Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի ելույթը` Աստանայում.
«Հարգելի՛ նախագահող,
Հարգելի՛ գործընկերներ,
Թույլ տվեք ողջունել Ձեզ և անկեղծորեն շնորհակալություն հայտնել ղազախական կողմին՝ ջերմ ընդունելության և նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Համոզված եմ, որ այսօրվա մեր հանդիպումը կարևոր քայլ կդառնա մեր ընդհանուր նպատակներն իրագործելու ճանապարհին:
Մինչ քննարկման թեմային անմիջապես անդրադառնալը՝ մի քանի խոսք եմ ուզում ասել հետևյալի վերաբերյալ. առանց չափազանցության կարող ենք ասել, որ վերջին շաբաթների ընթացքում ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է եղել մեր երկրում տեղի ունեցող գործընթացների և իրադարձությունների վրա:
Հայաստանում խաղաղ ժողովրդական շարժման առանձնահատկությունն այն է եղել, որ ներկայիս Սահմանադրության դրույթների ոչ մի խախտում չի արձանագրվել, երկրի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող բոլոր փոփոխություններն ընթացել են պետության հիմնական օրենքի դրույթներին համաձայն:
Տեղի է ունեցել իշխանության խաղաղ փոխանցում՝ երկրում կուտակված սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու, կոռուպցիան արմատախիլ անելու, արդարություն, օրինականություն և իրավահավասարություն հաստատելու նպատակով:
Այս գործընթացը ստեղծել է մի այնպիսի միջավայր, որում նախկին նախագահ և հրաժարական տված վարչապետ Սերժ Սարգսյանն ամբողջ ընթացքում գտնվել և այժմ էլ գտնվում է Հայաստանում՝ փաստացի հանդիսանալով նախկին իշխող Հանրապետական կուսակցության նախագահ, իսկ պետության նախկին ղեկավարի կարգավիճակին համապատասխան, օրենսդրությամբ նախատեսված բոլոր արտոնությունները ամբողջ ծավալով պահպանվելու են:
Վստահությամբ կարելի է ասել, որ ապրիլ և մայիս ամսի սկզբին Հայաստանում կատարված իրադարձությունները հանդիսացել են երկրի ներքաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացներ՝ ժողովրդական զանգվածների ամենալայն մասնակցությամբ, ինչը և, սահմանադրական նորմերի պահպանման հետ մեկտեղ, ապահովել է այդ գործընթացների անվիճելի լեգիտիմությունը:
Հարկ եմ համարում հատուկ նշել, որ Հայաստանում ազգային շարժումը հանդիսացել է բացառապես ներքաղաքական գործընթաց և հաջողությամբ է պսակվել շնորհիվ այդ առանձնահատկության:
Ճգնաժամային իրավիճակը հանգուցալուծելու ուղղությամբ այս ամբողջ ժամանակաշրջանում Հայաստանում ակտիվ գործունեություն է իրականացրել հանրապետության նախագահը, որը հանդիսանում է երկրի ղեկավար, գործել է Ազգային ժողովը, որը մայիսի 8-ին ընտրել է նոր վարչապետ՝ բոլոր սահմանադրական և օրենսդրական նորմերի խստիվ պահպանմամբ:
Պետք է արժանին մատուցել նաև նախկին իշխանություններին, որոնք չընդդիմացան ժողովրդի կամքին, խոհեմություն և պատասխանատվություն ցուցաբերեցին, ինչի արդյունքում հնարավոր եղավ խուսափել իրավիճակը հաղթահարելու ուժային սցենարից և ամենակարևորը՝ արյունահեղությունից:
Իշխանության խաղաղ փախանցման նպատակը կայացել է սիրո, հանդուրժողականության և ազգային համերաշխության մթնոլորտի ձևավորման մեջ:
Միևնույն ժամանակ, Հայաստանը միտված է խորացնել բաց և փոխշահավետ համագործակցությունը բոլոր բարեկամ երկրների հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա:
Հարկ է ընդգծել, որ Հայաստանը շարունակելու է մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Եվրասիական տնտեսական միության անդամ և սերտ համագործակցություն է զարգացնելու Ռուսաստանի հետ: Այս խոսքերը ապացուցվել են գործով: Հայաստանի Հանրապետության նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ առաջիններից շնորհավորել են Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Նուրսուլթան Նազարբաևը, ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը: Հետագայում, ինչպես գիտեք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին Սոչիում մասնակցեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, հանդիպեց Ռուսաստանի, Բելառուսի Ղրղզստանի, Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների ղեկավարների հետ:
Վերը ասվածի համատեքստում տեղին կլիներ ընդգծել ՀԱՊԿ հավատարմությունը այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու, նրանց օրինական շահերը հաշվի առնելու և փոխադարձ հարգանքի ու հավասարության հիմնարար սկզբունքներին, ինչով հերթական անգամ ներկայացավ որպես հուսալի խաղացող միջազգային ասպարեզում:
Այս առումով ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել Ձեր պետությունների ղեկավարություններին՝ անաչառ և կառուցողական պաշտոնական դիրքորոշման համար, որն արտահայտվեց Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին որպես երկրի ներքաղաքական գործընթացներ օբյեկտիվ և հավասարակշռված գնահատական տալու մեջ:
Ցանկանում եմ նաև երախտիքս հայտնել ՀԱՊԿ անդամ պետություններից այստեղ ներկա գտնվող իմ բոլոր գործընկերներին, որոնք այս դժվարին օրերին անկեղծորեն մտահոգվել են մեզ համար և ուշադիր հետևել Հայաստանում ընթացող գործընթացներին՝ ակնկալելով բարեհաջող հանգուցալուծում:
Հարգելի՛ գործընկերներ
Օրակարգում քննարկվելիք հարցի շրջանակներում կցանկանայի նաև ընդգծել, որ չնայած Հայաստանում տեղի ունեցող բուռն զարգացումներին՝ մենք պահել և պահում ենք ուշադրության կենտրոնում ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը հավաքական անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների համատեքստում՝ հատուկ նշանակություն տալով իրադարձությունների զարգացմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում, որտեղ գտնվում է Հայաստանի Հանրապետությունը:
Հայաստանը մեծապես կարևորում է ՀԱՊԿ շրջանակներում հավաքական ջանքերի ավելացումը տեղեկատվական անվտանգության ոլորտում արդի սպառնալիքների և մարտահրավերների դեմ պայքարում: Մենք մտադիր ենք շարունակել համագործակցությունը տեղեկատվական անվտանգության ապահովման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ:
Միջազգային լարվածության օջախ է շարունակում մնալ նաև Մերձավոր Արեւելքը: Մասնավորապես, դա վերաբերվում է Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող իրավիճակին:
Այդ համատեքստում և այդ կապակցությամբ կցանկանայի ևս մեկ անգամ վերահաստատել մեր աջակցությունը Ռուսաստանի Դաշնության գործողություններին, որի հետևողական ջանքերի շնորհիվ Սիրիայում ահաբեկիչների դիրքերին անդառնալի վնաս է հասցվել և նրանք, ըստ էության, զրկված են իրենց կողմից վերահսկվող տարածքներից:
Մենք նաև բարձր ենք գնահատում ռուսական և ղազախական կողմերի նախաձեռնությունները և գործողությունները Աստանայի ձեւաչափով սիրիական խնդրի համապարփակ կարգավորման ուղղությամբ: Համոզված ենք, որ Աստանայում Սիրիայի հարցով բանակցությունները թույլ տվեցին նվազեցնել զինված հակամարտության լարվածությունը և խթանել քաղաքական կարգավորումը:
Մենք նաև ուշադրության կենտրոնում ենք պահում Աֆղանստանի Իսլամական Հանրապետության տարածքից եկող մարտահրավերներն ու սպառնալիքները: ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը շարունակելու նպատակով, այդ մարտահրավերներն ու սպառնալիքները չեզոքացնելու համար հայկական կողմն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդին կից Աֆղանստանի հարցերով աշխատանքային խմբի գործունեության մեջ:
Մենք նաև լրջորեն մտահոգված ենք պաղեստինա-իսրայելական հակամարտության հերթական սրացումով և Գազայի հատվածի սահմանին բռնության աճով, ինչի հետևանքով եղան տասնյակ զոհեր և հազարավոր վիրավորներ: Կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում հակամարտող կողմերը պետք է առաջին հերթին զերծ մնան որևէ քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը, և, իհարկե, պետք է բոլոր ջանքերը գործադրել, նախ և առաջ միջազգային՝ արաբա-իսրայելական հարաբերություններում կուտակված խնդիրների խաղաղ լուծման ուղղությամբ:
Որպես վերջաբան՝ կցանկանայի ևս մեկ անգամ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը, մշտապես կարևորելով ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության զարգացումը և խորացումը, պատրաստ է համակողմանիորեն աջակցել կազմակերպության մեր գործընկերների նախաձեռնությունների խթանմանն ու իրականացմանը՝ ուղղված հավաքական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները չեզոքացնելուն:
Շնորհակալություն ուշադրության համար»: