կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-21 10:56
Հասարակություն

Թանկյանը դեռ Երեւան չի գալիս, խորհուրդներ է տվել ցուցարարներին․ տեսանյութ

Ամերիկահայ ռոք-երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում տեսաուղերձ է հղել Հայաստանի «խելացի կամքի տեր և անուշիկ երիտասարդներին»:

Նա շնորհավորել է երիտասարդներին՝ «Հայաստանի պատմության մեջ քաղաքացիական անհնազանդության ամենահաջողված գործողության համար»:

«Այս շարժումն ամբողջությամբ ձերն է եւ պետք է մնա այդպիսին՝ չենթարկվելով միջամտության քաղաքական գործիչների կողմից: Ես կարող եմ սեր տեսնել ձեր սրտերում եւ աչքերում»,- ասել է Թանկյանը:

Նա նկատել է, որ երիտասարդները փոխել են բողոքի մշակույթը, եւ դա ինքնին հեղափոխություն է: «Այդ իսկ պատճառով դուք արդեն հաղթել եք», - ասել է երգիչը:

Նա նաեւ մի քանի խորհուրդներ է տվել երիտասարդներին: «Առաջինը՝ հեռու մնացեք «գունավոր հեղափոխությունների» տերմինաբանությունից, քանի որ այն սովորաբար կապվում է Արեւմուտքի եւ Արեւելքի դիմակայության հետ: Մեր պայքարը արդարության համար է, ոչ թե Արեւմուտքի կամ Արեւելքի:

Երկրորդ՝ հստակեցրեք ձեր պահանջները: Ես կարծում եմ, որ դուք պետք է պնդեք, որ Սերժ Սարգսյանը հեռանա ոչ միայն վարչապետի, այլեւ իր կուսակցության ղեկավարի պաշտոնից:

Երրորդ՝ շարունակեք խաղաղ ընդվզումը եւ մի տրվեք սադրանքներին: Շարունակեք ոստիկաններին վերաբերվել ինչպես ձեր եղբայրներին»:

Նշենք, որ երեկ ԶԼՄ-ները տեղեկություն տարածեցին, թե Թանկյանն այսօր գալու է Հայաստան: