Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ և վերլուծությամբ պարզվել է, որ նախորդ տարիներին մարզի վարչական տարածքում բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների՝ հատկապես պոռնկության զբաղվելուն նպաստելու դեպքեր չեն արձանագրվել: Վերջինս, սակայն, ոչ թե մարզում այդ բնույթի հանցագործությունների լիարժեք բացակայության մասին է վկայում, այլ այդպիսիք բացահայտելու ուղղությամբ տարվող աշխատանքների անբավարարության:
Լոռու մարզի դատախազի կողմից դեռևս 2017թ. նոյեմբերին և 2018թ. մարտին գրություններ են հասցեագրվել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետին և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետին՝ մարզային վարչությանը ենթակա ստորաբաժանումներում համապատասխան լիազորությամբ օժտված ծառայությունների ներգրավմամբ օպերատիվ-հետախուզական ընդգրկուն միջոցառումներ ձեռնարկելու և այս բնույթի հանցագործությունների բացահայտման աշխատանքները բարելավվելու նպատակով: Դրա հիման վրա իրականացված աշխատանքների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել մարզի վարչական տարածքում գործող մի շարք հաստատություններում պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ:
Այդ տեղեկությունների իրացմամբ, մասնավորապես, ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Լ. Մ.-ն Վանաձոր քաղաքի «Հացատուն Ղշլաղ» կոչվող հյուրանոցում 2017թ. մինչ 2018թ. մարտի 29-ն ընկած ժամանակահատվածում, գույքային օգուտ ստանալու նպատակով տարբեր անձանց հետ սեռական հարաբերություն ունենալու համար պարբերաբար հարմարեցված սենյակներ է տրամադրել մարմնավաճառությամբ զբաղվող երկու կանանց՝ այդ կերպ նպաստելով վերջիններիս պոռնկությամբ զբաղվելուն:
Դեպքի առթիվ 2018թ. մարտի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, Լ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, որում նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել:
Մայիսի 18-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որով արդեն իսկ կայացվել է մեղադրական դատավճիռ:
Մարզի դատախազության նախաձեռնությամբ բացահայտված պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մյուս դեպքերն արձանագրվել են մարզի վարչական տարածքում գործող 5 հյուրանոցային համալիրներում: Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ս. Կ.-ն 2016թ. վերջերից 2017 թվականի կեսերն ընկած ժամանակահատվածում, Վանաձոր քաղաքում գործող մի շարք հասարակական սպասարկման հաստատություններում՝ հյուրանոցային համալիրներում և շոգեբաղնիքների հարմարեցված սենյակներում, վերջիններիս աշխատակիցների հրավերով պարբերաբար սեռական հարաբերություններ է ունեցել տարբեր անձանց հետ, ինչն իրենց ցուցմունքներում հաստատել են նաև նրա հետ վարձատրության դիմաց սեռական հարաբերություն ունեցած անձինք:
ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ներկայումս կատարվում է նախաքննություն:
Բացահայտված մյուս դեպքն արձանագրվել է Վանաձոր քաղաքի վարչական տարածքում գտնվող մասնավոր բնակարանում, որի սեփականատեր Մ. Ն.-ն գույքային օգուտ ստանալու նպատակով, տարբեր անձանց հետ սեռական հարաբերություն ունենալու համար պարբերաբար բնակարանը տրամադրել է մարմնավաճառներին ՝ այդ կերպ նպաստելով վերջիններիս պոռնկությամբ զբաղվելուն:
Այս դեպքով 2018 թվականի հուլիսի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ այս բնույթի այլ դեպքեր բացահայտելու, հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքին իրավական գնահատական տալու ուղղությամբ: