Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է «ԱՄՆ Խաղաղության կորպուսի» (ԽԿ) հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը` նորանշանակ տնօրեն Սանի Լուի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին` նախարարը կորևորել է ԽԿ-ի կամավորներն ավելի քան 20 տարիների կատարած աշխատանքը. «Որպես կրթության և գիտության նախարար, անշուշտ ինձ համար կարևոր է այն, որ տարիներ շարունակ «Խաղաղության կորպուսը» աջակցում է մեր աշակերտների անգլերեն լեզվի ուսուցմանն ու ուսուցիչների վերապատրաստման գործին, սակայն կարծում եմ շատ ավելի կարևոր է այն առաքելությունը, որ «Խաղաղության կորպուսի» գաղափարախոսության հիմքում է՝ կամավորների միջոցով հանդուրժողականության մշակույթի տարածում» ,-նշել է Լևոն Մկրտչյանը:
Նա հույս է հայտնել, որ նոր տնօրենի նշանակմամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Խաղաղության կորպուսի» հայաստանյան գրասենյակի համագործակցությունը որակական նոր մակարդակ կարձանագրի՝ ընդլայնելով ԽԿ կամավորների գործունեության շրջանակը՝ հանրակրթությունից դեպի կրթական մյուս աստիճաններ:
Միաժամանակ ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանի կրթական համակարգի առաջնահերթություններից մեկը օտար լեզուների դասավանդման որակի ամրապնդումն ու զարգացումն է: Նրա խոսքով, այդ նպատակով դեռևս անցած տարի մշակվել է հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման զարգացման հայեցակարգը և այս համատեքստում առավել օգտակար է լեզուների դասավանդման և վերապատրաստման փորձ ունեցող այնպիսի հեղինակավոր կառույցների ներգրավվածությունը, ինչպիսին «Խաղաղության կորպուսն» Է:
«Խաղաղության կորպուսի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Սանի Լուին իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳ նախարարին՝ Հայաստանի ուսումնական հաստատություններում իրենց կամավորների գործունեության հնարավորության ապահովման համար: Նրա խոսքով, ԽԿ-ի կամավորները Հայաստանի ուսումնական հաստատություններում անգլերեն լեզվի ուսուցմանը մասնագիտական օգնություն ցուցաբերելուն զուգընթաց` իրենք ևս ծանոթանում են հայ մշակույթին, սովորում` հայերեն:
Հանդիպման ընթացքում, քննարկվել են համագործակցության առաջնահերթություններին ու ուղղություններին վերաբերվող աշխատանքային մի շարք այլ հարցեր:
ՀՀ ԿԳՆ