Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում այսօր հանդիպում է ունեցել ԿԳՆ ենթակայության և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: Նա հորդորել է ներկաներին առաջիկա պետական ավարտական և միասնական քննությունները կազմակերպել պատշաճ մակարդակով՝ վստահության մթնոլորտում. «Լավագույնները պետք է ստանան բարձր գնահատականներ, իսկ ովքեր չեն տիրապետում առարկային, պետք է փորձեն հաջորդ տարի: Մարդիկ պետք է հստակ իմանան, որ խնամի-ծանոթ-բարեկամի միջոցով գնահատական ստանալու սկզբունքն այլևս չի աշխատելու: Դա ամենադատապարտելի երևույթն է»,- հայտարարել է ԿԳ նախարարը:
Խոսելով հանրային շրջանակներից հաճախ հնչող այն հարցադրման մասին, թե արդյոք արդարացվա՞ծ է 12-ամյա կրթության, մասնավորապես ավագ դպրոցի համակարգը, Արայիկ Հարությունյանը նշել է. «Ավագ դպրոցի ուսումնառության տարիների կրճատման կամ դրա վերացման մտահոգություն իսկապես կա: Եվ միասին պետք է լուծումներ գտնենք: 12-ամյա կրթական համակարգը, իմ կարծիքով, արդյունավետ է, սակայն անհրաժեշտ է ճիշտ բովանդակություն դնել դրա մեջ: Օրինակ, բուհերի որոշ առարկաներ կարող են դասավանդվել ավագ դպրոցում, կան նաև այլ տարբերակներ»,-ասել է նախարարը: Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը պատասխանել է տնօրենների հարցերին, որոնք առավելապես վերաբերվել են դպրոցների ֆինանսավորմանը: Մասնավորապես, բազմաթիվ տնօրենների դիտարկմամբ՝ ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևն արդարացված և արդյունավետ մոտեցում չէ:
Անդրադառնալով դպրոցներում Արարարատյան բակալավրիատի համակարգի ներդրման՝ արդեն մեկնարկած ծրագրի շարունակականության հարցին` Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ դպրոցների էլիտարացման որևէ մոդել անընդունելի է, քանի որ այն չի ծառայում ոլորտի ամբողջական բարելավմանը. «Ես գիտեմ նաև, որ այս ծրագրում կա կուտակված դրական փորձ, որը սխալ կլինի զրոյացնել: Մենք պետք է մտածենք այդ փորձը հնարավորինս արդյունավետ օգտագործելու մասին, թե ինչ ձևաչափով` պետք է մտածել և գտնել»,-նշել է Արայիկ Հարությունյանը: Նա նաև տեղեկացրել է, որ հանձնարարված է ֆինանսական աուդիտ իրականացնել Արարարատյան բակալավրիատի ծրագրում:
Արայիկ Հարությունյանն ընդունելի է համարել տնօրեններից մեկի առաջարկը` նախարարին կից տնօրենների խորհուրդ ստեղծելու վերաբերյալ: Նա նաև տեղեկացրել է, որ նախարարին կից ստեղծվելու է փորձագետների խորհուրդ, որի նպատակը կուտակված փորձի օգտագործումն է կրթական քաղաքականության մեջ: Նախարարն անդրադարձել է նաև ուսուցիչների ատեստավորմանը՝ նշելով, որ նախկինում գործող համակարգն արդյունավետ չէ, ինչի մասին վկայում է այն փաստը, որ այս տարիների ընթացքում չի եղել գեթ մեկ դեպք, երբ ուսուցիչը չի հանձնել ատեստավորման քննությունը. «Ատեստավորման նոր համակարգ կիրառելու՝ նախկինից մշակված նախագիծ կա, որին ես հավանություն եմ տվել: Դա ենթադրում է մասնագիտական գիտելիքների վերաբերյալ ստուգումների համակարգի կիրառում, որը նրանց նաև որոշակի առավելություն, ինչպես նաև հավելավճար կապահովի»,-նշել է Ա. Հարությունյանը և հավելել, որ տարակարգերի գործող համակարգի արդյունավետությունը ևս կարող է դառնալ քննարկման թեմա:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև դպրոցների և ուսուցիչների գործունեությանն առնչվող բազմաթիվ այլ հարցերի: