Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում քննարկվում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցը:
Մինչև քննարկմանն անցնելը` հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հայտնեց, որ հարցերը քննարկել է արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանի հետ: Նա նշեց, որ եթե նախարարը ծանոթացած չլիներ նախագծերին, ճիշտ չէր լինի քննարկել այն հիմա, սակայն նախարարի հետ արդեն համաձայնեցված է, և հարցը կարող են համարել նոր կառավարության նախագիծ:
Քննարկման ժամանակ հիմնական առարկությունը վերաբերում էր օրենքի այն դրույթին, որ ՄԻՊ-ը կարող է կառավարության նիստերին մասնակցել միայն վարչապետի հրավերով: «Պաշտպանը կարող է մասնակցել կառավարության նիստերին վարչապետի հրավերի հիման վրա»,- ասվում է օրենքում:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հետաքրքրվեց հիմնական զեկուցող` արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանից՝ ի՞նչ հիմքով, ի՞նչ տրամաբանությամբ ՄԻՊ-ը պետք է վարչապետի հրավերով մասնակցի կառավարության նիստերին:
Հովհաննիսյանը պատասխանեց, որ կառավարության կառուցվածքի մասին օրենքում ասվում է, որ կառավարության նիստերում քննարկումներն իրականացվում են միայն կառավարության անդամների կողմից, և որ ԱԺ-ն է հենց հաստատել այդ օրինագիծը: Նրա խոսքով՝ ՄԻՊ-ին անհանգստացնող հարցերը քննարկվում են նախարարական կոմիտեներում:
«ՄԻՊ-ի ներկայությունը կառավարության նիստերին որևիցե հարց չէր լուծելու: Մտավախություն կար, որ կստացվի` ՄԻՊ-ի մասնակցությունը նրան կմոտարկի գործադիրին: Ոչ միայն ՄԻՊ-ը, այլև մնացած անկախ մարմինները, որոնց նախկինում թույլատրված էր մասնակցել նիստին, նոր օրենքով կարող են մասնակցել միայն վարչապետի հրավերով»,- բացատրեց փոխնախարարը:
Հանձնաժողովի նախագահ Կոստանյանը նշեց, որ ՄԻՊ-ն այն բացառիկ մարմիններից է, որ ցանկացած դեպքում կառավարության նիստին մասնակցելու իրավունք ունի: «Դժվար է այս երկրում պատկերացնել մի իրավական ակտ, որ մարդու իրավունքներին չի առնչվում, հետևաբար` ցանկացած հարց, որ քննարկվում է կառավարությունում, առնչվում է մարդու իրավունքներին: Ուստի նրա մասնակցությունը պարտադիր է, և չպետք է լինի որևէ մեկի հրավերով»,- ասաց նա:
Արթուր Հովհաննիսյանն արձագանքեց. «Կառավարության կառուցվածքի մասին օրենքով նախատեսված է՝ ով կարող է մասնակցել վարչապետի հրավերով: Մենք հիմա շտկում ենք կառավարության կառուցվածքի և մարդու իրավունքների օրենքի միջև հակասությունը»:
ՄԻՊ Արման Թաթոյանն էլ նշեց, որ շնորհակալ է դիրքորոշումների, ՄԻՊ-ի դերը գնահատելու համար: «Ինքս չէի ցանկանա մասնակցել այդ նիստերին, դրա համար համաձայնել էի փոփոխություններին: Մեր օրենքը սահմանադրական օրենք է, իմ գործողությունները հանրության համար նույնպես տեսանելի են: Ես որևէ խնդիր չեմ տեսնում, քանի որ մեր օրենքը սահմանադրական է»,- նշեց նա:
Փոխնախարարն առաջարկեց հանել նախագծից դրույթը, որ ՄԻՊ-ը վարչապետի հրավերով պետք է մասնակցի կառավարության նիստերին, և նախագիծը դնել քվեարկության: «Ձեռնպահ քվեարկեք այս հոդվածին, մինչև կհասկանանք` «կառավարության դռնբաց նիստ» ասելով խոսքը վերաբերում է ԶԼՄ-ի՞ն, թե՞ ցանկացած անձ կկարողանա մասնակցել նիստերին, այդ թվում` հանձնաժողովների անդամները»,- ասաց նա:
Կոստանյանն էլ նշեց, որ բոլոր օրենքները պետք է փոփոխության ենթարկվեն, որպեսզի ՄԻՊ-ն իր հայեցողութամբ, երբ ցանկանա, մասնակցի կառավարության նիստերին:
Փոխնախարարն արձագանքեց, որ կարիք չկա օրենքները փոփոխել, որպեսզի ՄԻՊ-ն իր հայեցողությամբ կարողանա մասնակցել կառավարության նիստերին: «ՄԻՊ-ի մասին օրենքը սահմանադրական է, և դրանով նախատեսված է, որ ՄԻՊ-ն իր հայեցողությամբ կարող է մասնակցել կառավարության նիստերին: Սահմանադրական օրենքով այդպես է, ուստի փոփոխության կարիք չկա»,- նշեց նա:
Հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանն էլ իր անհամաձայնությունը հայտնեց այս տեսակետին, քանի որ, ըստ նրա, ստացվում է՝ ոչինչ, որ հակասություն կա օրենքներում, սահմանադրական օրենքը կարգավորում է, ուրեմն կարող է այդպես մնալ: «Օրենքը պետք է վերաբերի թե' ՄԻՊ-ին, թե 'դատախազության մարմիններին: Այս պահին հարցը լուծեցինք, բա հետո՞: Պետք է առաջինից երկրորդ ընթերցում շտկվի այս հակասությունը»,- կարծիք հայտնեց նա:
Կոստանյանն էլ նշեց, որ կառավարությունը միասնական մոտեցմամբ կբերի կառավարության կառուցվածքի մասին օրենքը: Այս ամենը համակարգային լուծում է պահանջում: «Այս պահին լուծումը տանք, կարողանան առանց հրավերի մասնակցել: Սահմանափակումը հանում ենք ու, առանց դրա, քվեարկության ենք դնում»,- ասաց նա:
Փոխնախարարն էլ նշեց, որ կառավարության կառուցվածքի մասին օրենքում պարտադիր լինելու է փոփոխություն:
Նախագիծը դրվեց քվեարկության, ընդունվեց միաձայն: Հարցը կքննարկվի քառօրյա նիստում: