Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով, Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն է նշանակվել Վարդան Մկրտչյանը: Այսօր Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Ամիրյանը մայր թատրոնի կոլեկտիվին ներկայացրեց նորանշանակ տնօրենին:
Շնորհակալություն հայտնելով նախկին տնօրեն Ստեփան Դավթյանին` Ամիրյանը նշեց, որ ուրախ է` թատերաշրջանը թատրոնում սկսվում է փոփոխություններով:
«Ուզում եմ ներկայացնել թատրոնի նոր տնօրենին, որի սիրտն արդեն հասցրել է գերվել մայր թատրոնում ևս: Վարդան Մկրտչյանի աշխատանքը, որպես Համազգային թատրոնի տնօրենի, արժանի է շատ բարձր գնահատականի: Նշանակվելով մայր թատրոնի տնօրեն`Վարդանը Մկրտչյանն էլ ավելի մեծ պատասխանատվություն կցուցաբերի և իր բոլոր հնարավորությունները կօգտագործի ի շահ մայր թատրոնի առաջխաղացման և զարգացման»,- ասաց նախարարը:
Մկրտչյանն էլ շնորհակալություն հայտնեց վստահության համար և նշեց, որ այս օրերին շատերն են իրեն շնորհավորում: «Ինձ շնորհավորում են և մի տարօրինակ բան ասում` բարով վայելես: Ես չեմ հասկանում, թե ինչ է նշանակում բարով վայելելը, որովհետև այս ամենի մեջ ես առաջին հերթին հասկանում եմ մեկ բան`ինչ պատասխանատվություն եմ վերցնում իմ ուսերին»,- ասաց նա, ապա հավելեց, որ մայր թատրոն գալը և մայր թատրոնին ծառայելը նախ և առաջ պատասխանատվության մեծ բեռ է:
«Այսպես ստացվեց, և դրա տակ պետք է մտնել տղամարդկային ողնաշարով ու կարողանալ բոլոր հնարավորությունները ծառայեցնել ի շահ թատրոնի»,- ասաց Մկրտչյանը:
Նրա խոսքով` ինքը չի ցանկանում, որ մայր թատրոնը շարունակի քայլել իր վաստակած փառքի էներգիայով: Մկրտչյանը նշեց, որ իր երազանքն է, որպեսզի մայր թատրոնը դառնա ՀՀ թատերական այցեքարտը ողջ աշխարհում: Սա իրականացնելու համար, ըստ նորանշանակ տնօրենի, շատ աշխատանք է պետք, բայց իրենք աշխատանքից չեն խորշում: