կարևոր
3241 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-19 18:42
Արցախ

ՀՀ ՔԿՀ-ներում գտնվող ազատազրկվածների մասնակցությունն Արցախում դատական նիստերին դարձել է անհնարին․ ԱՀ ՄԻՊ

ՀՀ ՔԿՀ-ներում գտնվող ազատազրկվածների մասնակցությունն Արցախում դատական նիստերին դարձել է անհնարին․ ԱՀ ՄԻՊ

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Գորիս-Ստեփանակերտ մայրուղու անօրինական արգելափակման պատճառով ՀՀ քրեակատարողական հիմնարկներում գտնվող ազատությունից զրկված անձանց մասնակցությունն Արցախում դատական նիստերին ապահովելն օբյեկտիվ պատճառներով դարձել է անհնարին, ինչի հետևանքով նշյալ անձինք փաստացի զրկված են քրեական գործով իրենց վերաբերյալ դատական քննությանն Արցախի Հանրապետությունում մասնակցելու հնարավորությունից: Ստեղծված իրավիճակում, նրանց մասնակցության անհնարինությամբ պայմանավորված, դատական նիստերը հետաձգվում են՝ հանգեցնելով այդ անձանց իրավունքների խախտումների։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Այս խնդրի վերաբերյալ սույն անձանց հարազատների և ներկայացուցիչների կողմից բողոքներ են ներկայացվել ԱՀ ՄԻՊ հաստատություն, որի հիմքով Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ուսումնասիրության առարկա են դարձել ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված՝ դատարանում քրեական գործի քննությանն ամբաստանյալի մասնակցության պարտադիր պահանջի ապահովման հետ կապված խնդիրները:

Հաշվի առնելով, որ դատական քննությանը մասնակցելն ամբաստանյալի հիմնական դատավարական իրավունքներից է, որով ապահովվում է նաև մի շարք այլ դատավարական իրավունքների իրականացումը՝ Պաշտպանի կողմից առաջարկ է ներկայացվել պետական լիազոր մարմիններին՝ ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքում իրականացնել համապատասխան փոփոխություններ և լրացումներ՝ դիտարկելով տեսահաղորդակցության տեխնիկական միջոցների օգտագործմամբ դատական նիստին ամբաստանյալի մասնակցության օրենսդրական հնարավորության ստեղծումը որպես խնդրի հնարավոր կարգավորման տարբերակ։