կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-01 11:33
Քաղաքական

ԱԺ աշխատակազմի փաստացի ծախսերը 2016-ի նկատմամբ 350 մլն դրամով պակասել են. Արա Սաղաթելյան

ԱԺ աշխատակազմի փաստացի ծախսերը 2016-ի նկատմամբ 350 մլն դրամով պակասել են. Արա Սաղաթելյան

Խորհրդարանում  ԱԺ-ի 2017 թվականի բյուջեի կատարողականը ներկայացրեց  ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը: Նա նշեց, որ 2017 թվականին ԱԺ-ին հատկացվել է 4 մլրդ 399 մլն 493 հազար դրամ` 4 ծախսային ծրագրի գծով, ներգրավվել են նաև միջոցներ ՀՀ նախագահի աշխատակազմից՝ 53 մլն դրամի չափով։

«Արդյունքում` ԱԺ ճշտված բյուջեն 8 ծրագրերի գծով կազմել է 4 մլրդ 452 մլն 493 հազար դրամ։ Բյուջեն ծախսվել է 99 տոկոսի չափով»,- հայտնեց Սաղաթելյանը:

«ԱԺ աշխատակազմի և պատգամավորների պահպանում» ծրագրով ծախսվել է 4 մլրդ 139 մլն 712 հազար դրամ։ Սաղաթելյանի խոսքով՝ ԱԺ աշխատակազմի փաստացի ծախսերը 2016-ի նկատմամբ 350 մլն դրամով պակասել են, ինչը տեղի է ունեցել 26 պատգամավորի, 26 օգնականի և աշխատակազմից 26 աշխատակցի կրճատման արդյունքում։ ԱԺ աշխատակազմի վերապատրաստման համար ծախսվել է 225 հազար դրամ` 30 պետական ծառայողի վերապատրաստման համար։ 37 մլն դրամ ծախսվել է ԱԺ մասնաշենքում գտնվող ՊՊԾ զորանոցի և ԱԺ շենքի ջեռուցման համակարգի մասնակի վերանորոգման համար, 14 մլն դրամ էլ՝ զորանոցի գույքի ձեռք բերման համար։

«Հաշվետու տարում ԱԺ-ն տնտեսման արդյունքում բյուջե է վերադարձրել 44 մլն դրամ»,- նշեց Սաղաթելյանը։

ԱԺ աշխատակազմի ղեկավարը նաև ընդգծեց, որ վերանայվել է ԱԺ ավտոտրանսպորտային տնտեսությունը, որի արդյունքում նախորդ տարի 81 մեքենայից 14-ը կրճատվել է, 7-ը նախատեսվում է կրճատել այս տարի։