կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-10 12:26
Քաղաքական

ԵՄ-ն պետք է հասկանա` չի կարելի Արևելյան գործընկերությունը տրոհել սիրված երեխաների և վերցնովի քաղաքական զավակների. Աշոտյան

ԵՄ-ն պետք է հասկանա` չի կարելի Արևելյան գործընկերությունը տրոհել սիրված երեխաների և վերցնովի քաղաքական զավակների. Աշոտյան

Հայտնել ենք, որ ԱԺ-ն քննարկում է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու հարցը: Ելույթով հանդես եկավ հարակից զեկուցող` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«Այս փաստաթուղթը, որքան էլ ժամանակավոր ուժի մեջ մտնի, առանց ԵՄ երկրների վավերացման, այնուամենայնիվ, չի ունենա այն փայլը, հմայքը և իրավական պարտադիր ուժը, մինչև չվավերացվի Եվրոպական խորհրդարանի կողմից»,- ասաց նա:

Աշոտյանը եվրոպացի գործընկերներին զգուշացրեց, որ Արցախի մասին ձևակերպումները, որոնք տեղ են գտել համաձայնագրում, պետք է հենց այդ տեսքով վավերացվեն բոլոր երկրների խորհրդարանների կողմից:

«ԵՄ անդամ երկրների խորհրդարանականներն ազատ են, բայց Հայաստանը պետք է ունենա ոչ միայն բարոյական ու պատմական, այլ նաև իրավական հիմք՝ պնդելու, որ նույն ԼՂ հակամարտության հետ կապված բանաձևը լավություն չէ Հայաստանին. այն բանաձևը, որը դրված է ԵՄ-ի հետ համաձայնագրում, մեզ լավություն չէ, ընդամենը եվրոպական հանրության կողմից սեփական սկզբունքներին ու հետևողականությանը հետևելու տուրք է առ այն, որ Մինսկի խմբի համանախագահների սկզբունքներն ու միջնորդական առաքելությունը կոմպրոմիս են, առողջ կոմպրոմիս են միակ լեգիտիմ միջազգային ձևաչափի կողմից: Սա է իրականությունը: Այն, որ դա ամրագրվել է այս փաստաթղթում, կրկնեմ, ռևերանս չէ, հետևողական քաղաքականության արտահայտում է եվրոպացի մեր գործընկերների կողմից»,- ասաց նա:

Աշոտյանը հայտարարեց, որ ինքն այս համաձայնագիրը չի գնահատի «աշխատող», մինչև չտեսնի Եվրոպական խորհրդարանում այս համաձայնագրի քննարկումն ու վավերացումը: «Ցանկալի է, որ դա լինի մինչև գործող Եվրոպական խորհրդարանի լիազորությունների ավարտը, այն է՝ 2019 թվականի մայիսի վերջը կամ հունիսի սկիզբը: Ունե՞նք այդ հնարավորությունը, այո, բայց դա շատ ամբիցիոզ խնդիր է: Հիշեցնենք, որ Վրաստանի ու Ուկրաինայի համաձայնագրերը վավերացվել են 1.5 տարվա ընթացքում: Շատ կարևոր եմ համարում, որ եվրոպական մեր գործընկերները հասկանան, որ չի կարելի Արևելյան գործընկերությունը տրոհել սիրված երեխաների և վերցնովի քաղաքական զավակների: Չի կարելի այդպես անել: Այո, այս համաձայնագիրն Ասոցացման համաձայնագիր չէ, բայց քաղաքական մասը գրեթե ամբողջությամբ կրկնում է Ասոցացման համաձայնագիրը»,- նշեց Աշոտյանը:

Նա ասաց, որ այս ճանապարհը Հայաստանը պատրաստ է անցնել, որպեսզի բարելավի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կյանքը, ոչ թե միայն Բրյուսելից գումարներ ստանա: Ըստ Աշոտյանի՝ շատ կարևոր է, որ ԵՄ գործընկերները, տեսնելով Հայաստանի քաղաքական դաշտի լայն կոնսենսուսը և տրամադրվածությունը դեպի այս համաձայնագրի իրագործում, վերցնեն այս էներգիան, որը կա ՀՀ ԱԺ-ում և տանեն ԵՄ այլ երկրների խորհրդարաններ:

Անդրադառնալով վիզաների ազատականացման հարցին` Աշոտյանն ասաց, որ այս համաձայնագիրը տալիս է նաև քաղաքական էներգետիկա՝ անցնելու ԵՄ-Հայաստան հարաբերությունների իրավական հաջորդ մակարդակին: «Այո, վիզաների ազատականացման երկխոսությունը մեզ համար քաղաքական որոշմամբ ակնկալվող գործընթաց է: Այո, կան, այսպես կոչված, տեխնիկական խնդիրներ, կան պայմանականություններ, որոնց երկիրը պետք է բավարարի: Բայց բոլորս լավ գիտենք, որ այդ պայմանականությունների ու տեխնիկական խնդիրների կատարման հետևում կա նաև քաղաքական կամք: Բայց այդ կամքը չի կարող լինել միակողմանի` միայն ՀՀ-ի կողմից: Այս քաղաքական կամքը պետք է դրսևորվի նաև ԵՄ-ի կողմից: Եվ ես խնդրում եմ ԵՄ անդամ երկրներին՝ այլ երկրների հետ միգրացիոն խնդիրների պատճառով ՀՀ հետ վիզաների ազատականացման երկխոսությունը չպետք է տուժի»,- հայտարարեց Աշոտյանը: