Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայ-էկվադորական բարեկամություն» ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանը Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ օրեր առաջ Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում Ռուսաստանում Էկվադորի դեսպան Խուլիո Պրադոյի հետ, ով համատեղությամբ դիվանագիտական ծառայություն է իրականացնում նաև Հայաստանում: Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական, հայ-էկվադորական բարեկամությանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:
«Մոսկվայում հանդիպել եմ դեսպան Պրադոյի հետ, որի շրջանակներում քննարկվել են այն աշխատանքները, որոնք իրականացվել են Հայաստանում՝ էկվադորի քաղաքացիներին աջակցելու համար: Տեղեկացնեմ, որ «Հայ-էկվադորական բարեկամություն» կազմակերպությունը Հայաստանում էկվադորցիներին աջակցել է տարբեր հարցերում` օգնել ենք թարգմանությունների, ՀՀ համապատասխան օրենսդրության ծանոթացման, աշխատանքի հետ կապված հարցերում, մշակութային տուրայցեր իրականացրել, հայոց լեզվի անվճար դասընթացներ կազմակերպելել»,- ասաց Հարությունյանը` հավելելով. «Քանի որ մենք Էկվադորի քաղաքացիներին այստեղ աջակցում ենք, դեսպանին խնդրեցինք, որ մեր հայրենակիցներն էլ աջակցություն ստանան Էկվադորում, որտեղ մենք չունենք հյուպատոսարան և դեսպանատուն: Դեսպանն ասաց, որ պատրաստ է ամեն հարցում աջակցել, հանդիպել Էկվադորի հայերի հետ և հասկանալ` ինչ խնդիրներ կան այնտեղ»:
Հարությունյանի խոսքով` հանդիպման ընթացքում Ռուսաստանում Էկվադորի դեսպան Խուլիո Պրադոն հավանություն է տվել Հայաստանում Էկվադորի հյուպատոսարան բացելու գաղափարին: «Նախատեսվում է մի քանի փուլից կազմված աշխատանքային գործունեություն: Առաջին փուլի շրջանակներում նախատեսվում է երկու երկրների մշակութային զարգացման շուրջ աշխատանքներ իրականացնել: Հայ մշակութային գործիչներին կտանենք Էկվադոր, այնտեղ կկազմակերպենք միջոցառումներ, որոնց կմասնակցի հայությունը: Տեղեկացնենք նաև, որ բանակցություններ ենք վարում Կիտոյի քաղաքապետարանի հետ: Քաղաքում Արմենիա անվամբ այգի կա, որտեղ ուզում ենք տարածք վերցնել ու Ցեղասպանության հուշաքար տեղադրել»,- նշեց Հարությունյանը: Նա տեղեկացրեց նաև, որ հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-էկվադորական առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացման հարցը:
«Մենք հարց ենք բարձրացրել, որ այնտեղ կազմակերպվեն էքսպոներ: Բոլորիս հայտնի է, որ Էկվադորը մեծ արտահանում ունեցող երկիր է: Էկվադորն աշխարհին հայտնի է իր վարդերով, մրգերով, շաքարավազով, կակաոյով և այլ ապրանքներով»,- ասաց նա` հավելելով. «Եթե այդ ամենի իրացման մի հատվածը կազմակերպվի Հայաստանում, ԵՏՄ-ի անդամ երկրները կգան կմասնակցեն այդ ամենին հենց Հայաստանում: Պայմանագրեր կկնքվեն Հայաստանում, գործարք տեղի կունենա Հայաստանում, հարկերը կվճարվեն Հայաստանում: Հայաստանը կդառնա որպես այդպիսին տրանզիտ երկիր` արտահանման հետ կապված»: Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ առաջիկա օրերին դեսպանը կժամանի Հայաստան, կքննարկվի հյուպատոսարան բացելու հարցը: Սեպտեմբերին 10-ին տարածաշրջանի բոլոր դեսպանների հետ հանդիպում է նախատեսված: