կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-29 17:21
Իրավական

Գեղարքունիքի մարզում նվազել են հանցագործությունները և դրանց բացահայտման ցուցանիշները

Գեղարքունիքի մարզում նվազել են հանցագործությունները և դրանց բացահայտման ցուցանիշները

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազություն: Անցկացված խորհրդակցությանը, որին մասնակցել են նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը և մարզի իրավապահ մարմինների ներկայացուցիչները, քննարկվել և վերլուծվել են  2017թ. ընթացքում մարզում կատարված հանցագործությունների շարժընթացում արձանագրված փոփոխություններին, դրանց պատճառներին, հանցավորության դեմ քրեաիրավական պայքարին առնչվող հարցեր: Գեղարքունիքի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանը ներկայացրել է արձանագրված հանցագործությունների դեպքերով իրականացված հետաքննության և նախաքննության քանակական և որակական ցուցանիշները, վերլուծել դրանց պատճառները:

2017թ. ընթացքում մարզում գրանցված հանցագործությունները նվազել են 11,2 տոկոսով: Ծանր հանցագործության դեպքերը նվազել են մոտ 16 տոկոսով, իսկ գրանցված 5 սպանության դեպքերից առայժմ չի բացահայտվել 1-ը: Հրազենի գործադրմամբ կատարված բոլոր 3 դեպքերն էլ բացահայտվել են: 

Նախորդ տարվա համեմատ մարզում փոքր ինչ  նվազել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշը: Արձանագրվել է, որ մեծ թիվ են կազմում չբացահայտված բնակարանային գողությունների դեպքերը: 

Դրական արդյունքներ են արձանագրվել հետախուզվող մեղադրյալների հայտնաբերման գործընթացում: Եթե 2016թ. հայտնաբերվել է 68 հետախուզվող անձ, ապա 2017թ. նրանց թիվը կազմել է 81: Նվազում է արձանագրվել մահվան ելքով ավտովթարների դեպքերի դինամիկայում:   

Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ մարզերում և, մասնավորապես, Գեղարքունիքի մարզում գոհացուցիչ չէ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետությունը: Նա առանձնացրել է հատկապես այս ուղղությամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքներն ակտիվացնելու, նմանատիպ ցանկացած դեպքի քննության ընթացքում դրանում ներգրավված պաշտոնատար անձանց ամբողջական շրջանակը պարզելուն ուղղված քննչական և դատավարական գործողություններ իրականացնելու անհրաժեշտությունը: 

ՀՀ գլխավոր դատախազը շեշել է, որ այդ գործողությունների պլանավորմամբ, նախաքննության ճիշտ մարտավարություն ընտրելու և գործադրելու, ինչպես նաև տեղին և ժամանակին դատախազական ներգործության միջոցներ կիրառելու շրջանակներում քրեական հետապնդման մարմինների միջև սերտ համագործակցությունը հանցագործությունների բացահայտման և լիարժեք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու հիմնական երաշխիքներից է: 

Այս տեսանկյունից Արթուր Դավթյանը կարևորել է հատկապես ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ քրեական հետապնդման մարմինների հետևողականությունը: Հատկապես սպանության, սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս հասցնելու ցանկացած դեպքով քննության առարկա պետք է դարձնել նաև իրավապահ մարմինների կողմից դրանց կանխարգելման հնարավորությունը: «Երբ այդ դեպքերի քննության արդյունքում կպարզվի, որ իրավապահ մարմիններից որևէ մեկը, ցանկացածը, այստեղ անելիք է ունեցել և թերացել է, պետք է առանձին իրավական գնահատականի արժանանա»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազը: 

Խորհրդակցության ընթացքում բարձրացված խնդիրների լուծման նպատակով նրա կողմից տրվել են հանձնարարականներ: 

Գլխավոր դատախազություն