կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-03 16:32
Առանց Կատեգորիա

Ղևոնդ. Աշխարհը տունս է եկել… ու անունս չի հիշում

Ղևոնդ. Աշխարհը տունս է եկել…  ու անունս չի հիշում

Գյումրեցի տաղանդավոր պոետ Ղևոնդը  /Համլետ Մանուկյան/ առողջական խնդիրներ ունի, որոնք շուտափույթ լուծում են պահանջում։  Ստորև բերվող շարքը նրա վերջին' «Ջրերի ցնծության ժամանակը» ժողովածուից է: Օգնության ձեռք մեկնողները կարող են անմիջապես կապվել բանաստեղծի հետ՝  098 72 42 90, 0312 4 07 34 հեռախոսահամարներով:

***

Աշխարհը տունս է եկել անակնկալ հյուրի պես-

ես հույսերից շփոթված երազներս եմ տրորում-
ինձ գտել են, կգտնեն, պիտի գտնեն անպատճառ-
աշխարհը տունս է եկել․․․ ու անունս չի հիշում:

 

Հյուրասիրեմ իմ տան մեջ իմ աշխարհին՝ իմ գինով-
ամեն կաթիլ՝ մի համբյուր, ամեն համբյուր՝ մի հայրեն,
ուր գիշերվա սեղանի հացն ու գինին են գինով,
ու աշխարհում դեռ բույր կա, որ ես պիտի հոտոտեմ:

Ահա՝ գիշերը պահած քո մատների ծայրերին,
ահա՝ մոմերը պահած քո գիշերվա աչքերում,
քանի բոց է սիրելու քո թիթեռը քո ծաղկին,
որպես վերջին ցնորքի հիշատակած այցելու:

Հիմա ասեմ՝ խաղաղվիր, հիմա ասեմ՝ աչքդ լույս-
իմ տերևները բոլոր փաթաթվել են մի ծառի,
ու քո վերջին ցնորքի մտապահած այցելու
այս կրակի կտորը կախարդողի աչք ունի:

 

***

Այս կրակի կտորը կախարդողի աչք ունի-
ինձ վերևից կնայի, ու իմ ձեռքից կթռնեմ-
ամեն թռիչք՝ մի գիշեր, ամեն գիշեր՝ մի տարի,
ամեն տարի՝ մի զատիկ, ամեն զատիկ՝ մի հայրեն։
Ինչպես վաղվա երանությամբ մզված գինի
ու նռնենու բուրմունքի մեջ թաղած անցյալ
քո երեկոն քո վարսերը հարդարելիս
տեսնելու է' լույսն ինչպես է մտնում անձավ:
տեսնելու է' լույսն ինչպես է սուզվում անձայն
խորշերի մեջ քո հոգնության, ուր կա ներում
և ապրում է պատմությունը զատիկներիդ,
որ խորհում են արևի հետ
և պուտերը իրենց մեջքի, համառորեն,
խաչքարերիդ քսելով են զորեղանում
Թանձրության մեջ գինու թախանձանքի
հիմա տխուր լիներ, հիմա հնչեր օրոր
ու տեսնեի' ով էր' հանեց հոգուց' հոգին
ու տեսնեի' ով էր տեսավ' դաշտում խոտոր
մեր աչքերում մի ինչ փոթորկում էր մտքի,
ու մեր աչքերն ինչպես վերածվեցին նռան:
Հիմա տխուր լիներ, հիմա լսվեր օրոր
ու թանձրությամբ գինու' երեսնիվայր
հաղորդվելով հողին խոտոր դաշտում,
մեկն' ինձ այնքան սիրեր,
որ աղաչեր աստծուն'
ինձ մի ասուպ բռներ,
ու այրված կողով
ծիրանենին հիշեր' սաղարթն ուր է գնում:

 

***

Թե վիճակ է նետված
ու հայացքից հեռու ընկնող քարի նման
քեզ բաժին է ընկել ազատորեն տնքալ
պատմությունը հոսող քո ջրերի
քեզ մեկ անգամ լքած
նայադների նման
ինձ չթողնես հիշել,
որ հայացքից վերև
ուրիշ բուրմունք ունի
քո խնձորի վերջին տատանումը ճյուղին: