կարևոր
3685 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-15 22:07
Արցախ Քաղաքական

Համայն հայությունը պետք է հասկանա՝ ինչ է կորցնում և ինչ է շահելու. Արցախի ԱԺ նախագահ

Համայն հայությունը պետք է հասկանա՝ ինչ է կորցնում և ինչ է շահելու. Արցախի ԱԺ նախագահ

Արդեն 3-րդ օրացուցային օրն է, ինչ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ մայրուղին փակ է: Այս մասին ասված է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի տարածած հայտարարության մեջ:

«Անկեղծ ասած, ցավ ապրեցի, երբ ստեղծված իրավիճակով պայմանավորված ՀՀ ԱԺ խմբակցություններն առանձին - առանձին հանդես եկան հայտարարություններով:

Այս պայմաններում, երբ Արցախը կանգնած է հումանիտար աղետի առջև, երբ Արցախում ապրող ժողովուրդը զրկված է գազամատակարարումից, երբ առողջական ծանր խնդիրներով հիվանդները զրկված են անհրաժեշտ դեղորայքից և առողջապահական ծառայություններից, պարենային և առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումից, երբ մանկապարտեզներում ու դպրոցներում կասեցվել է բնականոն աշխատանքը, կարծում եմ ,ՀՀ խորհրդարանի բոլոր խմբակցությունները միասնական հայտարարությամբ պետք է արտահայտեին Արցախի հանդեպ Ադրբեջանի հրահրած վերջին սադրանքների մասին իրենց մտահոգություններն ու դատապարտող կոչերը:

Անիմաստ ենք համարում անընդհատ կրկնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի դրույթները, որոնց Ադրբեջանը ոչ միայն հավատարիմ չի մնում, այլև ցանկացած անհիմն պատրվակի տակ կոպտորեն խախտում և խաթարում է Արցախում ապրող ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքը:

ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում անհրաժեշտ է համարում «օդային միջանցք»-ի բացումը և Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը: Նման պայմաններում, երբ փակ է միակ ցամաքային ճանապարհը, «օդային միջանցքի» բացումը լավագույն այլընտրանքն է հումանիտար աղետի կանխման համար:

Փոքրիկ Արցախը իրենից վտանգ չի ներկայացնում, սակայն վտանգված է նրա ժողովրդի ապրելու և կյանքի իրավունքը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ևս մտահոգություն է հայտնել Հայաստանը Արցախին կապող միակ մայրուղու  փակման կապակցությամբ: Նա կողմերին կոչ է անում միջանցքով ապահովել անխափան երթևեկությունը՝ համաձայն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների:

Քաղաքակիրթ աշխարհին պետք է մտահոգի այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում: Հումանիտար աղետի առջև կանգնած Արցախի ժողովուրդը, մեծ հաշվով հասցեական հայտարարությունների կարիք ունի:

Ցեղասպանությունից տառապել և տառապում են աշխարհի տարբեր ժողովուրդներ, ազգեր ու ազգություններ, իսկ հայ ժողովրդի համար այն անցյալն է,  ներկան, բայց ոչ՝ ապագան: Համայն հայությունը պետք է հասկանա՝ ինչ է կորցնում և ինչ է շահելու: Այս իրավիճակում մենք չունենք անգամ սակավաթիվ հաղթաթղթեր:

Արցախի ժողովուրդը կայացրել է իր հերոսական որոշումը՝ կառուցել ժողովրդավարական երկիր և ապրել արժանապատիվ խաղաղության պայմաններում, բայց ոչ պարտադրված խաղաղության:

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում աշխարհի տարբեր երկրների և միջազգային  կառույցների կոչերն ու դատապարտող հայտարարությունները Արցախում առկա հումանիտար ճգնաժամի առիթով, սակայն մտահոգություններն ու կոչերը քիչ են, մեզ անհրաժեշտ են գործուն ու տեսանելի քայլեր:

Կարծում եմ՝ տեղին է ասված՝ կարևոր չէ, ով է քեզ դեմ, կարևոր է՝ ով է կողքիդ: Մեր կողքին գտնվող մարդիկ, կամ կազմակերպությունները, կամ դաշնակիցները, կամ ՀՀ մեր քույրերն ու եղբայրները, համահայկական սփյուռքը պետք է գիտակցեն, որ արցախյան հակամարտությունը  վերածվել է մահաբեր հակամարտության:

Սիրելի´ հայրենակիցներ

Արցախը չպետք է փնտրել տարածաշրջանի և օտար պետությունների մեջ: Արցախը բոլորիս մեջ է. սա պետք է հասկանանք ամենքս:Եվ եթե յուրաքանչյուրս մեր մեջ այդ արժանապատիվ աշխարհատարածքը փնտրենք , հայտնաբերենք, ոչ ոք չի կարող ստիպել ապրել պարտադրված երկրում:

Արցախի իշխանությունն ու ընդդիմությունը մի ամբողջական մարմին են, ինչքան էլ մեզ մաշեն, սպառնան, ահաբեկեն, այս սուրբ հողում ապրել և ապրելու են մարդիկ, որոնք արժանի են ուշադրության և հարգանքի:

Համոզված եմ, որ մեզ կտան այնքան, ինչքան ինքներս մեզ գնահատում ենք :

Երջանիկ եմ, որ ապրում եմ Արցախում: Ամեն մի աշխատանքային օր ինձ համար բացվում է այն զգացողությամբ ,որ այն վերջինն է երկրային կյանքում: Այս պահին իմ ներաշխարհում նույնականացված են հայրենիքի համար ապրելու նահատակվելու զգացողությունները :

Կյանքը բումերանգ է և պայքար»,- ասված է հայտարարության մեջ: