կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-04 12:06
Իրավական

Անչափահասների դեմ ուղղված սեռական հանցագործությունները նվազել են, իսկ կանանց դեմ ուղղվածները՝ աճել

Անչափահասների դեմ ուղղված սեռական հանցագործությունները նվազել են, իսկ կանանց դեմ ուղղվածները՝ աճել

Վերջին տարիներին էապես նվազել է անչափահասների դեմ ուղղված սեռական հանցագործությունների թիվը, փոխարենն աճել են կանանց դեմ ուղղված սեռական հանցագործությունները:

 

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վարդանյանի խոսքով՝ ՀՀ-ում 2013-ին կանանց նկատմամբ սեռական անձեռմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված 23 դեպք է գրանցվել, իսկ 2014-ին՝ 28: Անչափահաս իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ 2013-ին գրանցվել է 78, իսկ 2014-ին՝ 63 դեպք: Արական սեռի ներկայացուցիչների նկատմամբ 2013-ին ՝ 13 , իսկ 2014-ին` 3 դեպք:

 

«Անչափահասները համարվում են խոցելի խումբ, շատ դեպքերում սոցիալական կայքերի ծանոթություններն են հանգեցնում նման դեպքերի»,- «Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց նա և հավելեց, որ անչափահասների դեմ ուղղված հանցագործություների նվազման գործում դեր ունեն նաև ոստիկանության կողմից իրականացվող կանխարգելման միջոցառումները: Մասնավորապես`  դպրոցներում իրավական թեմաներով զրույցներ և այլն: Ըստ նրա՝ այս գործոնը նպաստել է, որ անչափահասները զգույշ լինեն հատկապես անծանոթների հետ շփումներում:

 

ՀՀ Քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության ՀԿԳ ավագ քննիչ Դավիթ Թումասյանի կարծիքով ՝ անչափահասների դեմ ուղղված սեռական հանցագործությունների թվի նվազումը պայմանավորված է 2013-ի դեկտեմբերին ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով:

 

Նշենք, որ նոր փոփոխություններով ՝ էապես խստացվեցին անչափահասների նկատմամբ իրականացվող սեռական հանցագործությունների համար նախատեսված պատժաչափերը՝ տուգանքից հասնելով ազատազրկման:

 

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը, ով մտահոգված է կանանց նկատմամբ իրականացվող սեռական ոտնձգությունների աճով, նշեց, որ վերջին շրջանում կանայք՝ սեռական բռնության ենթարկվելու մասին ավելի շատ հաղորդում են ներկայացնում ոստիկանություն, քան դիմում հասարակական կազմակերպությունների թեժ գծին: