կարևոր
3787 դիտում, 9 ամիս առաջ - 2023-08-08 15:51
Քաղաքական

Վրաստանի արգելքը լուրջ վնաս կհասցնի մեքենաների արտահանմամբ զբաղվող հայ գործարարներին

 Օգոստոսի 1-ից ավտոներկրող ընկերություններին չի հաջողվում տարանցիկ համարանիշներով ավտոմեքենաներ արտահանել Ռուսաստան։ Վրաստանը միացել է Ռուսաստանի դեմ իրականացվող Եվրամիության պատժամիջոցներին ու արգելել Բելառուս եւ Ռուսաստան արտահանել կամ վերարտահանել նոր, հզոր շարժիչով ավտոմեքենաներ, էլեկտրոմոբիլներ, հիբրիդներ։ Վրաստանը Վերին Լարսի անցակետով արգելել է նաեւ եվրոպական ու ամերիկյան ավտոմեքենաների արտահանումը Ռուսաստան, բացառությամբ, երբ մեքենան պատկանում է  Հայաստանի քաղաքացու եւ կասկած չի առաջացնում, որ այն ավտոդիլերի է։

Ավտոներկրող ու արտահանող ընկերությունները հայտնվել են փակուղային վիճակում. ռուսական շուկայի համար ԱՄՆ-ից մեծ խմբաքանակով եւ հզոր շարժիչով մեքենաներ են պատվիրել եւ չեն պատկերացնում՝ ինչպես են Հայաստանում վաճառելու դրանք։ Ասում են՝ Հայաստանում հզոր շարժիչով մեքենաներ գրեթե անհնար է վաճառել։  ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության  պատգամավոր, ՀՅԴ անդամ Գառնիկ Դանիելյանի խոսքով, բազմաթիվ ավտոներկրողներ են ահազանգել եւ մտածում են իրենց բիզնեսը Հայաստանից Ղազախստան եւ Ղրղզստան տեղափոխելու մասին, որտեղ ավելի լավ պայմաններ են։  «Այս ոլորտը, որն ապահովում է արտահանման 5,2 տոկոսը, կկանգնի ճգնաժամի առաջ»,- ասում է պատգամավորն ու ընդգծում՝ 2022 թ-ին մեքենաների մաքսազերծման շնորհիվ պետբյուջե 80 մլն դոլլար գումար է մուտք գործել։

Գառնիկ Դանիելյանն ահազանգում է, եթե ՊԵԿ-ը պատշաճ չարձագանքի խնդրին, եւ մեքենա ներկրող ու արտահանող գործարարները տեղափոխվեն ԵԱՏՄ անդամ մյուս երկրներ, տարեկան մեծ գումար կպակասի պետբյուջեից։ Հատկապես, երբ այդ երկրները վերադարձնում են սահմանված չափով ավելացված արժեքի հարկը, իսկ Հայաստանում ստեղծում են լուրջ խոչընդոտներ, որպեսզի ավելացված արժեքի հարկը ավտոներկրողներին չվերադարձնեն։ «Կառավարության այն բարձրագոչ հայտարարությունները, որ Հայաստանում իդեալական պայմաններ են ստեղծվում տնտեսվարողների համար եւ գրեթե չկան խանգարող հանգամանքներ, իրականությանը չի համապատասխանում»,- ընդգծում է Դանիելյանը։

Եվրամիության տարածքից ներկրվող մեքենաների համար նույն կանոններն ուժի մեջ են մտնելու սեպտեմբերի 26-ից՝ հայտարարել են Վրաստանի Ֆինանսների նախարարության հարկային ծառայությունից: Որոշումը կայացվել է ԵՄ պատժամիջոցների 11-րդ փաթեթի համաձայն։ Մինչ այս որոշումը արգելված էր Եվրամիությունից Ռուսաստան մատակարարել 50 հազար եվրոյից ավելի արժեքով մեքենաներ։ Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցների վերջին փաթեթով արգելվում է Ռուսաստան ներմուծել ավելի քան 1,9 լիտր շարժիչով, ինչպես նաև էլեկտրական և հիբրիդային մեքենաներ:

ՊԵԿ-ից հայտնել են, որ այս տարվա առաջին վեց ամսում ավելի շատ ավտոմեքենա է մաքսազերծվել (ավելի քան 52 հազար), քան 2022 թ-ի ողջ ընթացքում։

Հայաստանի տարածքով Ռուսաստան հիմնականում ոչ թե նոր արտադրված, այլ օգտագործված, վնասված մեքենաներ են արտահանվում։ Դրանք հիմնական նախ վրացական Փոթիից տեղափոխվում են Ռուսաստանի հետ նույն մաքսային միության անդամ Հայաստան, այստեղ մաքսազերծվում, ապա կրկին Վրաստանի տարածքով արտահանվում Ռուսաստան առանց կրկնակի մաքսազերծման։ Պատգամավորն ընդգծում է՝ մեր պետության կողմից պատշաճ վերաբերմունքի ու ճիշտ քաղաքականության դեպքում Հայաստանը կարող է դառնալ այն լոգիստիկ կենտրոնը, որով կկարողանա ապահովել ԵԱՏՄ շուկայում մեքենաների մատակարարման առյուծի բաժինը։

Անի Նահապետյան