|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին:
Ողջունելով հյուրին՝ Հայկ Մարությանը գոհունակությամբ նշել է, որ հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների մեջ իր ուրույն տեղն ունի երկու քույր քաղաքների՝ Երևանի ու Բեյրութի համագործակցությունը: Քաղաքապետը վստահություն է հայտնել, որ հետայսու ևս այդ հարաբերությունները կշարունակեն խորանալ ու զարգանալ կոնկրետ ուղղություններով:
Դեսպան Մայա Դաղերը շնորհավորել է Երևանի 2800-ամյակի հոբելյանական միջոցառումները բարձր մակարդակի վրա անցկացնելու կապակցությամբ և ողջունել վերջին շրջանում մայրաքաղաք Երևանում նկատվող երիտասարդական շունչը:
Դեսպանը նշել է, որ լիբանանցի երիտասարդները ավելի ու ավելի հաճախ են գալիս Երևան՝ ներդրումներ անելով քաղաքի տնտեսության մեջ:
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր հերթին հավաստիացրել է, որ քաղաքում ստեղծված իրավիճակը լավագույնս նպաստելու է, որպեսզի օտարերկրյա, մասնավորապես լիբանանցի ներդրողները և գործարարները աշխատեն բարենպաստ պայմաններում: