կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-17 13:40
Քաղաքական

Արտագաղթի պատճառներ կան, որոնց մասին մինչև վերջ բաց խոսելը նպատակահարմար չէ. Սերժ Սարգսյան

Արտագաղթի պատճառներ կան, որոնց մասին մինչև վերջ բաց խոսելը նպատակահարմար չէ. Սերժ Սարգսյան

Շարունակվում է ԱԺ արտահերթ նիստը, որտեղ քննարկվում է ՀՀ վարչապետի թեկնածուի ընտրության հարցը: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Սերժ Սարգսյանին ասաց, որ նա իսկապես հարուստ կենսագրություն ունի և հատկապես մեծ է նրա ներդրումն Արցախյան ազատամարտի և հայրենիքի պաշտպանության գործում, բայց երկրի անվտանգությունը չի սահմանափակվում առաջնագծով:

«Կա իրավական անվտանգության, սոցիալական անվտանգության, տնտեսական, քաղաքական-հասարակական անվտանգության խնդիր»,- ասաց նա և հարցրեց`ո՞րն է այն երաշխիքը, որ գերվարչապետական լիազորություններ ունենալու դեպքում կարողանալու է հաջողություն արձանագրել այս խնդիրների լուծման գործում:

Սարգսյանը պատասխանեց, որ չի կարող հայտարարել, թե տեսանելի ապագայում նշված բոլոր պրոբլեմներն ու խնդիրներն իսպառ վերացվելու են, և մեր երկիրը, թեկուզ` հեռվից, նմանվելու է դրախտի:

«Դուք ճիշտ եք` անվտանգությունը միայն հակառակորդի կողմից նետած մարտահրավերների կանխումը չէ, այլ նաև ձեր նշածները: Այս խնդիրների առկայությունն է բերել մեզ սահմանադրական բարեփոխումների: Նոր Սահմանադրությունը հնարավորություն է տալիս ուժերը կենտրոննացնելու այդ խնդիրների լուծման վրա»,- ասաց նա:

Սերժ Սարգսյանը նշեց, որ մեր արյունահոսող կետը արտագաղթն է, որը միայն Հայաստանին չէ բնորոշ, սակայն, նրա խոսքով, մեր պարագայում, քանի որ քիչ ենք, մեզ վրա ցավոտ է անդրադառնում: Ըստ նրա` կա նաև այն, որ մեր ներուժը կարող է չհասնել նաև սահմանների պաշտպանությանը, ինչը մեր հակառակորդների ցանկությունն է:

Այնուհետև նա մի քանի կետերով ասաց, թե ինչի է հասել Հայաստանը վերջին տասը տարիների ընթացքում: Ըստ Սարգսյանի` ընդդիմադիրները խոսում են, որ տնտեսությունը կրճատվել է, ապա թվեր բերեց, որոնցով հերքեց ընդդիմության այդ թեզը: Սերժ Սարգսյանի խոսքով` մեր ՀՆԱ-ն աճել է 2,1 անգամ: «Մեկ ցուցանիշ ուզում եմ ընդգծել. 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի բանկերում եղել են դրամական ավանդներ ֆիզիկական անձանց կողմից` 143,6 միլիարդ դրամ, իսկ ահա 2018-ի հունվարի 1-ով` Հայաստանի բանկերում այդ ավանդների փողային քանակը կազմում է 1 տրիլիոն 553 միլիարդ դրամ: Մեր քաղաքացիների խնայողությունները տասն անգամ ավելացել են, և որպեսզի չխոսեն այն մասին, որ այս երկրում միայն հարուստներն են փող պահում բանկերում, նշեմ, որ ՀՀ բանկերում ավանդներ ունեն մեկ միլիոն ՀՀ քաղաքացիներ: Սրանք թվեր են, որոնցից մենք չենք կարող խուսափել»,- ասաց նա:

Պետրոսյանն արձագանքեց, որ հավաստիության կանխավարկածով է մոտենում բերված թվերին, ապա հետաքրքրվեց` եթե այդպես է, ինչո՞ւ է շարունակվում արտագաղթը:«Եթե այդ թվերն իսկական են, ինչո՞ւ է մի քանի մասնագիտություն ունեցող մարդը տոնավաճառում շոր վաճառում»,- հարցրեց պատգամավորը:

Սերժ Սարգսյանը խնդրեց հավատալ իր շուրթերից հնչող թվերին, որովհետև ինքն իրավունք չունի չստուգված թվեր հայտարարելու: «Իսկ թե ինչու է արտագաղթը շարունակվում, որովհետև այդ թվերը չեն բերել այն հանգամանքին, որ ՀՀ բոլոր քաղաքացիները համարվեն բարեկեցիկ ապրողներ: Արտագաղթի պատճառներ կան, որոնց մասին մինչև վերջ բաց խոսելը նպատակահարմար չէ»,- ասաց նա` հավելելով, որ այս խոսքերի համար քննադատության կենթարկվի: