կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-03 12:04
Իրավական

Եղվարդում 10-ամյա աղջկա առևանգման պատճառը 30.000 դրամ պարտքն էր. նոր մանրամասներ

Եղվարդում 10-ամյա աղջկա առևանգման պատճառը 30.000 դրամ պարտքն էր. նոր մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել անչափահասին պատանդ վերցնելու դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից:

2018թ. փետրվարի 1-ին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի բնակչուհի Վ.Աբգարյանից հաղորդում է ստացվել առ այն, որ իր անչափահաս դստերը Եղվարդ քաղաքի բնակչուհիներից մեկը խաբեությամբ իր տուն է տեղափոխել և պահանջել վերադարձնել պարտքը։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Եղվարդի բնակչուհիներից մեկը, օգտագործելով տարիների ընթացքում իրենց ընտանիքների միջև ձևավորված մտերմիկ հարաբերությունները, խաբեությամբ, խանութ գնալու պատրվակով, իր բնակության հասցե է տեղափոխել Վ.Աբգարյանի անչափահաս՝ 10-ամյա դստերը և պահանջել վերադարձնել պարտք մնացած 30.000 ՀՀ դրամ գումարը։ Հակառակ պարագայում սպառնացել է չազատել երեխային:

Դեպքի առթիվ փետրվարի 2-ին ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:

Նույն օրն անչափահասը ճանաչվել է տուժող, կասկածյալը ձերբակալվել։ Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։