կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-11 15:25
Քաղաքական

Կառավարությունը դե՞մ է, որ ազատականացվի, թե՞ այլ տեխնիկական խնդիրներ կան. Միքայել Մելքումյան

Կառավարությունը դե՞մ է, որ ազատականացվի, թե՞ այլ տեխնիկական խնդիրներ կան. Միքայել Մելքումյան

Միանշանակ կողմ է շուկայի ազատականացմանը, և որ հիվանդանոցները ևս կարողանան դեղեր ներմուծել. «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա հիմնական զեկուցող` ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանից հետաքրքրվեց` արդյո՞ք նա տեղյակ է` ինչու է կառավարությունը դեմ, նաև` ո՞ւր է կառավարության ներկայացուցիչը:

«Սա առանձնահատուկ դեպք է, և  փաստարկները լսելու կարիք կա: Պետք է հասկանալ` կառավարությունը դե՞մ է, որ ազատականացվի, թե՞ այլ տեխնիկական խնդիրներ կան»,- հարցրեց Մելքումյանը:

Բացի այդ` նրան հետաքրքում էր` Հակոբյանը տվյալներ ունի՞ և կարո՞ղ է ասել, թե դեղերի շրջանառությունը տարեկան ինչքան է կազմում, և քանի՞ սուբյեկտ է խոշոր մասնակցում: «Իհարկե, գները կիջնեն, բայց պետք է հասկանալ` իսկապե՞ս կիջնեն, թե՞ ներկրող սուբյեկտներն ենք ուղղակի շատացնում, և շուկայի բնականոն կանոնները մեզ մոտ, ինչպես լինում է, չլինեն»,- հարցրեց պատգամավորը:

Հակոբյանը պատասխանեց, որ կառավարության ներկայացուցիչների ներկայությունը ԱԺ նախագահն ու փոխնախագահները պետք է ապահովեին: Ինչ վերաբերում է լիցենզիա ունեցող սուբյեկտներին, մեծածախ ներկրման լիցենզիա ունի շուրջ 150 կազմակերպություն, որոնցից առաջին 5-ը կատարում է  դեղերի մոտ 75%-ի ներմուծում, մնացած 25%-ը կատարում են այլն ծառայություններ:

«Սա շատ վատ երևույթ է: Դեղերի հիմնական մասը օգտագործվում է հիվանդանոցներում, հիմա մեր խնդիրն է, որ սուբյեկտների թիվն իրական ավելացնենք և ներքին պայմանավորվածությունները խաթարենք` օրենքի կիրառումով: Դրա համար առաջարկում ենք հիվանդանոցներին, ինչպես հայ ժողովուրդն ասում է` «Հացը տվեք հացթուխին», մենք ուզում ենք նրանց տալ իրավունք դեղերը ներմուծելու»,- ասաց նա:

Միքայել Մելքումյանն արձագանքեց, թե ստացվում է, որ առաջարկվում է, որ, օրինակ, մետալուրգիական գործարանը մետաղ ներկրի: «Բոլոր ոլորտներում, որտեղ նրանք լինեն և' ներմուծող, և' ներկրող, ի՞նչ դուրս կգա, արդյո՞ք ամեն մեկն իր պրոֆեսիոնալ գործը չպիտի անի»,- ասաց նա:

Հակոբ Հակոբյանն արձագանքեց. «Եթե ցեմենտ արտադրող գործարանն ինքն իր կլինկերը չբերի, որ ցեմենտ արտադրի, ո՞վ պետք է բերի: Ինչո՞ւ ես ներկրող մտցնում, որ ավելի՞ փող վճարես: Խնդիրը բազմաշերտ է»:

Նա հայտնեց, որ դիմել է վարչապետին` օրենքը քննարկելու համար աշխատանքային խումբ ստեղծելու խնդրանքով, քանի որ օրենքի բոլոր փոփոխություններով նախատեսվում է  դեղերի գների անընդհատ ավելացում: