կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-02 10:35
Հասարակություն

Սիրուն գնացեք, որ գալը հեշտ լինի. Լիլիթ Գալստյանը՝ ստեղծված վիճակի մասին

Սիրուն գնացեք, որ գալը հեշտ լինի. Լիլիթ Գալստյանը՝ ստեղծված վիճակի մասին

ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում կատարվող իրադարձություններին: Ֆեյսբուքյան իր էջում նա գրում է.

«Բռնությունը ոգու դեմ անզոր է։ Քանի դեռ ոգին կա‚ անապատում լինի‚ թե փրփրաշատ գետերի մեջ՝ մի գանգրահեր տղա միշտ էլ ավազի կամ ալիքների միջից կպարզի գլուխն ու մեզ ցույց կտա հուսո ճանապարհը՚՚։ Սրանք եղբորս՝ Վրեժ Իսրայեյանի խոսքերն են. ավելի լավ դժվար է ասել:
Մեր հուսո ճանապարհի առաջին քայ անողը Նիկոլը էր: Արեց, երբ այդ քայլին կարծես հավատացող չկար, ու թվում էր, թե բազմակի պարտություններից ամլացած, ստի ու երեսպաշտության թանձր թմբիրի մեջ ոչ հույսի, ոչ էլ առավելևս խիզախումի կենսական տարածք էլ չի մնացել: Նա՝ Նիկոլը կարողացավ: 
Այսօր Նիկոլի առաջին քայլն այլևս վարարած գետ է, կաթիլ-կաթիլից ծնված ծով, հայ մարդկանց գունավոր ու պայծառ ծովը՝ լուսավոր ու վճիտ հայացքով, համոզված խաղաղությամբ, անկոտրում կամքով, նվաստացումը մերժող արժանապատվությամբ, բիրտ ուժն արհամարհող, քրիստոնեական առաքինությամբ: Հիմա մեզ հույսի ճանապարհ ցույց տվողը, այդ ճանապարհ ընտրողն ու նրա համար պայքարողը մեր ողջ ժողովուրդն է: Սա է մեր իսկականը, մեզ ապրեցնող մեր Ֆենոմենը: 
Ես մեզ նախանձեցի, հպարտացա ու հարստացա մեզանով, ինչպես կնախանձեր օտարը: 
Գնահատեցի ու հիացա Սերժ Սարգսյանի քայլով, հարգեցի ժողովրդի ծովը տեսնելու նրա իմաստությունն ու սեփական սխալը բարձրաձայնելու նրա խիզախումը: Ըստ էության պարտվեց համակարգը, որը Սերժ Սարգսյանին իրեն առաջնորդ էր ընտրել: Թվում էր, թե թիմը, որի պատասխանատվությունն այս համատեքստում նույնքան է, եթե ոչ ավելին՝ պիտի եզրակացություններ անի: Քաղաքագիտական գրված ու չգրված օրենքներն են դա պարտադրում, բայց՝ ոչ...
Իշխանությունը թանկ է, գիտեմ, բայց իշխանությունից թանկ ու բարձր, անսակարկելի արժեքներ էլ կան՝ ՀԱՅՐԵՆԻՔՆ ու ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ: Նժդեհը սոսկ ցիտելու համար չէ, սիրելիներ...Նժդեհը պատմությունով ապրված դառը դաս է, վարքագիծ, կերպ, կոդ, քաղաքացիություն...Լեգիտիմությունը նաև բարոյական է լինում, ու դուք շատ լավ գիտեք, թե ինչի մասին եմ խոսում... 
Եթե մի քիչ սիրեիք, սիրել իմանայիք, հույսի ու սիրո այս մթնելորտում մի քիչ պոկվեիք ԱԺ-ի 60սմx60սմ ձեր կարմիր բազմոցներից, կարողանայիք տեսնել ԱԺ ճաղերից անդին տրոփող հայոց երակն ու ոգին... Մեր իրականությունն այլևս այլ հունով է ընթանում, իսկ դուք այդ հունից չպոկվելու, չօտարվելու շանս ունեք: Քայլ արեք, ընդունեք ձեր սխալները, խմբագրեք ձեր ընթացքը...
Գանդիական խաղաղությամբ ու Մարտին Լյութեր Քինգյան անզեն վճռականությամբ Նիկոլը, որքան էլ պնդեք, սոսկ բացառելու մարտավարությամբ չի առաջնորդվում: Հավատում եմ՝ հաշվեհարդարներ ու վրեժխնդրություններ չեն լինելու: Համոզված եմ գնահատվելու են նվիրյալ պրոֆեսիոնալները, երկրի փխրուն փորձն ու ձեռքբերումները չեն սևացվելու: Ի վերջո, արդար ընտրություններով զուլալվելու է Հայաստանի քաղաքական դաշտը:
Ազգային Ժողովի նիստն անգիր արած, մակերեսային ու պարզունակ հարցաշարով դպրոցական հարցաքննության վերածելու փոխարեն, մի՛թե հնարավոր չէր քաղաքական օրակարգ ձևավորել, խոհեմ ու հավասարակշռված լուծումների հանգել: Վստահ եմ, բանակցային ռեսուրսները սպառված չեն, պատասխանատվություններ կիսեք ու վերահսկեք, փորձեք լծակներ գտնել, նոր մոդելներ առաջադրել:
Ի վերջո, սիրուն գնացեք, որ գալը հեշտ լինի:
Կարողացեք նայել իրականության աչքերին, սա ուրիշ Հայաստան է, որի շարժիչը սերն ու հողն են, արժանապատվությունն ու թռիչքը, ազատությունն ու նվիրումը: Այս էներգիան, կենսական այս ուժը, որ հազար անպարտ բանակ արժե, մի փոշիացրեք: 
Մեզ մեր դեմ մի հանեք: Մեզ նույն արյուն է միացնում, նույն հողը, նույն հիշողությունը, նույն հուսո ճանապարհը»։