կարևոր
2626 դիտում, 10 ամիս առաջ - 2023-11-29 12:14
Հասարակություն

Երևանի կենտրոնում կայանումը կդառնա տարեկան 160 000 դրամ, կենտրոնից դուրս՝ 24 000 դրամ

Երևանի կենտրոնում կայանումը կդառնա տարեկան 160 000 դրամ, կենտրոնից դուրս՝ 24 000 դրամ

Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվել «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, որով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում (Երևան քաղաքի «Ա» գոտում) ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160 000 դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ (Երևան քաղաքի «Բ» գոտի) 24 000 դրամ։

Նշենք, որ Երևան քաղաքի «Ա» գոտին ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի, Ագաթանգեղոսի, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենցի, Կորյունի, Աբովյան պուրակի, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեոյի փողոցներով ներփակված տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցները և հրապարակները։

Երևան քաղաքի «Ա» գոտի

  • յուրաքանչյուր 1 օրվա համար` 2 000 դրամ
  • 1 շաբաթվա համար` 5 000 դրամ
  • 1 ամսվա համար` 18․000 դրամ
  • 1 տարվա համար (մինչև 2024 թվականի դեկտեմիրերի 31-ը ներառյալ) 160 000 դրամ:

Երևան քաղաքի «Բ» գոտի

  • յուրաքանչյուր 1 օրվա համար` 1 000 դրամ
  • 1 շաբաթվա համար` 2 000 դրամ
  • 1 ամսվա համար` 4 000 դրամ
  • 1 տարվա համար (մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 24 000 դրամ:

Նշվում է, որ բացառություն կկազմեն բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքները։

Հիմնավորման մեջ նշվում է նաև, որ նախագիծն ուղղված է Երևանի կենտրոնը բեռնաթափելուն:

Նախագծի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։