կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-28 17:52
Քաղաքական

Ձեր արած ոչ մի գործ աննկատ չի՛ մնացել. Սերժ Սարգսյանը պարգևատրել է գեներալներին ու սպաներին

Ձեր արած ոչ մի գործ աննկատ չի՛ մնացել. Սերժ Սարգսյանը պարգևատրել է գեներալներին ու սպաներին

Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը՝ Բանակի օրվա առթիվ, hայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած նվիրումի և խիզախության, ինչպես նաև մատուցած նշանակալի ծառայությունների համար մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների պարգևատրել է Հայաստանի Հանրապետության բարձր պարգևներով, շքանշաններով ու մեդալներով, շնորհել նաև բարձրագույն զինվորական կոչումներ:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է զինծառայողներին և ազատամարտիկներին տոնի ու պետական բարձր պարգևների արժանանալու կապակցությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը Բանակի օրվա առթիվ պարգևատրման արարողության ժամանակ

«Պարոնա՛յք գեներալներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք սպաներ,

Սիրելի՛ ազատամարտիկներ,

Շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ: Այսօր դուք արժանացել եք հայրենիքի բարձր պարգևներին և կոչումներին: Դա մեր ժողովրդի և պետության կողմից ձեզ երախտագիտություն հայտնելու մի դրվագ է:

Համոզված եղեք, որ ձեր ծառայությունը և ներդրումը հայրենիքի պաշտպանության գործում շատ բարձր է գնահատվում: Ամեն անգամ այսպիսի պաշտոնական արարողությունները գալիս են ապացուցելու, որ իրոք, ոչ ոք և ոչինչ չի՛ մոռացվել, ձեր արած ոչ մի գործ աննկատ չի՛ մնացել: Վստահ եմ, որ մեր ժողովրդի ջերմ վերաբերմունքը մշտապես խրախուսում է ձեզ՝ պատվով և արժանապատվությամբ շարունակելու ձեր ազնիվ ծառայությունը Հայաստանին և Արցախին: 

Ձեր անցած ճանապարհն ու անբասիր ծառայությունը մեկ նպատակ է հետապնդում՝ պահպանել Հայաստան աշխարհի անվտանգությունը և անդորրը: Ձեր և ձեր զինակիցների շնորհիվ ապրում ու արարում է Հայաստանը: Այսօր քայլ առ քայլ, հետևողականորեն իրականացվում են մեր ժողովրդի նվիրական երազանքները: Այս համոզմամբ և գիտակցությամբ Հայաստանը շարունակելու է հազարամյակների իր երթը դեպի լուսավոր ապագա:

Շնորհավորում եմ նրանց, ովքեր այս դահլիճում են և, իհարկե, նաև նրանց, ովքեր այլ արարողակարգով են ստացել իրենց պարգևները: Դուք և ձեր զինակիցները Հայաստանի ժողովրդի հույսն ու ապավենն եք: Մենք հպարտանում ենք ձեզնով և հենվում ձեր հաղթական կամքի վրա»:

Շնորհակալ եմ»: