կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-08 14:21
Հասարակություն

Տղամարդկային հասարակություն ենք, որտեղ կանանց ուզում են հիշել դեպքից դեպք

Տղամարդկային հասարակություն ենք, որտեղ կանանց ուզում են հիշել դեպքից դեպք

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանի համար ամբողջ գարունը կանացի տոն  է: «Գարնանային ամեն օր կարելի է կանանց ոգեշնչել, այս միասմյակը հաճելի է, և, բացի ուրախությունից,  կանանց մեծարելու ևս մեկ առիթ է, ինչին որ կանայք արժանի են»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով` կանանց իրավունքների և ազատության համար պետք է ամեն օր պայքարել, իսկ սա պարզապես գեղեցկության ու գարնան տոն է:

Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը չի ընդունում, որ կարելի է կանանց միջազգային օր ունենալ:  «Կներեք վատ զուգահեռի համար, բայց ՁԻԱՎ-ի համար էլ ենք պայքարում ամեն օր, և օր կա: Մարտի 8-ն էլ այդպիսի օր է: Այն ինձ համար զուտ սովետական ասոցացիաներ է առաջացնում: Կանանց իրավունքների տոն գուցե պետք է, բայց Հայաստանում ամեն օր պետք է ընթանա կանանց իրավունքների համար պայքարը»,- ասաց նա:

«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը չի սիրում կանանց տոները: «Այսպիսի տոն սահմանելը, ֆետիշացնելը մի բան է նշանակում` այնքան ոտնահարված են կանանց իրավունքները, որ այսպիսի մի օր են նշել, որպեսզի բացառություն անեն մյուս 364 օրերից: Լավ կլիներ այս օրը չլիներ, բայց լիներ կանանց հավասարության, իրավունքների լիարժեք իրացման հնարավորություն մեր հասարակության մեջ, որից մենք շատ հեռու ենք»,- ասաց նա:

Ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն էլ տոնը չի սիրում: «Ուզում են` թող տոնեն, բայց հայտարարել կանանց տո՞ն: Համենայն դեպս, տղամարդկային հասարակություն ենք, որտեղ կանանց ուզում են հիշել դեպքից դեպք ու լավագույն դեպքում ականջներս մտցնել` տեսե'ք, միամսյակ ունեք: Ես չեմ ուզում այդ միամսյակը, ես ուզում եմ` տարվա բոլոր օրերին կանանց նկատմամբ լինի հարգալից վերաբերմունք, հավասար հնարավորություն բոլորի համար»,- ասաց նա:

Բախշյանը չհամաձայնեց այն մտքի հետ, որ մեր երկրում կանանց տեղ չեն տալիս, ըստ նրա` ուզեն, թե չուզեն` տալու են, ուզեն-չուզեն` նաև վախենում են: «Կանայքս, ընդունեն, թե չընդունեն, ունենք լուրջ դերակատարում մեր երկրում: Մենք կարող ենք շատ ավելի արժեքավոր և կարևոր բաներ անել մեր պետության մեջ, բացի խոհանոցից»,- նշեց նա:

Անդրադառնալով հարցին` ի՞նչ դեր ունեն կանայք քաղաքականության մեջ, Անուշ Սեդրակյանը նշեց, որ այն մարդիկ, ում ձեռքում են քաղաքական լծակներ, նշանակում են «քաղաքական կանանց», սակայն նա նշեց, որ իրապես քաղաքականությամբ զբաղվող կանայք էլ կան: «Հիտլերյան մի ձևակերպում կար կնոջ մասին` պետք է գնա խոհանոց, ունենա երեխաներ և մտնի եկեղեցի: Մեզ անվերջ ուզում են մտցնել այդ շրջանակի մեջ»,- ասաց նա:

Լուիզա Սարգսյանն էլ նշեց, որ այս գումարման ԱԺ-ում 19 կին կա, սակայն, ըստ նրա, դա չպետք է միայն ֆորմալ լինի: «Երբեք չեմ ուզի, որ քանակ-որակ հարաբերակցությունը խառնվեր: Ինչ վերաբերում է 6-րդ գումարման ԱԺ-ին, ինչ-որ քաղաքական մշակույթ իսկապես փոխվել է, կանանց ավելի շատ ներգրավվածությունը հանդուրժողականություն է բերել»,- ասաց նա: