կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-04 12:05
Առանց Կատեգորիա

Մի ուշացած «տղամարդկային» խոստման պատմություն

Մի ուշացած «տղամարդկային» խոստման պատմություն

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը վերջապես կատարեց գյումրեցիներին դեռ հունվարի 15-ին տված «տղամարդավարի» խոստումը: Ըստ դատախազության հաղորդագրության՝ նա միջնորդություն է ներկայացրել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը Հայաստանի իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ:

 

Խոստումը կատարելու համար գլխավոր դատախազից, փաստորեն, 19 օր պահանջվեց, այն դեպքում, երբ Շիրակի դատախազության մոտ՝ ընտանիքի սպանդի մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին հայաստանյան արդարադատությանը հանձնելու պահանջով հավաքված բազմությանը սկզբում հավատացնում էր, թե պատրաստվում է այդ քայլին դիմել անմիջապես: Րոպեներ անց, սակայն, նա փոխեց մտադրությունը՝ հայտարարելով, թե Չայկային կդիմի այն ժամանակ, երբ իր տրամադրության տակ կլինեն քննչական գործողությունների արդյունքները և առկա կլինի միջնորդությամբ հանդես գալու բավարար հիմք: Նույնը նա կրկնեց Ավետիսյանների սպանության հարցով հունվարի 22-ին ԱԺ-ում հրավիրված լսումների ժամանակ:

 

Սակայն դատախազության տարածած հաղորդագրության մեջ որևէ ակնարկ անգամ չկա այն մասին, որ դատախազի միջնորդությունը հիմնված է լրացուցիչ ինչ-որ այլ հիմքերի վրա, որոնք ի հայտ են եկել նախաքննության ընթացքում: Փաստացի միակ հիմքը, որ նա ներկայացրել է, ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմաբազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ համաձայնագրի 6-րդ հոդվածն է: Հիշեցնենք, որ սույն հոդվածը վերաբերում է նրան, որ եթե ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչներից կամ նրանց ընտանիքների անդամներից որևէ մեկը մեղադրվում է այնպիսի հանցագործության մեջ, որը գտնվում է ՀՀ իրավասության ներքո, բոլոր մեղադրյալների գործերը քննվում են ՀՀ իրավապահ մարմինների կողմից, և որ կողմերը իրավասու են դիմելու միմյանց՝ քրեական հետապնդումը հանձնելու միջնորդություններով: Ո’չ պայմանագիրը, ո’չ էլ դրա 6-րդ հոդվածն այդ ընթացքում որևէ փոփոխության չեն ենթարկվել, ինչը նշանակում է, որ ոչինչ, ըստ էության, չէր խանգարում Կոստանյանին այդ միջնորդությամբ հանդես գալ խոստումը տալուց անմիջապես հետո: Մանավանդ, որ Պերմյակովը մեղադրյալի կարգավիճակ էր ձեռք բերել այդ խոստումը տալու նախօրեին, և այս մասով ևս ՌԴ դատախազին դիմելու հարցում նա որևէ խնդիր չուներ: Հետևաբար, հարց է առաջանում՝ եթե այս ընթացքում, ըստ էության, ոչինչ չէր փոխվելու, ապա ո՞րն էր միջնորդությունն այսքան ուշացնելու և այդ ընթացքում հասարակության և գյումրեցիների ծաղրուծանակի առարկան դառնալու իմաստը:

 

Ըստ էության` Կոստանյանը ՌԴ իր գործընկերոջը դիմում է մի ժամանակահատվածում, երբ կարծես այդ միջնորդությունն անելու կարիքն այլևս չկա: Այսինքն` այն ժամանակ, երբ դա որևէ արժեք իրենից չի ներկայացնում: Բանն այն է, որ հունվարի 20-ին հենց Գյումրու ռուսական ռազմակայանում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը եւ ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը համաձայնագիր ստորագրեցին` Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքում «համագործակցության արդյունավետությունն ապահովելու նպատակով» համակարգող շտաբ ստեղծելու մասին: Այդ համաձայնագրում հատուկ շեշտվում է, որ քրեական գործի քննությունը եւ բոլոր դատավարական գործողություններն իրականացվելու են միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ինչպես նաեւ՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ՀՀ տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին» համաձայնագրով սահմանված սկզբունքների համաձայն: Այլ կերպ ասած՝ այն նույն համաձայնագրի շրջանակներում, որին Կոստանյանը հղում է կատարել Չայկային միջնորդություն ներկայացնելիս: Հայաստանի և Ռուսաստանի քննչական ծառայությունների միջև ստորագրված այդ համաձայնագիրը, կարելի է ասել, օրակարգից հանում է Պերմյակովին հայաստանյան կողմին հանձնելու հարցը, և, որ ամենաէականն է, դա տեղի է ունենում ռուսական ռազմաբազայի հետ կապված իրավական փոխօգնության մասին նույն պայմանագրի հիման վրա: Այսինքն` ստացվում է, որ Կոստանյանը Պերմյակովին հայկական իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդությունն անում է այնպիսի հիմքով, որի վրա արդեն որոշում է կայացվել... նրան չհանձնելու մասին:

 

Կարծել, թե ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող անձն այս իրողությունից տեղյակ չի եղել, նշանակում է կասկածի տակ դնել Կոստանյանի պրոֆեսիոնալիզմը: Հետևաբար, մնում է եզրակացնել, որ նա միտումնավոր է ուշացած միջնորդություն ներկայացնում՝ հավանաբար համոզված լինելով, որ դա որևէ արդյունք չի տալու: Այս միջնորդությունը հիմնականում ուղղված է հանրային խայտառակությունից իր անձը փրկելուն՝ հաշվի առնելով տված խոստման «տղամարդկային» բնույթը:

 

Բայցևայնպես, չի կարելի չնկատել նաև Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանից ետ չմնալու մղումը: Ի վերջո, ստացվում է, որ թեեւ ինքն էր առաջին պլանում խոստումներ տալիս հանրությանը, սակայն հենց Աղվան Հովսեփյանին հաջողվեց Հայաստան «բերել» ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին ու նրա հետ գոնե ինչ-որ, խիստ սիմվոլիկ, հասրակության աչքերին թոզ փչող պայմանավորվածություն ձեռք բերել: Հավանաբար, Կոստանյանը կարծում է, թե իրենց միջև մղվող ներքին վաղեմի մրցակցության մեջ, կոնկերտ այդ դրվագում, նախկին գլխավոր դատախազը «ջախջախիչ հաղթանակ» է տարել և ուզում է սրբագրել արդյունքները:

 

Անկախ այս ամենից՝ Պերմյակովին հանձնելու հարցը ի սկզբանե ոչ այնքան իրավական էր, որքան քաղաքական: Եվ այդ որոշումն արդեն կայացված էր: Ամենայն հավանականությամբ, ՌԴ գլխավոր դատախազը կմերժի Կոստանյանի միջնորդությունը՝ հղում կատարելով ՀՀ-ի և ՌԴ-ի քննչական ծառայությունների միջև ստորագրված համաձայնագրին: Եթե` ոչ, ապա դա կնշանակի, որ առնվազն այս գործում տեղի է ունենում կարևոր շրջադարձ: Ընդ որում՝ դա ոչ թե իրավական, այլ քաղաքական շրջադարձ է, որը տվյալ դեպքում բխում է հայկական կողմի շահերից: Այդպես է դա, թե` ոչ, պարզ կդառնա Չայկայի պատասխանից:

 

Գևորգ Աղաբաբյան