կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-02 13:44
Քաղաքական

ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը կարող է լրացուցիչ թափ ստանալ. Արմեն Աշոտյան

ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը կարող է լրացուցիչ թափ ստանալ. Արմեն Աշոտյան

Արդեն հայտնել ենք, որ «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունն այսօր ասուլիսում ամփոփել է ԽՎ 7-րդ նստաշրջանի աշխատանքները:

«ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը կարող է լրացուցիչ թափ ստանալ քաղաքական օրակարգում առաջանահերթությունների վերադասավորման հետևանքով և Հայաստանի նկատմամբ առավել մեծ ուշադրության մակարդակով, որի շրջանակում հայկական պատվիրակության առաջարկով ընդունվել է հրատապ բանաձև ԵՄ -ՀՀ համաձայնագրի վավերացման գործընթացի վերաբերյալ»,- ասաց պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը:

Նա նշեց, որ քաղաքական նպատակ են դրել իրենց առջև, որպեսզի հասնեն այն բանին, որ համաձայնագիրը մինչև Եվրոպական խորհրդարանի հաջորդ ընտրությունները՝ 2019 թվականի մայիսը, վավերացվի։

«Այս բանաձևով հանդես եկանք: Դրան միացավ նաև խոշորագույն Եվրոպական ժողովրդական կուսակցության ֆրակցիան` որպես համահեղինակ, և մենք կարողացանք պատվիրակության կողմից ներկայացված այս բանաձևը նիստում հաջողությամբ անցկացնել: Այս պատկառելի խորհրդարանական հարթակն իր աջակցությունը հայտնեց ու կոչ արեց եվրոպական երկրներին` արագացնել վավերացումները»,- հայտնեց Աշոտյանը։

Նրա խոսքով` համաձայնագիրը վավերացնելու համար այս պահին չկա ոչ մի խոչընդոտ որևէ եվրոպական երկրի կողմից։ Աշոտյանը նշեց, որ վեհաժողովում Հայաստանը կարողացել է ՀՀ ազգային և պետական շահերին համահունչ ներկայացնել այն խնդիրներն ու լուծումները, որոնք ամբողջությամբ տեղավորվում են ՀՀ արտաքին քաղաքական գերակայություններ մեջ:

«Ավանդույթ կա, որ նման վեհաժողովները, որտեղ մասնակցում են միաժամանակ և' Հայաստանի, և' Ադրբեջանի պատվիրակությունները, դառնում են հայ-ադրբեջանական դիվանագիտական կոնֆլիկտների ու սկանդալների առարկա, բայց այս անգամ հայկական կողմի աշխատանքի շնորհիվ մենք բավականաչափ կառուցողական դաշտում կարողացանք հասնել մեր նպատակներին», - ասաց նա:

Աշոտյանն ընդգծեց, որ վեհաժողովում կարևորվել է այն հանգամանքը, որ Արցախյան հակամարտության կարգավորման հարցում պետք է հավատարիմ մնալ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների ձևաչափին: