կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-17 20:30
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե մեզ գլխավոր ճարտարապետ պետք չէ, նույն սկզբունքով քաղաքապետ էլ պետք չէ, միեւնույն է նիստերին չի էլ գալիս․ Հռիփսիմե Առաքելյան

Քաղաքապետի երկու տարվա ամփոփիչ աշխատանքների մասին, բնականաբար, հաճելի խոսքեր չեմ ասելու, որպեսզի շոյեն իմ քաղաքական գործընկերների ականջները, մասնավորապես՝ քաղաքապետ Հայկ Մարությանի. անդրադառնալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման երկու տարվան՝ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղար, Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Հռիփսիմե Առաքելյանը։

Ըստ նրա՝ 180 աստիճանով փոփոխվող՝ Երեւանի ծրագրային դրույթները, որոնց մասին քաղաքային իշխանությունները, պաշտոնի գալով, անընդհատ թմբկահարում էին, չեն իրականացվել: «Վերջին երկու տարվա ընթացքում, ինչ քաղաքապետ է դարձել պարոն Մարությանը, եթե տված խոստումների գոնե մեկ տասներորդը կատարած լիներ, որպես երևանցի՝ ինձ բավարարված կզգայի, քանի որ մեր մաշկի վրա էինք զգալու այդ բարեփոխումները։ Այդ ամպագոռգոռ խոստումներին մասնակից դարձրին նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին։ Շատերն ասում են՝ Մեսչյանն այս խոստացավ, այն խոստացավ․․․ Մեսչյանը չէր խոստացել, այլ «Իմ քայլը» խմբակցության նախընտրական ծրագրի դրույթներն էին, եւ ցավով պետք է արձանագրեմ, որ Մեսչյանը դարձավ այդ ամենի գլխավոր մասնակիցը։ Իսկ այսօր փաթեթավորվում եւ ամեն ինչ ներկայացվում, թե Մեսչյանն էր խոստացել Աջափնյակի մետրոյի երկու կայարանների կառուցումը։ Բնականաբար,, բոլորդ շատ լավ հիշում եք, որ ճոխ ներկայացվեցին այդ նախագծերը, եւ տեսնում ենք, որ փուչ խոստումներ էին»,- արձանագրեց Հռիփսիմե Առաքելյանն ու թվարկելով հիշեցրեց այն բոլոր խոստումները, որոնք դեռեւս անկատար են՝ սկսած կառուցվելիք ճոպանուղուց մինչեւ «հույսի գազելներն» ու «մահվան վերելակները»։

Ըստ ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղարի՝ խոստումներից մնացին այդ մասին պատմող ճոխ ռեպորտաժները՝ հոգեցունց տեքստերով։

«Լավ հիշում ենք, որ «Իմ քայլը»-ի առաջին դեմքի մակարդակով թմբկահարվում էր, որ  կարմիր գծերը պետք է վերացվեն, հիշում ենք, թե ինչպես էին փակում տեսախցիկները՝ ասելով, որ  «ժողովուրդը տուգանվելու մատերիալ չէ»։ Բայց Մարությանը խոստանում էր՝ կարմիր գծերը չեն հանվելու, քանի որ դրանց գումարն անչափ անհրաժեշտ է, որպեսզի Երեւանում կառուցվեն մանկապարտեզներ։ Այս երկու տարվա մեջ չգիտեմ՝ Երեւանում հիմնովին ի՞նչ մանկապարտեզ է կառուցվել։ Իսկ թե կարմիր գծերի գումարը որտե՞ղ է ծախսվել, դրա մասին, առհասարակ, տեղեկություն չկա»,- նշեց նա։

Անդրադառնալով երեւանցու համար ամենացավոտ՝ տրանսպորտի խնդրին՝ Հռիփսիմե Առաքելյանը կրկին երկու տարվա վաղեմության խոստումներ հիշեցրեց. «Երկու տարի առաջ քաղաքապետն ասում էր՝ մեզ անհրաժեշտ է ընդամենը 2 տարի, որպեսզի Երեւանի քաղաքային տրանսպորտի ողջ փաթեթը բարեփոխենք, ամբողջ Երեւանը նոր տրանսպորտային ցանցով պետք է աշխատի․․․ Ես անհամբեր սպասում էի այդ երկու տարվա ավարտին, եւ ահա՝ ավարտվեց։ Որ նոր էին եկել, իրենց թվում էր, թե այդ երկու տարին այնքան երկար է, հիմա էլ ասում են՝ մենք 5 տարով ենք եկել, հլը սպասեք»:

Ըստ մեր զրուցակցի՝ այդ ամենն այսօր արդարացվում է կորոնավիրուսի համաճարակով: «Ասում են՝ կորոնավիրուս է: Կորոնավիրուսն ի՞նչ կապ ունի տրանսպորտի բարեփոխման հետ։ Այսինքն՝ կորոնավիրուսը եկավ Հայաստան, եւ Երեւանի տրանսպորտի ծրագիրը խափանվե՞ց։ Հասկանում եք, չէ՞, որ այս ամենը փրփուրներից կախվել է։ Անընդհատ իրենց ստերն արդարացնելու միջոցներ են փնտրում, բայց այլեւս խաբել, ստել հնարավոր չէ»,- արձանագրեց Հռիփսիմե Առաքելյանն ու հստակեցրեց, որ առաջիկայում դեռեւս թարմացված տրանսպորտ չենք ունենալու։

«Թող քաղաքապետարանը բարի լինի՝ իր բիզնես-գործընկերների հետ հարցերը ճիշտ կարգավորի, քանի որ նրանց ցաքուցիր աշխատանքի արդյունքում ամեն օր երեւանցին բախվել եւ բախվում է խնդիրների»,- նշեց նա, ապա կարեւորեց, որ մինչ այդ պետք է գտնենք անհետացած քաղաքապետին, քանի որ ավագանու վերջին նիստին էլ Մարությանը ներկա չէր:

«Վերջին նիստին էլ չեկավ, ասացին՝ վատառողջ է, բայց դրա հաջորդ օրը քաղաքապետին նշմարեցի քաղաքապետարանի լրատվականի տեսագրված ռեպորտաժում։ Այսինքն՝ ոտքը, ձեռքը տեղն էր, բան չէր եղել այդ մարդուն։ Աստված մի արասցե, առողջություն եմ մաղթում նրան։ Կարեւորը՝ պաշտպանված թիմային վարչությունը կա, երկու փոխքաղաքապետ  նրա հետ շրջում են, կարեւորը՝ տեսախցիկ լինի՝ արձանագրեն, որ այդ մարդը կա։ Այսօր էլ  քաղաքապետարանում էլի նրա մեքենան չտեսա. նախկինում, երբ գալիս էր, մեքենան այստեղ էր լինում, իմանում էինք, որ քաղաքապետը շենքում է։ Կարող է ասել, որ ոտքով է գալիս, բայց փողոցում էլ նրան տեսնող չի լինում, գուցե ուղղաթիռո՞վ է իջնում»,- կեսկատակ-կեսլուրջ ասաց Հռիփսիմե Առաքելյանը։

Անդրադառնալով Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնի վերացմանը՝ ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղարն ասաց, որ իր համար անհասկանալի է այդ որոշումը եւ  համեմատություն արեց․ «Քաղաքապետին կից՝ Մեսչյանը ճարտարապետների խորհուրդ էր ձեւավորվել, հիմա երեւի որոշել են, որ խորհուրդը կա, իրենց գլխավոր ճարտարապետ այլեւս պետք չէ, կարող են խորհրդով բոլոր հարցերը կարգավորել: Եթե այդպես է, ապա, այդ նույն սկզբունքով, մեզ քաղաքապետ էլ պետք չէ. ավագանին կա, մենք մեր հարցերը կլուծենք, միեւնույն է, քաղաքապետը նիստերին չի էլ գալիս։ Կարծում եմ՝ շատ հետաքրքիր կստացվի, կարող է շատ ավելի ռացիոնալ ու լավ լուծումներ լինեն»:

Հռիփսիմե Առաքելյանը ցավով արձանագրեց, որ ոչ միայն քաղաքային իշխանությունը, այլ նաեւ կառավարությունը  փորձում է միշտ պատասխանատվությունից փախչել եւ, քավության որեւէ նոխազ գտնելով, ասել, որ՝ այ, սա է մեղավոր կամ նա: «Իսկ հիմա այսպես՝ կոլխոզի ժողովի միջոցով, մեկը մեկի վրա պատասխանատվությունը գցելով, ավելի հեշտ կլինի, բայց հարցն այն է, թե դրանից ինչ կշահի Երեւան քաղաքը»։

Խոսելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին՝ մեր զրուցակիցը նշեց՝ իր համար անընդունելի է, որ խնջույքների վրա, որոնց 60-ից ավելի մարդ է մասնակցում, ողջագուրվում, աչք են փակում, բայց չեն թույլատրում, որ  հակահամաճարակային կանոնների պահպանմամբ թատրոններն աշխատեն, իսկ աշակերտներին ստիպում են մի քանի ժամ դիմակով նստել դասերին: «Նույն հարսանիքին այդ երեխան մասնակցում է առանց դիմակի, իսկ  դասարանում չեն թույլատրում՝ 20-30 երեխա նստի առանց դիմակի։ Լավ, մի բժիշկ չկա՞, որ վեր կենա, հստակ բան ասի, հանրային քննարկում կազմակերպի․․․ Այս ի՞նչ աբսուրդի թատրոն եք սարքել, ի՞նչ եք ուզում անել, ձեր իշխանության եւ ձեր լծակի ազդեցության հավե՞սն եք հանում։ Ինձ մոտ տպավորություն է, որ երազի մեջ եմ, մի օր կարթնանամ եւ կտեսնեմ, որ այդ երազն ավարտվել է։ Սպասում եմ այդ օրվան, որ արթնանամ ու տեսնեմ՝ այս թատրոնը, կինոն ավարտվել է։ Այս ամենը Կուստուրիցայի ֆիլմերն է հիշեցնում»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Զրուցեց Լիլիթ Եղիազարյանը