Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը Փհենչհանում տհաճ իրավիճակում է հայտնվել:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ մինչ այս պահը լեռնադահուկորդը մարզմանը չի մասնակցել, վազքուղին չի փորձարկել, քանի որ մարզիկին դահուկային գույք չեն տրամադրել, իսկ նրա մարզահագուստի վրա առկա չէ «Հայաստան» նշումը:
Օլիմպիական խաղերի կազմակերպիչները պատճառաբանել են, որ նախատեսված ժամկետից ուշ են ստացել մարզիկի անունը, այդ իսկ պատճառով մարզահագուստի վրա համապատասխան նշումներն արված չեն: Նախապես չի պատվիրվել նաև դահուկորդի մարզագույքը:
Աշոտ Կարապետյանն իր վարկանիշային միավորները հավաքել էր դեռևս հունվարի 21-ին, այսինքն` Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան լեռնադահուկորդի անունը կարող էր ուղարկել օլիմպիական խաղերի մեկնարկից դեռ 19 օր առաջ:
Մեր տեղեկություններով՝ իրավիճակը փորձել են հարթել և մեր երկրին խայտառակությունից փրկել օլիմպիական խաղերում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները՝ փորձելով սեփական միջոցներով դահուկորդի համար գույք ձեռք բերել: Սակայն Աշոտ Կարապետյանը հրաժարվել է այլևս ելույթ ունենալ:
Նշենք, որ դեռևս օլիմպիական խաղերից առաջ խոսակցություներ էին գնում, որ Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Հարությունյանը նպատակադրվել է իր որդուն՝ լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանին ուղարկել Փհենչան, սակայն նրան չհաջողվեց ձեռք բերել համապատասխան վարկանիշ:
Ի դեպ, Սեյրան Հարությունյանի եղբայրը Ծաղկաձորի քաղաքապետ, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանն է:
Նշենք, որ Աշոտ Կարապետյանի առաջին ելույթ պետք է տեղի ունենա փետրվարի 18-ին, սակայն ինչպե՞ս է մարզիկն առանց դահուկների ներկայացնելու Հայաստանը, հայտնի չէ: