Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքացիներին փոստային առաքմամբ ուղարկվող ծանուցումները փոխարինել առավել քիչ բյուջետային միջոցներ պահանջող մեթոդով. Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի 2-րդ նիստում «Ելք»-ի հերթական առաջարկը ներկայացրեց պատգամավոր Լենա Նազարյանը: «Մինչև հիմա այդ ծանուցումների վրա ամեն ընտրության ծախսվել է կես միլիոն դրամ: Ինձ համար անակնկալ էր այդ թիվը: Կարելի է բջջային հեռախոսներին ծանուցում ուղարկել, շատ ավելի էժան է»,- ասաց պատգամավորը:
ՀՀԿ ներկայացուցիչ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ փոստային ծանուցումների արդյունավետության դիտարկումը ողջամիտ է, բայց ռեալ ծանուցման մեխանիզմ չէ` հաշվի առնելով ծանուցման օրենսդրական պահանջները:
Նազարյանը նշեց, որ կարելի է մտածել ծանուցման այլ առաջարկներ, ուղղակի ողջամիտ չէ այդքան գումար ծախսել:
Հովհաննիսյանն էլ համաձայնեց, որ գումարի հարցը ծագում է, բայց կարևորը` ծանուցումը հասնի հասցետիրոջը, և դա պետության ջանքն է: «Գյուղական համայնքներում ոնց ենք ապահովելու տատիկ, պապիկին հասցնելու ծանուցումը, պաշտոնական էլեկտրոնային փոստի՞ն ենք ուղարկելու, կհասնի՞, ես կասկածում եմ, կամ` բջջայինը: Ավանդական տարբերակը դրա համար է մնացել»,- ասաց նա:
ՀՀԿ-ն ներկայացնող Վիգեն Սարգսյանն ասաց, որ ինքն առաջարկ ունի: «Մենք այն չափի երկիր չենք, որ հեռավոր մի գյուղում կարող է տեղյակ չլինեն, որ համազգային ընտրություններ են: Կարծում եմ` բոլորը տեղյակ են, հատկապես` հեռավոր գյուղերում, դա սոցիալական միջոցառում է: Ծանուցումն ինչ խնդիր է լուծում` մարդ կարող է չիմանա տեղամասը, հատկապես` քաղաքում: Առաջարկում եմ օրենսդրությամբ նախատեսել, որ ծառայություն գնվի հեռախոսային օպերատորներից, որ, կարճ հաղորդագրություն ուղարկելով քո անձնագրային համարով, քեզ պատասխան գա, թե քո տեղամասը որն է, որ հասցեում, որը տեխնիկապես հնարավոր է և հեշտ: Այսինքն՝ ես գիտեմ, որ ընտրություն է, տեղամասս չգիտեմ, ես մի կարճ հաղորդագրություն ուղարկում եմ` անձնագրի համարը, և պատասխան է գալիս, որն է իմ տեղամասը: Մնացած բոլորը անգիր գիտեն տեղամասը որտեղ է, ընտրությունները երբ են»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Նա համաձայնեց, որ փոստային ծանուցումն անիմաստ է: «Խնդրում եմ ֆիքսել, որ ես հենց նոր պետբյուջե կես միլիոն վերադարձրեցի»,- կատակեց Սարգսյանը:
Նաիրա Զոհրաբյանն էլ հումորով արձագանքեց. «Ինձ էլ ինչ կտաք, կտաք, հա՞»:
Լենա Նազարյանին առաջարկը դուր եկավ: «Հետաքրքիր լուծում է, շնորհակալ ենք և կարող ենք այս մեխանիզմը ներառել»,- ասաց նա: