Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Փաշինյանն է այն գարանտը, որ կարող է արդար ընտրություն անցկացնել: Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը: «Մենք խոսում ենք ամեն ինչից` մոռանալով ամենակարևորի մասին: Մենք չենք փորձում գտնել ելքեր, մենք պարփակվել ենք այս դահլիճում` մոռանալով, որ ելք կա նաև դահլիճից դուրս, մենք մոռանում ենք որ հարյուրհազարավոր մարդիկ հավաքվել են փողոցում»,- ասաց նա:
Սարգսյանը հիշեց, որ 2003թ. ընտրությունների ժամանակ թե' ինքը և թե' Արտաշես Գեղամյանը խոսում էին արդար ընտրություններից: «Այսօր` 15 տարի անց էլ, ես կրկնում եմ նույն բանը` ընտրություններն են հիմնական խնդիր լուծողը, հիմնական հանգուցալուծումն ընտրությունների մեջ է»,- ասաց նա` նշելով, որ այսօրվա իրավիճակը խախտված ընտրությունների հետևանքն է:
«Ընտրության ժամանակ է, որ մարդը տեսնում է, որ ինքն է ընտրության տերը, և իր քվեն ստացած իշխանավորը ծառայելու է իրեն: Ընտրության ժամանակ հաղթած և պարտված կողմերն ընդունում են, որ իրենք հաղթել ու պարտվել են արդար ընտրությունների պարագայում: Այսօր չկա թշնամանք, չկա չարություն, և վերջապես աշխարհն ընդունում է, որ Հայաստանը ժողովրդավար պետություն է: Այսօր այս խնդիրը պետք է լուծենք»,- ասաց նա:
Արամ Սարգսյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանն այն մարդն է, ում անունն այսօր ամբողջ աշխարհի հայությունն ամենաշատն է տալիս, հետևաբար` նա է այն երաշխավորը, որ կարող է արդար ընտրություն անցկացվել: «Լավ բժիշկ չի, լավ տրանսպորտնիկ չի, լավ գնացքավար չի, բայց ինքը գարանտ է, ինքն է ոտքի հանել էդ ժողովրդին: Ուզո՞ւմ եք արդար ընտրություններ, ուզո՞ւմ եք, որ այս ամենը շուտ հանգուցալուծվի: Խոսում ենք աշխարհաքաղաքական բևեռներից, ուղղվածությունից, գուցե հենց դրա համար է, որ ես Նիկոլ Փաշինյանի կողքին չէի, բայց խնդիր կա, չէ՞, եկեք ընդունենք, որ մեր երկրի ամենաէական խնդիրը մեր երկրի անկախության խնդիրն է: Եկեք ընդունենք, որ մենք թե’ տնտեսական, թե' աշխարհաքաղաքական լուրջ կախվածություն ունենք: Ո՞ր դեպքում կարող ենք այդ խնդիրները լուծել. երբ Հայաստանն ինքնիշխան է, երբ լեգիտիմ իշխանության կա, երբ քեզ հարգում են»,- նշեց նա:
«Ում սրտով է, ում սրտով չի, բայց մեր ժողովուրդն է, չէ՞, փողոցում: Հայհոյում են, թե գովում են, բայց մեր ժողովուրդն է, չէ՞: Դուք ի՞նչ եք մտածում, որ այս ժողովուրդը մեկ անգամ էլ պարտվի, մենք` էստեղ նստածներս, քաղաքականությամբ պիտի զբաղվե՞նք»,-հավելեց պատգամավորը:
Արամ Սարգսյանը խոստովանեց, որ եղբորից հետո որևէ վարչապետի ծրագիր ներկայացնելու ժամանակ որևէ մեկի պատասխաններն այդքան հստակ, չափված-ձևված, պատրաստված չեն եղել, որքան Փաշինյանինը:
Դիմելով պատգամավորներին` նա ասաց. «Խնդրում եմ ձեզ, որպես ձեր նախկին վարչապետ, խնդրում եմ ձեզ որպես ձեր վարչապետի փոքր եղբայր, մտածեք երկրի մասին, մտածեք ձեր քվեարկության կոճակը սեղմելիս»: