կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-11 09:47
Քաղաքական

Կարեն Կարապետյանը կարող է սայթաքել այնտեղ, որտեղ ամենից քիչն էր սպասում. «Ժամանակ»

Կարեն Կարապետյանը կարող է սայթաքել այնտեղ, որտեղ ամենից քիչն էր սպասում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Տարեմուտի առիթով Հայաստանի քաղաքացիներին շնորհավորեցին բոլոր այն պաշտոնյաները, որոնք չզլացան ու չծուլացան: Շնորհավորանքների ավանդական ուղերձներ հղեցին Սերժ Սարգսյանը, վարչապետը, տարբեր նախարարներ: Այդ ուղերձների նկարագրությունների նվազագույնը կեսը իրականություն լինելու պարագայում Հայաստանում կյանքը կփոխվեր էապես, իր հետ բերելով նաև մի շարք ցուցանիշների փոփոխություն, դրանցից ամենակարևորի՝ ժողովրդագրության ցուցանիշով հանդերձ: Բայց պաշտոնական այդ ուղերձներից հետո հնչեց կամ եղավ ամենագլխավոր ուղերձը, արդեն հունվարի 1-ին՝ մի քանի ապրանքատեսակի թանկացումով:

Ահա գլխավոր ուղերձը, այսպես ասած՝ շոշափելի և զգալի ուղերձը, որ հնչեց իշխանությունից՝ թանկացումներ: Իսկ այդ կապակցությամբ պատկերավոր այնպիսի խոսքեր, ինչպես տոնական շնորհավորանքների վարդագույն տեքստերում, իշխանությունը չունի:

Թեև, հասարակությունն իհարկե ոչ թե խոսք, այլ գործ է սպասում այդ կապակցությամբ, թե իշխանության գործողությունների և թե դրանց արդյունքը աշխատատեղերի իմաստով: Իսկ դրանք չկան, կամ, համենայնդեպս, եղածն ամենևին այնքան չէ, որ քաղաքացիներին հնարավորություն կտա չնկատել գնաճը կամ գնաճը չընկալել որպես ծանր հարված գրպանին:

Առայժմ քաղաքացիների համար շոշափելի և զգալի է միայն գների աճը: Ու չի նշմարվում քիչ թե շատ համոզիչ հեռանկար, որ գոնե դրա հետևից հանրությունը կզգա ու կշոշափի տնտեսական աճը: Կարեն Կարապետյանի, այսպես ասած, թույլ տեղը համարվում կամ մատուցվում էր անվտանգության, արտաքին քաղաքականության ոլորտը, սակայն ինչպես երևում է՝ Կարապետյանը կարող է սայթաքել այնտեղ, որտեղ ամենից քիչն էր սպասում»,-գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում