Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ արդարադատության նախարարությունը «Մարդու իրավունքների մասին» սահմանադրական օրենքում նախաձեռնել է փոփոխություն, համաձայն որի` մարդու իրավունքների պաշտպանը նոր վարչապետի պաշտոնավարման ժամանակ չի կարող ներկա լինել կառավարության նիստերին։
Այսօր Yerkir.am-ի լրագրողը ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց` արդյո՞ք նախատեսվող փոփոխությունը չի վնասի ՄԻՊ ինստիտուտի անկախությանը, և արդյո՞ք կարելի է արձանագրել, որ ներկայումս ՄԻՊ-ը, մասնակցելով կառավարության նիստերին, ոչ կարևոր գործառույթ է իրականացնում:
«Եթե բացեք սահմանադրական օրենքը, կտեսնեք, որ ՄԻՊ-ը միակ մարդն է, ով առ այսօր կարող է մասնակցել կառավարության նիստերին, թեև ես կարծում եմ, որ դա ևս սխալ է: Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը չի կայանում և սահմանափակվում նրանով, որ նա ներկա է կառավարության ներքին քննարկումներին, թե՝ ոչ»,- ասաց նախարարը:
Նա ընդգծեց, որ կառավարությունը գործում է կոլեգիալ պատասխանատվությամբ և պետք է ազատ լինի իր քննարկումներում: «Կառավարության անդամները, ովքեր պատասխանատու են Ազգային ժողովի և հանրության առջև, պետք է ծանրութեթև անեն ազատ և անկաշկանդ քննարկման արդյունքում, որից հետո ցանկացած քննադատություն ընդունելի է: Խոսքը վերաբերում է որոշումների ընդունման գործընթացի անկաշկանդ լինելուն: Չեմ կարծում, որ մարդու իրավունքների պաշտպանը որևէ ձևով կկաշկանդվի` քննադատելու կառավարությանը, եթե նա ներկա չի գտնվել այդ քնարկումներին»,- ասաց Հարությունյանը: