոր դիրքերից հնարավորություն էր ստանում ռմբակոծել ճակատից 40 կմ հեռա­վորության վրա գտնվող Դամասկոսը: Փաստորեն, սիրիական ճակատում իսրայելական բանակը ավելի ծանր մարտեր է մղել, սակայն ավելի շուտ է հաջողության հասել:

Երկու ռազմաճակատում էլ, տեղի ունեցած խոշոր տանկային մարտերի հետ զուգահեռ, իրականաց­վում էր ինտենսիվ հրատենային կրակ, ծավալ­վում էին տասնյակ ինքնաթիռների օդային և հակաօդային մարտեր: Լայնորեն կիրառվեցին ՀՏՂՀ-ներ և ՀՕՊ-ի հրթիռներ:

Արաբական ուժերը ջախջախիչ պարտություն կրեցին, Դամասկոսի և Կահիրեի գրավելու վտանգը ստի­պեց դադարեցնել մարտական գործողությունները: Իսրայելական տանկային դիվիզիաների հարձա­կում­ները շատ գրագետ էին և համագործակցված:

Արևմտյան (հիմնականում ամերիկյան) մոդելով կամաց-կամաց մարտի ծանրության կենտրոնը բարձ­­րանում էր երկինք: Եվ այդ նոր մոդելի հաստատման գործում իրենց մեծ դերն էին խաղում նաև իսրա­յելական ՌՕՈՒ-ները: Խորհրդային մասնագետները համարում էին, որ ճիշտ հետևություն են կատարել նրանով, որ մեծացրել են ՑԶ-ի ՀՕՊ միջոցների խտությունը, ավելացրել են նշանակետերի ուղիները` դիվի­զիաների համար հասցնելով մի քանի տասնյակի: Սակայն հիմնական սխալը մնում էր չուղղված:

1. Կործանիչները հիմնական դերակատար չէին դառնում` չնայած քանակի ավելացմանը:

2. Դրանց տեխնիկական և մարտական պատրաստության մակարդակը, ինչպես նաև ինքնուրույ­նու­թյունը ցածր էին:

3. Համագործակցությունը ՀՕՊ-ի ցամաքային բաղադրիչների միջև, ինչպես նաև կործանիչների հետ շատ ցածր մակարդակի վրա էր:

4. Չկային մարտի վարման ավտոմատացված էլեկտրոնային համակարգեր, հատկապես` օդային:

Այս պատերազմում տեղի ունեցավ ցամաքային ՀՕՊ-ի կառուցման խորհրդային մոդելի վերջնական վի­ժում, սակայն ինչպես կերևա հետո, միևնույն է, խորհրդային գեներալները գնում էին ուրույն ճանա­պար­հով: Թեև խորհրդային ԶՀՀ-ները և այլ զենիթային միջոցները արդեն բավականին շարժունակ էին և նախատեսված նաև զրահատեխնիկայի պաշտպանության համար, իրականում այդ խնդիրը չկա­րողացան լուծել: Եվ հետաքրքիրն այն էր, որ եգիպտացի գեներալներից որոշները դա հստակ գիտակցում էին: Հոկտեմբերի 14-ից սկսված` Սինայում եգիպտական նոր գրոհի ժամանակ ՑԶ-ները, զրկվելով գեր­հա­գեցած ԶՀՀ-ների աջակցությունից, հայտնվեցին իսրայելական օդուժի հարվածների տակ և մեծ կորուստներ կրեցին, եթե չասենք` ոչնչացվեցին: Դուրս գալով այդ գոտուց` եգիպտական ՀՕՊ միջոցների քանակը շեշ­տա­կի կրճատվեց, քանի որ ոչ բոլոր համալիրներն էին իրականում շարժունակ, իսկ կործանիչները ոչինչ անել չկարողացան: Այսինքն` եգիպտական բանակը արագաշարժ գործողությունների անպատրաստ էր, խորհրդային մեծաքանակ հակատանկային և ՀՕՊ միջոցները ոչինչ չտվեցին: Մասնավորապես` մեծաքա­նակ շարժական ՀՕՊ միջոցները չկարողացան ապահովել այն պաշտպանությունը, որի համար ստեղծվել էին: Նմանները այս պատերազմում հատկապես շատ էին` «Куб 2К12», «Стрела-2» և այլն: Կործանիչների մա­սին նորից խոսք չկա: Սակայն հետաքրքիրն այն է, որ իսրայելական բանակը, չունենալով նման մեծա­քանակ շարժական ՀՕՊ միջոցներ, հարցը փայլուն լուծեց, քանի որ խնդիրը հիմնականում լուծում էին կոր­ծանիչները: Կրկին փաստվեց, որ ամենալավ ՀՕՊ միջոցը կործանիչն է: Այդ ճկուն մեքենաները, օդային գե­րա­կայություն ապահովելով միաժամանակ օդից, պատսպարում էին արագաշարժ իսրայելական տանկա­յին դիվիզիաներին, որոնք ճեղքելով առաջ էին ընթանում` ունենալով քիչ հետևակ ու հրետանու մշտական պակաս: Բլիցկրիգը շարունակում էր իր հաղթարշավը:

ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի ակտիվ միջամտության շնորհիվ` բախումը լուծման փուլ մտավ: Պատերազմը տևեց 19 օր: Կողմերը կորցրեցին 20 հազար սպանված, 2,7 հազար տանկ, 500 ինքնաթիռ և այլ ռազմական տեխնիկա:

Պատերազմը պատահական օր չէր, որ սկսվել էր: Հոկտեմբերի 6-ը հրեական Յոմ Կիպուր տոնի օրն էր, ինչը վկայում էր հանկարծակիության գործոնի դերի հետագա աճի մասին:

Չնայած նրան, որ եգիպտական և սիրիական բանակները խորհրդային ռազմագիտական դպրոցի լավագույն ներկայացուցիչների կողմից երկար պատրաստվել ու պլանավորել էին պատերազմը, ժամանակի և միջոցների խնդիր չունեին և կարողացել էին լավ քողարկել իրենց պլանները, կրեցին պարտություն: Պարտությունը ուներ հստակ մի քանի պատճառ`

  • Զորքերի և հատկապես զորատեսակների դերակատարության սխալ մոտեցում,
  • Գործողությունների վատ կառավարում, հատկապես զորատեսակների միջև,
  • Նախաձեռնողականության զիջում, անհամարձակ կառավարում,
  • Հրամանատարության ինքնուրույնության պակաս,
  • Տեխնիկական հագեցվածության պակաս, հատկապես` կառավարման տեխնոլոգիաների:

Արաբական երկրները օպերատիվ արվեստի առումով որևէ նոր նվաճում չունեցան, բոլոր լուծումներն ու մոտեցումները խորհրդային էին և բավականին վատ կատարմամբ: Զորքերն ու զորամիավորումները կիրառվում էին մեծ խտությամբ, երկար նախապատրաստությունից հետո, մեծ էշելոնացվածությամբ, դանդաղ, հզոր կրակային աջակցության պարագայում և հրամանատարների թույլ ինքնուրույնությամբ: Բանակներն ու բանակախմբերը կիրառվում էին երկու և ավելի շարակազմերով: Ճեղքման համար նախատեսված զորամիավորումները գործում էին առաջին շարակազմում, լավ հագեցած էին, սակայն ինքնագնաց հրետանու և հատկապես դրա կառավարման խնդիր ունեին: Հարձակման արագությունը բավականին դանդաղ էր, օդային դեսանտի կիրառությունը` սահմանափակ: 

Իսրայելի այս հաղթանակը ճակատագրական եղավ ամբողջ արևմտյան ռազմական մտքի համար: Վիետ­նամական պատերազմում ունեցած ծանր պարտությունից հետո ամերիկյան ռազմական միտքը գտնվում էր որոշակի հոգեբանական անկման մեջ, և այս հաղթանակն ուղղակի փրկության պես մի բան էր նրանց համար, ովքեր շարունակում էին պնդել, որ Վիետնամում նրանք համակարգային պարտություն չեն կրել խորհրդային ռազմական համակարգից, և հնարավոր է կանգնեցնել խորհրդային տանկային լավա­նե­րը: Այս պատերազմի փորձի ուսումնասիրությունից էր նաև, որ Դ. Սթարրիի, Դ. Մորելլիի, Ջ. Բոյդի և այլոց հեղինակությամբ ծնվեցին ամերիկյան նոր օդացամաքային ռազմագործողությունների տեսությունը և, որ­պես արդյունք, բոլորովին այլ մակարդակի պատերազմներն ու հաղթանակները[23]: 1973թ. հաղթանակը, իհարկե, անկանոն մի բան չէր. այդ նույն արևմտյան ռազմական մտքի հաղթանակն էր, որը նոր թափ ու խորություն հաղորդեց ռազմական տեսական մտքին:   

Լավ դաս քաղելով 1973թ.-ից` ինը տարի հետո Իսրայելը նորից բռնեց կանխարգելիչ հարվածների ռազմավարության ճանապարհը և Լիբանանի տարածքում այդ մոտեցմամբ կրկին պարտության մատնեց Սիրիային և, ըստ էության, նրան աջակցող ԽՍՀՄ-ին:

Զուտ պաշտպանական մարտական գործողություններ վարելով` 1999-2000 թթ. պարտությունից չխուսափեց նաև Եթովպիան, որը, ժամանակին փոխելով իր գործողությունները, կրկին անցավ հարձակման և շտկեց իրավիճակը: Պատերազմը ավարտվեց եթովպիական բանակի հաղթանակով, սակայն եղան ծանր կորուստներ պաշտպանական փուլի ժամանակ:

 

Նոր լուծումները

Այս օրինակները լավագույնս ապացուցում են, որ սակավաթիվ, սակայն լավ պատրաստված ու արհեստավարժ բանակը, հատկապես` ճկուն կառավարմամբ, անգամ` ոչ իդեալական զինատեսակներով կարող է հասնել հաջողության մեծաթիվ և դանդաղաշարժ զորքերի նկատմամբ: Մեծ բանակների խնդիրը ոչ միայն դրանց դանդաղաշարժությունն է ֆիզիկապես, այլ նաև որոշումների կայացման դանդաղությունը, որը հետևանք է հրամանատարության անվճռականության ու ինքնուրույնության պակասի: Ադրբեջանական բանակում ևս դա առկա է. չնայած նոր զինատեսակների առկայությանը, երբեմն բարձր կարգապահությանը և այլն` ադրբեջանական բանակի սպաները որոշումների կայացման ազատության խնդիր ունեն: Մեր դեպքում հարկավոր է ավելի խորացնել ավելի ազատ որոշումներ կայացնող սպայակազմի ինստիտուտը, որին հասնելու լավագույն ճանապարհը կրթությունն է:

Նոր սերնդի պատերազմներն ավելի կարճ ժամանակում են սկսվում: Այս անցումը երբեմն այնքան արագ է տեղի ունենում, որ պետական և հասարակական մարմինները չեն հասցնում արձագանքել համապատասխան կարգով: Ժամանակի առումով դրանց արտացոլանքը հորիզոնական գծի վրա այնքան մոտ է, որ տարբերությունն է շատ ժամանակ կորչում: Պատերազմն ու խաղաղությունն իրարից քիչ են տարբերվում այս դեպքում:

Օրինակ` այսօր հրամանատարներից պահանջվում է ավելի կարճ ժամանակ` լուծումներ գտնելու և որոշումներ կայացնելու համար: Իսկ լուծումները, ինչպես և միջոցները արագ հնանում են, այսինքն` մշտական ճկունություն է հարկավոր:

Ռազմական ուսումնարաններում և ակադեմիաներում ուսանելիս, հարցին ոչ խորքային անդրադառնալով, տպավորություն է ստեղծվում, որ պաշտպանությունը ավելի հեշտ է վարել, որ եթե այնքան միջոցներ չունես, որ հարձակվես, ավելի լավ է պաշտպանվես: Սակայն ամեն անգամ չէ, որ իրավիճակն այդպիսին է: Եթե մարտական գործողություններն այնպես են զարգանում, որ հակառակորդը քեզ վրա պիտի հարձակվի, ամեն անգամ չէ, որ դու կարող ես և ճիշտ է անցնել պաշտպանության: Դա գրեթե միշտ ճիշտ է միայն մի դեպքում, եթե վստահ ես, որ առաջիկայում մեծ օգնական ուժեր ու միջոցներ ես ստանալու: Եթե այդ միջոցները, միևնույն է, չես ստանալու, ապա պաշտպանությունը կարող է լինել սխալ: Միայն պաշտպանությամբ գրեթե անհնար է հաղթել, հետևաբար` միայն պաշտպանվելով` դու կարող ես սպառել առանց այն էլ եղած միջոցները: Այստեղ ամենակարևոր խնդիրը նույն ժամանակն է, որի մասին վերը նշվեց: Խնդիրը այն է, որ եթե կարող ես հասցնել պատրաստվել հարձակման, ավելի լավ է գնալ անգամ հանդիպակաց մարտի, սակայն հակառակորդի հարձակումից առաջ անցնել հարձակման, դրանով`

  1. հակառակորդին անակնկալի բերել,
  2. նախաձեռնությունը քո ձեռքը վերցնել,
  3. միջոցները նպատակային օգտագործել,
  4. ճակատամարտով ավարտել պատերազմաշրջանի կամ պատերազմի ելքը:

Սակայն, որքան էլ տարօրինակ է, մենք խորհրդային և ռուսական կանոնադրություններում և դրանց թարգմանություններում պաշտպանության ժամանակ չենք հանդիպում նման բացատրությունների: Գրեթե ոչինչ նշված չէ այն մասին, որ եթե իրավիճակն այսպիսին է, ապա ավելի լավ է հարձակվել, իսկ պաշտպանության անցնելիս ոչինչ նշված չէ այն մասին, որ այն իրականացվում է նաև այն պատճառով, եթե չես հասցնում անցնել հարձակման: Գրեթե ոչինչ չկա ժամանակի մասին, որը չափազանց կարևոր է: Իհարկե, կան նաև այլ գործոններ, հատկապես` միջոցների տեսակի հարցը, ոչ թե քանակի, այլ տեսակի: Հարձակման համար նախատեսված միջոցները ավելի շարժունակ են, ավելի ճկուն, իսկ պաշտպանության համար կարող ես կիրառել նաև ստացիոնար, կամ վատ խուսավարող միջոցները: Կան նաև սեփական տարածքի և բազում այլ գործոններ: Սակայն կանոնադրություններում կարծես միտումնավոր անտեսված է ժամանակի հարցը, որը գալիս է որոշակի ավանդույթներից: Բանն այն է, որ խորհրդային ռազմագիտական դպրոցը ամենակարևոր տեղը հատկացնում էր միջոցներին, առավելապես միջոցներին: Ցանկացած կանխամտածված կամ ստիպված պաշտպանության հիմնական պատճառը նրանք դիտում էին անհրաժեշտ միջոցների բացակայությունը: Անհրաժեշտ ասածը, իհարկե, զուտ նրանց չափումներին է վերաբերում, սակայն հիմնականում դա էր հիմքում: Ինչ-որ իրավիճակներում պաշտպանվում էին նաև այլ պատճառներով, սակայն, միևնույն է, միջոցներն առացնքային տեղում էին: Դա բխում էր նաև ռազմագիտական խորքային այն մոլորությունից, որը բերեց ԵՀՊ-ի սկզբնական շրջանի խայտառակ արդյունքներին, երբ պաշտպանությանը չէր հատկացվում անհրաժեշտ ուշադրություն, իսկ հարձակումը, լինելով հիմնական մարտատեսակ, չէր նախապատրաստվում մանրակրկիտ: Այդ սխալները հետագայում բերել էին այն կանոններին, որ հարձակումը իրականացնել` միայն պաշտպանության մեջ հակառակորդին հյուծելով, հետո միայն, վերադասից ստանալով ահռելի նոր միջոցներ, անցնել հարձակման կամ նախապես հարձակվել մի քանի անգամ փոքր ուժերի վրա: Այլ տեսակի հարձակումները, հատկապես` կանխարգելիչ հարվածները, որոնք ենթադրում էին առավելագույն որակական հատկանիշներ, չէին ընդունվում, ոչ մի կերպ, ավելին մերժվում էին: Նման մոտեցումները անգամ այն ժամանակ էին ենթադրում մեծ ժամանակ նախապատրաստվելու համար և մեծ միջոցները գործը գլուխ բերելու համար: Ժամանակը, սակայն, ցույց տվեց, որ այդ ճանապարհն ընդունելի չէ, հատկապես` ոչ ահռելի մարդկային և նյութական ռեսուրսներ ունեցող երկրների համար: Արդեն մերձավորարևելյան դասական պատերազմները ցույց տվեցին, որ դա ընդունելի չէ, և նման մեթոդներին դիմողները, որպես կանոն, պարտվում են:

Իսկ նոր սերնդի պատերազմը, որը ծնվեց Սառը պատերազմի ավարտին, այդ դանդաղ ու ռեսուրսային մեթոդին ոչ մի հնարավորություն չթողեց: Ժամանակի գործոնը գնալով ավելի կարևորվեց: Մենք դեռ կնշենք այն մասին, թե որքան արագ է ամեն ինչ որոշվում, և որքան արագ են նաև հնանում որոշումները, լուծումներն ու միջոցները:

Այստեղ կանգ առնենք ևս մեկ գործոնի վրա, որը ժամանակի հետ ուղղակի առնչություն ունի, սակայն ինքնուրույն կարևոր գործոն է: Դա կանխատեսելիության գործոնն է: Հակառակորդին մոլորեցնելու, սեփական մտահղացումներն ու պլանները քողարկելու գործընթացը ծրագրավորած ու համակարգված ձևով դառնում է կանխատեսելիության ցուցիչ: Եթե դու կանխատեսելի ես ընդհանուր առմամբ, ապա հստակ չունենալով անգամ քո պլանները հակառակորդը կարող է քո դեմ մեթոդներ գտնել, եթե դու անկանխատեսելի ես, ապա դժվար է քո դեմ մեթոդները գտնելը: Մարտավարական և օպերատիվ մակարդակում կանխատեսելի լինելը հավասարազոր է պարտության: Հակառակորդը չպետք է իմանա, թե դու ինչ կանես հաջորդ քայլում, ինչպես կհարձակվես, որ կողմից, ինչ մարտավարություն կբանեցնես, նա պիտի վստահ լինի, որ դու շաբլոնային մեթոդների չես դիմի: Սա կարևոր գործոն է, և այն ուղղակի առնչվում է ժամանակի ու արագության հետ: Սակայն ռազմավարական մակարդակում այս գործոնն արդեն միանշանակ բացասական չէ: Այստեղ գործում են այլ կանոններ:

Քանի դեռ մարտական ինտենսիվ ու մեծ գործողությունները վարվում են կարճ ժամանակում, մեծաթիվ բանակներ կարող են մերժվել, մենք դա մասնակիորեն արդեն տեսնում ենք: Ավելի մեծ կիրառություն կգտնեն փոքր և արագագործ բանակները[24]: Իսկ մարտական նման գործողությունները չեն կարող երկար տևել, քանի որ տնտեսությունները գլոբալ են, այսինքն` այդ պատերազմը կխանգարի չափազանց մեծ թվով երկրների շահերին, հետևաբար` բոլորը կստիպեն այն շուտ դադարեցնել: 2000-ական թվականներից ականատես ենք լինում, որ դեռեւս ոչ մեկի չի հաջողվում ստեղծել անկախ մեծ դաշինքներ ու սանձազերծել մեծ պատերազմներ: Այդ գլոբալացումն, ըստ էության, ամենից շատ նախաձեռնվում է նոր սերնդի պատերազմների ստեղծող համարվող ԱՄՆ-ի կողմից և լավագույն ձևով էլ օգտվում է այդ համակարգից, քանի որ իր բանակը պատրաստ է այդ պահանջներին: Սա, իհարկե, չի նշանակում, որ բանակները փոքրանալու են մինչև ջոկատներ, այս միտումը հաճախ ծայրահեղացվում է:

Այս հարցում կրթական համակարգը անկյունաքարային է: Կրթությունը նույն նշանակությունը ունի նաև զինվորական մասնագետի կայացման համար: Օրինակ` լավ մասնագետը չի կարող լավ կրթված չլինել, լավ մասնագետը չի կարող կարծրատիպերով առաջնորդվել: Հետևաբար` լավ հրամանատարը որոշումների կայացման ազատություն պետք է ունենա: Այդ առումով դասական պայքարի մեջ են ռազմական կառավարման քանակական և որակական դպրոցների ներկայացուցիչների մոտեցումները:

Առաջինը կարելի է բացատրել հետևել բանաձևով` ՑՈՒՅՑ ՏՈՒՐ-ԹՈՒՅԼԱՏՐԻՐ-ՎԵՐԱՀՍԿԻՐ:

Իսկ երկրորդ համակարգը գործում է այս բանաձևով` ՍՈՎՈՐԵՑՐՈՒ-ՎՍՏԱՀԻՐ-ՀԵՏԵՎԻՐ:

Բանն այն է, որ նման բանակները, մեծ տեղ տալով պատրաստությանը, գործի իմացությանը, որակին` ընդհանրապես, մշտապես ստեղծագործ մտածելակերպով նորարարություններ են կատարում: Մարտի, պատերազմի սկզբնական փուլում հաջողության են հասնում առավել պատրաստ, ավելի բարձրակարգ, ավելի արագագործ բանակները, հաջորդ փուլերում կարող են հաղթել վատ պատրաստված, սակայն մեծ միջոցներ ունեցող բանակները:

Ռազմավարությունը մարտավարությունից առաջինը տարանջատող ռազմական տեսաբան Դիտրիխ ֆոն Բյուլովը նշում էր. «Ես երեք անգամ կարող եմ ստորագրել այն, թեկուզ նոր, կանոնի տակ, որ երբեք չարժի վարել պաշտպանողական պատերազմներ, այլ հարկավոր է անհապաղ անցնել հարձակողականի` գործելով հակառակորդի թևերում ու թիկունքում»[25]: Այս միտքը հստակ նշանակում է, որ բարձրակարգ և արագագործ բանակները հարձակմամբ կարող են հաղթել:

 

Առաջարկներ մեզ համար

Այսպիսով` մենք հստակեցրեցինք, որ մեր ճանապարհը որակական ճանապարհն է, իսկ որակական ճանապարհը ընտրածները պատերազմում են ջախջախման և բոլորովին ոչ հյուծման մեթոդներով: Այն բանակները, որոնք չեն կողմնորոշվում մոդելների ընտրության մեջ և դոկտրինալ առումով կատարում են սինթեզում, դատապարտված են պարտության: Մարտավարական մակարդակում կարող են լինել ճկուն փոփոխություններ ջախջախումից դեպի հյուծում, երբեմն` օպերատիվ մակարդակում ևս, բայց երբեք ու երբեք ոչ ռազմավարական մակարդակում: Պետությունը, բանակը պետք է շատ հստակ ընտրի ու մնա հետևորդ այն մոդելին, որը բխում է իր ռեսուրսներից ու կրթական, ազատական մակարդակից, արժեհամակարգից: Իսկ ջախջախման մոդելի նախապայմաններից է որակյալ կրթությունը, որի շնորհիվ ստեղծվում են նախ` ճկուն ու կայուն կառավարման համակարգ և արհեստավարժ, սակավաթիվ ու շարժունակ զորքեր:

Ադրբեջանի այս գերռազմականացումը կանխելու համար անհրաժեշտ են կոնկրետ քայլեր, այնպիսի քայլեր, որոնք ասիմետրիկ լինեն, ջախջախման մոդելի շրջանակներում լինեն և բոլորովին ոչ` հյուծման մոդելի չափորոշիչներով:

Այժմ մի քանի խոսքով նշենք նաև այն մեթոդների և զորատեսակների մասին, որոնք կարող են չեզոքացնել ադրբեջանական գերակայությունը և այդ չեզոքացումը կարող են անել փոքր ուժերով ու ծախսերով: Այսինքն` դրանք փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելու լավագույն գործիքակազմն են: ԶՈւ-ն պետք է զարգանա համաչափ, և բոլոր զորատեսակներն էլ չափազանց կարևոր են, սակայն կան զորատեսակներ, որոնք դասական մարտական գործողություններից մինչև անկանոն մարտական գործողություններ վարելու համար ամենաճկունն են, ամենադինամիկ զարգացողներն են և կարող են արագորեն փոխել իրավիճակը:

  1. Զորակոչի և զորահավաքի հարցում պետք է կատարել բարեփոխումներ: Անհրաժեշտ է ֆինանսական միջոցների ներգրավմամբ ավելացնել պայմանագրայինների տարրը բանակում: Ներդնել ակտիվ պահեստազորայիններին, բոլոր քաղաքացիներին պարտադիր մեկ-երկու տարին մեկ երկու-երեք ամսով պարտադիր զորակոչել և ներգրավել սահմանային ծառայության մեջ: Սահմանամերձ գյուղերում ներդնել մշտական արագ արձագանքման խմբերը` զինելով դրանք: Սփյուռքահայերից ստեղծել հատուկ ստորաբաժանումներ` նրանց հնարավորություն տալով ծառայել թեկուզ կես տարի:
  2. Հայաստանում և Արցախում զենքի վաճառքը հարկավոր է հնարավորինս ազատականացնել և մեծ զարկ տալ հրաձգային մրցաձևերին ու ակումբներին:
  3. Մարտական պատրաստությունը: ՑԶ-երի հիմնական զորամիավորումները և զորքերը ևս պետք է անցում կատարեն նոր մարտավարության, ավելի ակտիվ գործողությունների, ավելի ինքնուրույն և նախաձեռնողական քայլերի: Դրա համար հրամանատարությունը պետք է  ունենա որոշումների կայացման ավելի մեծ ազատություն, գործողությունների իրականացման ավելի ճկուն միջոցներ և համակարգեր, այդ տեսանկյունից հետաքրքիր են մարտավարական գումարտակային խմբերը, որոնք մեծ ինքնաբավություն ունեն, սեփական հզոր հրետանի ու զրահամիջոցներ ունեն: ՊՇ-ների և գնդերի կազմում գործող գումարտակներն ու առանձին վաշտերը կարող են, ուժեղացվելով տարբեր խոցման և կառավարման միջոցներով, մասնավորապես `ականանետներ, զրահամիջոցներ, ԱԹՍ-ներ և այլն, դառնալ առանձին մարտավարական հզոր միավորներ: Դրանք պետք է հիմնականում գործեն առանձին` ունենալով իրենց ուժեղ շտաբները: Իհարկե, այս ամենը ենթադրում է մարտական պատրաստության ծրագրերի և նորմերի վերանայում: Ավելի մեծ ուշադրություն է պետք դարձնել գիշերային պարապմունքներին, մարտավարական խմբերով ու գրոհող խմբերով գործողություններին և այլն:
  4. Մարտավարությունը: Մենք վերն արդեն փաստեցինք, որ պաշտպանությունը լուծում չէ, հատկապես` ոչ զորաշարժային պաշտպանությունը: Պաշտպանության ժամանակ հնարավոր չէ ջախջախել հակառակորդի` առանց այն էլ ավելի մեծ խմբավորումները: Պաշտպանությունը ենթադրում է մեծ հյուծման գործընթաց, որից հետո դու ուժեր պետք է հավաքես, որ անցնես հակահարձակման, իսկ մեր դեպքում այդ ուժերը մեկն են, որոնք կարող են մաշվել արդեն պաշտպանության ժամանակ: Այդ ուժերն ու միջոցները վերաբերում են և զորքին և տեխնիկային: Մեր միջոցները պետք է կիրառվեն մեկ անգամ, և դա հարձակումն է: Ոչ պաշտպանության օգտին է խոսում նաև պահեստազորի հանգամանքը: Պաշտպանության ժամանակ, անկախ քո գործողությունների արագությունից, քո պահեստազորը կարող է ուշանալ, այն կարող է ենթարկվել ռմբակոծության արդեն կապուղիների վրա, իսկ հարձակման ժամանակ այն կանխավ, քո պլանով արդեն զբաղեցրել է իր տեղերը:
  5. Հարկավոր է մեծ զարկ տալ օդուժին, ճկուն, մարտական կործանիչների առաջնորդությամբ և մեծաքանակ ու տարատեսակ ԱԹՍ-ներով հագեցած օդուժը: Նախ անհրաժեշտ են կործանիչներ, գոնե մեկ էսկադրիլիա ռուսական «Су-30СМ» կործանիչներ: «Су-30СМ» մեկ էսկադրիլիան միաժամանակ կարող է լուծել այն մարտական խնդիրները, որոնք պետք է լուծեն` «Իսկանդեր»-ների և «Տոչկա»-ների կամ «Սմերչ»-ների,« Բուկ»-երի և ավելի հեռահար ՀՕՊ միջոցների մեկական դիվիզիոնները` միաժամանակ ունենալով նաև որոշակի ՌԷՊ միջոցներ: Այս երկու խոցման միջոցների, և երկու պաշտպանության միջոցների դիվիզիոնները միասին վերցրած արժեն մոտավորապես 700-800 մլն դոլար, այն էլ դրանց օգտագործած տարբերակներով: Կործանիչների նույն էսկադրիլիան, լրիվ նոր ինքնաթիռներով, արժի մոտավորապես 300-400 մլն դոլար, այսինքն` մոտ երկու անգամ քիչ գումար: Նույն ժամանակ սպասարկման ծախսերը ժամանակի ընթացքում այդ չորս դիվիզիոններից ցածր են մոտավորապես մեկ ու կես երկու անգամ: Մենք այստեղ չենք հաշվում հրանոթային հրետանու որոշ տեսակների գինը, որոնց ձեռք բերումը ևս կարևոր է: Այստեղ կա ևս մեկ ռազմավարակա գործոն` «առաջին հարվածի» սկզբունքը դառնում է գերակայող, իսկ այս դեպքում բալիստիկ հրթիռներով դա իրականացնելը ավելի դժվար է, քան օդուժով: Օդուժը կարող է մարտական համապատասխան աստիճանի կարող է բերվել ավելի արագ և ավելի անակնկալ: Նման հզոր հարվածային կործանիչների հետ մեկտեղ պետք է ձեռք բերել մարտական հարվածային ուղղաթիռներ, գոնե երեք-չորս տասնյակ քանակով, նույն ժամանակ նաև ավելի շատ տրանսպորտային ուղղաթիռներ, որոնց դերակատարությունը արագաշարժ պատերազմների ժամանակ չափազանց կարևոր է: Ամեն բանակային զորամիավորում պետք է ունենա իր ԱԹՍ-ների, հարվածային և հատկապես տրանսպորտային ուղղաթիռների էսկադրիլիան:
  6. Մեր` արդեն ունեցած կրակային միջոցների արդյունավետության բարձրացման համար հարկավոր են կրակի կառավարման գիշերային համակարգեր, խոսքը հատկապես հրետանու մասին է: Հրետանու կրակի կառավարման հարցը չափազանց կարևոր է, ցերեկային և գիշերային պայմաններում այդ կրակը պետք է կառավարվի իրական ժամանակում` օգտագործելով ԱԹՍ-ները և այլ միջոցներ: Նույն ժամանակ պետք է առանձնահատուկ տեղ հատկացնել նաև հրետանային միջոցների խուսավարմանը, պետք է նվազեցնել քարշարկվող միջոցների քանակը: Ընդ որում` այսօր լայնորեն կիրառվում է նաև գործող հրանոթների և հաուբիցների տեղադրումը տարբեր բեռնատարների վրա: Հրետանային համակարգերի քանակը ադրբեջանական բանակում ևս մի քանի անգամ գերազանցում է հայկական բանակի հրետանու քանակին: Այս հարցում ևս պետք է կատարել որոշակի քայլեր, հատկապես` մեծ տրամաչափի ականանետների և ինքնագնաց ու հեռահար նոր սերնդի հաուբիցների ձեռք բերմամբ: Սակայն հրետանու մասով մեր զիջումը ևս հիմնականում կարելի է չեզոքացնել օդուժի միջոցով: Ճկուն օդուժը կարող է գործել հրետանու հեռահարությունից մինչև ռազմավարական խորություն: Այդպիսով` մենք կարող ենք մինչև 3-4 անգամ քիչ գումարներով չեզոքացնել ադրբեջանական գերազանցությունը և առավելությունը վերցնել մեր ձեռքը:
  7. Հաջորդը հատուկ նշանակության զորքերի տեսակարար կշռի ավելացումն է: Հատուկ նշանակության զորքերը` ինչպես դրանց դասական ընկալմամբ, այնպես էլ դրա մի քանի տարատեսակները` զորային հետախուզության ստորաբաժանումներ, դիվերսիոն խմբեր, լեռնահրաձգային շարժունակ փոքր ստորաբաժանումներ, թեթև հետևակ և այլն: Նմանատիպ ստորաբաժանումները ցամաքային զորքերից միակն են, որոնք կարող են գործել շատ ճկուն, ինչպես պաշտպանության ժամանակ, այնպես էլ հարձակման, կարող են գործել նաև հակառակորդի խորքում և լինել շատ արդյունավետ: Նման ստորաբաժանումները կարող են հակառակորդին մշտապես հասցնել խայթող հարվածներ, կատարել դիվերսիաներ, գրավել առաջնագծի որևէ օբյեկտ, որևէ դիրք, սակայն, ըստ անհրաժեշտության, կարող են հետ քաշվել` դրանով ապահովելով պաշտպանության ճկունությունը, առաջնագծում նախաձեռնությունը վերջնական վերցնել մեր ձեռքը և այլն: Իսկ լայնամասշտաբ մարտական գործողությունների ժամանակ նման ստորաբաժանումները կարող են լրջորեն սպառնալ հակառակաորդի կոմունիկացիաներին, հաղորդակցության ուղիներին, ոչնչացնել շտաբներ, կարևոր թիրախներ և այլն: Վերջին հնդկա-պակիստանյան պատերազմի ժամանակ բարդ անտառային տեղանքում հենց նման ստորաբաժանումների շնորհիվ հնդկական բանակը կարողացավ հաղթանակ տանել: Օրինակներ շատ կան, հատկապես` վերջին անկանոն մարտական գործողությունների ժամանակ, որոնք վարվում են Իրաքում, Սիրիայում, Ուկրաինայում և այլուր:
  8. Իհարկե, զուտ հատուկ նշանակության զորքերով հնարավոր չէ իրականացնել ստատիկ, կայուն պաշտպանությունից անցումը դեպի ճկուն պաշտպանության: Դրա համար ՑԶ-երի հիմնական զորամիավորումները ևս պետք է կրեն, որոշակի փոփոխություններ: Հայկական զինված ուժերը պետք է ուշադրություն դարձնեն նաև զրահամիջոցներին, այն էլ խառը զրահամիջոցներին, որոնց մեջ են մտնում տանկերը, հետևակի մարտական մեքենաները և նոր տեսակի զրահամիջոցները: Դրանք պետք է ունենան դինամիկ և ցանկալի է նաև ակտիվ պաշտպանություն հակատանկային միջոցներից: Լավագույն տարբերակներից է հենց ռուսական «Т-72Б4» տանկերը, որոնց ստորաբաժանումները համալրվում են նաև «БМПТ-2» մարտական մեքենաներով: Այս միջոցների հիման վրա ստեղծված զրահավորված զորամիավորումները պետք լինեն արագաշարժ, ունենան սեփական ինքնագնաց հրետանային ստորաբաժանումներ, լավ կառավարման համակարգ, սեփական հետախուզական, կրակի կառավարման և մարտական ԱԹՍ-ներ և մեծ ինքնաբավություն: Այս զորամիավորումները պետք է ունենան գրեթե հավասարաչափ զրահամիջոցներ և ինքնագնաց հրետանի: Առանց այս միջոցների հնարավոր չէ վարել հարձակողական պատերազմ: 

 

Հավանական սցենարներ

Նման զորքերի և մարտական պատրաստության առկայության դեպքում հայկական զինված ուժերը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի զորքերի հիմնական դասավորությունը և գործողությունների պլանները քողարկվեն հիմնականում ակտիվ տեղաշարժերի միջոցով: Հայկական զինված ուժերը պետք է կազմեն ճկուն հարձակողական պլան, որի իրականացման հաջողությունը պետք է հիմնված լինի հրամանատարական կազմի ինքնուրույն և նախաձեռնողական մոտեցումների, անձնակազմի մարտական բարձր պատրաստության և, որոշ զինատեսակների դեպքում, որակյալ առավելության վրա:

Դրանից հետո, օգտվելով հակառակորդի քայլերից ու ագրեսիվությունից, առանց պատերազմ հայտարարելու, արագ ու կանխավ, թեկուզ մաս-մաս կատարված մոբիլիզացիայից հետո, հայկական օդուժի անակնկալ հարվածի հետ զուգահեռ, հայկանան ցամաքային զորքերը պետք է անցնեն հարձակման: Հարձակումը պետք է լինի շատ արագ, այնքան արագ, որ ուղղակի հակառեակցիան անիմաստ լինի և արդեն հարվածների ենթարկված ենթակառուցվածքների պարագայում դառնա մի մեծ ու անկառավարելի գործընթաց ադրբեջանական ԳՇ-ի համար: Օդուժը առաջին հարվածները պետք է հասցնի օդանավակայաններին և առանց ժամանակ կորցնելու անցնի հրամանատարական կետերին ու Կուր գետի կամուրջներին: Ադրբեջանական կորպուսների մատակարարման ուղիները ուղղակի պետք է մշտապես ենթարկվեն հարվածների: Հարձակման հիմնական ուղղությունը պետք է լինի Մարտակերտ-Թարթառ-Եվլախ ուղղությունը: Ձորախմբի ձախ թևով պետք է հարվածել Գանձակի ուղղությամբ, արագ հաջողության չհասնելու պարագայում անգամ կարելի է շրջափակել քաղաքը` թողնելով, որ խաղաղ բնակչությունը հանգիստ դուրս գա քաղաքից և լրացուցիչ խնդիրներ ստեղծի առանց այն էլ մատակարարման խնդիրներ ունեցող ադրբեջանական բանակի համար: Այս ուղղությամբ հայկական բանակի դիրքերը Կուրից հեռու են ընդամենը 50 կմ:

Նույն ժամանակ Արցախյան բանակի ուժերով կարող է օգնող հարված հասցվել նաև կենտրոնական և հարավային ուղղությամբ` որևէ բարենպաստ գծերով, որը թույլ կտա իրավիճակը: Հիմնական հարվածին օգնող և նույն խնդրի լուծմանը նպաստող մյուս հարվածը պետք է հասցնի ՀՀ ԶՈՒ Երրորդ բանակային կորպուսը, որը կենտրոնով հասցված հիմնական հարվածով, Թովուզի շրջանում հակառակորդի ուժերը պետք է բաժանի երկու մասի և, իր ձախ թևից հասցնելով երկրորդ հարվածը Ղազախ-Թովուզ գծով, պետք է թեքվի դեպի արևելք ու, նեղ ճակատով ադրբեջանական բանակին մաքրելով, դուրս բերի Շամքոր-Գանձակ ուղղություն ու փորձի Արցախյան բանակի ձախ թևի հետ ստեղծել լիարժեք ակցան: Այս գործողությունների հաջող իրականացմանը կարող են նպաստել նաև լավ ճանապարհային ցանցը, որը գոյություն ունի այս հատվածում:

Եթե օդուժը երկու օրում թեկուզ միայն օպերացիոն այս ուղղությամբ վերջնական ստանա օդային լիարժեք գերակայություն, ապա ադրբեջանական զինված ուժերի ցանկացած վերախմբավորում կամ համալրում կարող է վիժեցվել, իսկ մարտական գործողությունները կդառնան լիովին կանխատեսելի: Այս և այլ խնդիրների համար կարող է և պետք է լայնորեն կիրառվի օդային դեսանտ: Մինչև գումարտակի կազմով օդային դեսանտը, որը կարող է իջեցվել մինչև 15-20 կմ խորությամբ, պետք է կարողանա ժամանակին չեզոքացնել կարևոր հանգուցային կետեր, խնդիրներ ստեղծել կոմունիկացիաների վրա, ոչնչացնել կամուրջներ և այլն: Կանխելով հակառակորդի առաջին վերախմբավորման և հակագրոհի փորձերը, թեկուզ տեղ-տեղ կատարելով մարտավարական նահանջ` հայկական զորքերը պետք է ստեղծեն նոր, ավելի փոքր խմբավորում, որը կջախջախի Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ եղած հակառակորդի ուժերի մնացորդները և օդուժի հզոր հարվածների տակ դուրս կգա Մինգեչաուր: Վերջինիս գրավումով Ադրբեջանը կկորցնի իր հյուսիսարևմտյան շրջանները, որոնք առանց այդ էլ, առանց բնական ու աշխարհագրական կապի, սեպի պես մխրճված են ՀՀ և Վրաստանի միջև:

Նույն ժամանակ հայկական ԶՈւ-ն, հիմնական ուժերը վերախմբավորվելով, պետք է կատարի աջաթևյան զորաշարժ և հասցնի հարված Բարդա-Աղջաբեդի ուղղությամբ և օգնի չորրորդ ՊՇ-ի հիմքով ստեղծված հարվածային խմբավորմանը: Այստեղ հասնելով հաջողության, որը ապահովում է ճկուն օդուժը, հայկական ուժերը պետք է անցնեն հաջորդական ակտիվ գործողությունների արդեն հարավում:

Կենտրոնում և հարավում անգամ հասնելով մասնակի հաջողությունների և հետ մղելով հակառակորդի անկանոն հակագրոհները` հայկական բանակի հիմնական ուժերը պետք է հասնեն մինչև Կուր- Մինգեչաուր-Եվլախ-Զարդոբ ուղղությամբ և Արդբեջանը դրանով փաստացի մասնատեն երկու նոր մասերի: Անգամ հետագա հաջողությունների զարգացման դժվարությունը Կուրի ձախակողմյան լայն շրջադարձի հունով, միևնույն է, Ադրբեջանին կկանգնեցնի ծանր պարտության և անգամ մասնատման առաջ և կապահովի վերջնական հաղթանակ:

Հակառակորդի հակագրոհներից պաշտպանվելու համար կարելի է ստեղծել ամուր պաշտպանական բնագիծ Կուրի հոսանքով դեպի հարավ` մինչև Զարդոբ, որից հետո դեպի արևմուտք Աղջաբեդի, որից դեպի հարավ-արևելք`մինչև Բահրամթեփե, այսինքն` Արաքսի հունով դեպի իրանական սահման: Այս սահմանը, շնորհիվ ջրային լավ ցանցի, կարող է դառնալ լավ պաշտպանական շերտ ու բնագիծ: Նույն ժամանակ հայկական օդուժը կարող է հասցնել հեռահար հարվածներ հակառակորդի վերախմբավորման փորձ կատարող բանակի հիմնական ուժերի նկատմամբ` թույլ չտալով ձևավորել հզոր հարձակողական խմբավորումներ:

Ընդհանուր հարձակողական գործողությունը կարող է տևել երեքից չորս շաբաթ` ամեն հիմնական բնագիծ դուրս գալուց հետո կատարելով զորախմբերի վերախմբավորումներ երկուսից երեք օր ժամանակում: Օդուժը պետք է կատարի առնվազն օրական 160-200 մարտական թռիչք` չհաշված տրանսպորտային թռիչքները: Օդուժը հատկապես ակտիվ պետք է լինի զորախմբերի վերախմբավորումների ժամանակ: Այստեղ մեծ դեր պետք է ունենան տրանսպորտային ուղղաթիռները, որպես ամենաարագ միջոցներ: Դրանք պետք է կատարեն նաև օդային դեսանտավորում: Զրահատեխնիկայի և հրետանու համար ընդհանուր մարտապաշարի ծախսը կարող է կազմել մինչև 8-10 մարտապաշար, ինչը ենթադրում է մատակարարման հստակ ու արագ գործող համակարգ:

Ահա այն բանաձևը կամ ճանապարհը, որով պետք է ծնկի բերել հակառակորդին

Վան Սեբաստացի

 



[1] М.Спик. Истребители Асы…, стр. 253; М.А. Жирохов. История ВВС Израиля. М.-Минск, 2001, стр. 157.

[2] Pollack 2004, p. 59.

[3]  M. Oren, 6 days of war, electronic edition, Section "The War: Day One, June 5", p. 178

[4]  Oren, p. 180

[5]  Oren, p. 181

[6] Oren, p. 202; Six Day War". Israeli-weapons. Retrieved February 1, 2012.

[7] Oren, p. 248.

[8] А.Алексеев. Военно-воздушные силы и ПВО Израиля, ЗВО, 2.2002, стр. 28; О. Грановский,  Войска ПВО АОИ. http://www.isayeret.com/units/air/7298/article.htm, http://www.isayeret.com/units/air/egrophan/article.htm, http://www.iaf.org.il/

[9] Սա այն ժամանակ էր, երբ եվրոպայում խորհրդային զորքերը լուրջ անհանգստություն էին պատճառում Հյուսիսատլանտյան դաշինքին: Այնտեղ հաշվում էին, որ խորհրդային տանկային լավաները մի քանի օրում կարող են հասնել մինչև Լա-Մանշ:

[10] Шиф, Зеев. Землетрясение в октябре. Изд. «Наша библиотека», 1975, стр. 25-70.

[11] Саад эль-Шазли «Форсирование Суэцкого канала». - М. : Библос-консалтинг, 2008, стр. 228-257.

[12] Field Marshal El-Gamasy. The October War: Egypt.– December, 1993, pp. 264-290.

[14] George Gawrych. The Albatross of Decisive Victory: War and Policy Between Egypt and Israel in the 1967 and 1973 Arab-Israeli Wars. Greenwood Publishing Group. 2000. pp. 220-230.

[15] The Yom Kippur War: The Epic Encounter That Transformed the Middle East. Schocken. Abraham Rabinovich. 2005. pp. 400-477.

[16] Նույն տեղում:

[17] Edgar O'Ballance. No Victor, No Vanquished: The Yom Kippur War(1979 ed.). Barrie & Jenkins Publishing. Chapter 7: "The Syrians attack", pp. 119–146.

[18] Rabinovich Abraham (2004). The Yom Kippur War. Schocken Books. pp. 300-498.

[19] Edgar O'Ballance. No Victor, No Vanquished: The Yom Kippur War(1979 ed.). Barrie & Jenkins Publishing. Chapter 7: "The Syrians attack", pp. 119–146.

[20] Abraham Rabinovich, (2005). The Yom Kippur War. New York: McGraw-Hill. pp. 160-167. 

[21] Abraham Rabinovich, (2004). The Yom Kippur War. Schocken Books. p. 300-380; Edgar O'Ballance. No Victor, No Vanquished: The Yom Kippur War(1979 ed.). Barrie & Jenkins Publishing. Chapter 7: "The Syrians attack", pp. 119–146.

[22] Arab MiG-19 and MiG-21 Units in Combat (2004). David Nicolle, Tom Cooper. Osprey Publishing. pp. 66-67.

[23] Э.Тоффлер. Война и антивойна. М., 2005, стр 84-96.

[24] Սակայն այստեղ էլ կա հակառակ երևույթը, օրինակ փոքր բանակները ավելի են իրենց տեղը հաստատում, սակայն ասիական հզորացող երկրները չկարողանալով շատ կրճատել բանակները գնում են երկու բանակների ճանապարհով: Ունեն մեծ բանակ, որը այնքան էլ մարտունակ չէ, դրա մի մասը սակայն առանձնահատուկ հագեցվածություն ու պատրաստություն է ստանում: Այդ լուծումը ժամանակին կիրառել են շատ բանակներ, սակայն այսօր դա չինական, հնդկական, ռուսական բանակներում ծայրահեղ աստիճանի է հասնում:

[25] Залесский К.А. Германская военная мысль. М.,2012г., стр. 60.