Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներն այցելում են մեր տարածաշրջան, իրենց առաքելությունը լիարժեք կատարելու համար պետք է նաեւ Արցախի Հանրապետություն այցելեն, ինչը հաճախ չեն անում: Սա այն կարեւոր թեմաներից մեկն է եղել, որ քննարկվել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնիուս Աժուբալիսի հետ հանդիպման ժամանակ:
Հարցին, թե ի՞նչ պատճառաբանությամբ են միջնորդները խուսափում Արցախ այցելելուց, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բակո Սահակյանն ասաց. «Եղանակից կախված` ոչ միշտ են կարողանում ուղղաթիռ օգտագործել Արցախ գալու համար»,- ասաց եւ հավելեց, թե շուտով այդ հարցն էլ կլուծվի` շահագործման կհանձնվի Ստեփանակերտի օդնավակայանը, եւ եղանակն այլեւս խոչընդոտ չի լինի:
Այսօր առավոտյան ԵԱՀԿ գործող նախագահը ՀՀ արտգործնախարարությունում հանդես էր եկել ադրբեջանական կողմի համար ախորժելի մի առաջարկությամբ, այն է` հայկական կողմը պետք է հետ կանչի դիպուկահարներին շփման գծից:
Սրա վերաբերյալ Բակո Սահակյանն ասաց. «Մենք գտնում ենք, որ այդ եւ նման առաջարկները կարող են ընդունվել միայն այն դեպքում, երբ կողմերը ցուցաբերեն կառուցողական մոտեցում: Մենք այսօր հիմք ունենք հայտարարելու, որ Ադրբեջանն այս տարիների ընթացքում մի քանի անգամ խախտել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները: Եվ նման իրավիճակում մենք չենք կարող միակողմանի ընդունել պարոն Աժուբալիսի առաջարկը»:
Այս նույն առաջարկությունը չի ընդունվել հենց Ադրբեջանի կողմից, ինչը, ըստ Բ. Սահակյանի, նշանակում է, որ Ադրբեջանը շահագրգռված չէ շփման գծում թուլացնել լարվածությունը:
Բ. Սահակյանն ասաց, որ երբ գործող նախագահը ներկայացրել է իր այդ առաջարկությունը, ի պատասխան` ինքը խոսել է երկու օր առաջ տեղի ունեցած միջադեպի մասին, երբ զոհվել է 19-ամյա մեկ զինվոր եւս, եւ առաջին դեպքը չէ, որ երբ տարածաշրջան են այցելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ տեղի են ունենում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումներ, ադրբեջանական կողմն անպայման իրականացնում է դիվերսիոն ահաբեկչական գործողություններ:
«Հետեւաբար մենք գտնում ենք, որ երեկվա միջադեպն էլ դրա վառ ապացույցն էր: Իսկ գործող նախագահը համամիտ է մեր տեսակետի հետ, որ այսպիսի թույլ պայմանավորվածությոնների շրջանակներում դժվար է իրականացնել կոնկրետ միջոցառումներ»,- ասաց Բ. Սահակյանը:
ԼՂՀ նախագահը հավելեց, որ Ադրբեջանի կեցվածքը հուշում է, որ հենց նա պատրաստ չէ նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ արհեստականորեն լարում է ստեղծում, ինչի նպատակը միջնորդների` խաղաղ ճանապարհով հակամարտությունը լուծելու նախաձեռնություններին խոչընդոտելն է:
«Մենք խորապես համոզված ենք, որ զոհվում են անմեղ զինվորներ եւ սպաներ, եւ գործող նախագահին ներկայացրել ենք, որ այդ լարվածությունը որեւէ առավելություն չի տալիս կողմերին: Հետեւաբար, դա եւս մեկ անգամ ապացույց է, որ Ադրբեջանն այդ լարվածությունն արհեստականորեն է ստեղծում»,- նշեց ԼՂՀ նախագահը:
Բակո Սահակյանն ասաց, որ կողմ են նաեւ, որպեսզի ԵԱՀԿ-ն, օգտագործելով իր լիազորությունները, պատժամիջոցներ կիրառի բոլոր կողմերի հանդեպ, ովքեր կխախտեն ձեռք բերված պայմանավորվածությունները: