կարևոր
2452 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-13 14:35
Հասարակություն

ՀՀ-ում ավելանում է Covid-ով վարակվածների թիվը. հիվանդության նոր տարբերակ է հայտնաբերվել

ՀՀ-ում ավելանում է Covid-ով վարակվածների թիվը. հիվանդության նոր տարբերակ է հայտնաբերվել

Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության աճ, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված հիվանդացության ակտիվություն։ Միաժամանակ ՀՀ-ում դետքային համաճարակաբանական հսկողության շրջանակներում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում գրիպի վիրուսի հարուցիչներ չեն հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

«Այլ շնչառական վարակներից հայտնաբերվել են ռինովիրուսի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի և կորոնավիրուսային հիվանդության (SARS-COV-2) հարուցիչներ, գերակշռում են կորոնավիրուսային հիվանդության (SARS-COV-2) հարուցիչները»,- ասված է գերատեսչության պատասխանում։ 

Նշվում է, որ Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է կորոնավիրուսի EG.5 (Էրիս) տարբերակը։ Նոր ենթատեսակի ախտանշաններն են հազը, փռշտոցը, գլխացավը, ջերմությունը։ Հանրապետությունում շրջանառվում են նաև XBB.1.5 (Կրակեն), XBB.1.16 (Արկտուրուս) տարբերակները։

Կորոնավիրուսի վերարտադրության ցուցանիշը կազմում է Rt=1.4։ Ավելին` Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի սկզբից հոկտեմբերի 9-ը ներառյալ COVID–ասոցացված կավասակիանման համախտանիշ արձանագրվել է մինչև 18 տարեկան 12 երեխայի մոտ, բոլորը ստացել են համապատասխան բուժում:

Միաժամանակ ՀՀ-ում մինչ օրս կապիկի ծաղիկ հիվանդության դեպք չի արձանագրվել: Վարակի ներբերման և տարածման վտանգը Հայաստանում համարվում է ցածր։

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը սուր շնչառական վիրուսային վարակների, գրիպի և կորոնավիրուսային վարակների աճի ֆոնին խորհուրդ է տալիս պատվաստել, իսկ սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշանների դեպքում (ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մարմնի ցավեր, կոկորդի ցավ, չոր հազ) դիմել բժշկական հաստատություններ և ժամանակին բժշկական օգնություն ստանալ: