կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-19 15:01
Քաղաքական

Կլինեմ այնտեղ, որտեղ կարող եմ օգտակար լինել մեր երկրին. Տիգրան Աբրահամյան

Կլինեմ այնտեղ, որտեղ կարող եմ օգտակար լինել մեր երկրին. Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով պաշտոնը թողնելու որոշման պատճառների մասին:

 

«Հարգելի հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ մայիսի 21-ին նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամկետի ավարտով պայմանավորված, ազատման դիմում եմ գրել՝ նախագահի խորհրդականի պաշտոնից:

Ընդհատումներով՝ շուրջ 6 տարի է՝ Արցախում եմ: Հայաստանում, որ կառույցում էլ աշխատել եմ, աշխատանքիս մեծ մասը կապված է եղել Արցախի, դրա անվտանգության հետ: Դրանով պայմանավորված՝ նաև անհիշելի թվով գործուղումներ, բառիս բուն իմաստով կյանք՝ առաջնագծում:

Կյանքս՝ բոլոր առումներով, կապված է Արցախի հետ՝ առաջին հերթին այստեղ ապրող մարդկանցով, այն հողով, որն ինձ անդադար հպարտություն է փոխանցում և անընդհատ հիշեցնում իմ պատասխանատվության մասին՝ անմնացորդ, ցանկացած կարգավիճակով, մշտապես Արցախին ծառայելու պատրաստակամությամբ:

Պայքարը հանուն Արցախի բոլորիս արժանապատվության հարցն է: Պայքար ասվածը շատ բազմաշերտ է, յուրաքանչյուրս մեր պատասխանատվության չափաբաժինը պետք է գտնենք ու անմնացորդ նվիրվենք, այլ տարբերակ չունենք:

 

Շնորհակալ եմ նախագահ Բակո Սահակյանին, ով հետապրիլյան մարտական գործողությունների ծանր ժամանակահատվածում ինձ հնարավորություն տվեց խորությամբ «ներթափանցելու» Արցախի անվտանգային միջավայր, լավագույն պայմանները ստեղծեց զինված ուժերի զարկերակին տիրապետելու և դրանով իսկ մեր պետությանը օգտակար լինելու համար:

Շնորհակալ եմ իմ լավագույն ընկերներից՝ Արցախի հերոս Արշավիր Ղարամյանին, ում հետ դեռ իր՝ գլխավոր դատախազ եղած ժամանակահատվածում ենք ծանոթացել և աշխատել, և ով առանցքային դերակատարություն ունի իմ ռազմական կրթության, Արցախն ու Արցախի անվտանգության համակարգը դետալ առ դետալ ճանաչելու և Արցախում «հետք» թողելու համար:

Շնորհակալ եմ ՊԲ հրամանատարներ Լևոն Մնացականյանին, Կարեն Աբրահամյանին, Ջալալ Հարությունյանին, որոնց հետ չափազանց արդյունավետ համագործակցություն ենք ունեցել: ՊԲ ներկայիս հրամանատարին փոխանցել եմ մշտական պատրաստակամությունս՝ ցանկացած պարագայում շարունակելու համատեղ աշխատանքը՝ հանուն մեր զինված ուժերի:

Լևոն Մնացականյանն էլ իմ ճանաչած լավագույն զինվորականներից է, ով դեռ շատ անելիք ունի հայկական զինուժում, և ես համոզված եմ, որ նրան բանակի համազգեստով դեռ կտեսնենք՝ շատ ավելի բարձր դիրքում, որովհետև դա բխում է մեր բոլորի շահերից:

Շնորհակալ եմ ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանին, Արցախի ԱԱԾ-ում պատիվ եմ ունեցել մեծ թվով հայրենասեր սպաների ճանաչել: Բանակի մարտունակության բարձրացման գործում մեծ ավանդ ունեն նաև ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումները, որոնք իրենց ծառայությամբ, իրենց նվիրվածությամբ մեծ աշխատանք են տանում:

Շնորհակալ եմ Արցախի պետական և Մաշտոցի անվան համալսարանների իմ գործընկերներին և ուսանողներին, որոնցում դասավանդելու ու լավ մարդկանց հետ հանդիպելու հնարավորություն ունեցա:

Պետական կառավարման համակարգում շատ մարդկանց հետ եմ աշխատել, գրեթե բոլոր օղակների, շնորհակալ եմ հատկապես նախագահի աշխատակազմին ու նրա ղեկավար Մարատ Մուսայելյանին, բոլոր այն պաշտոնյաներին, ում հետ թեկուզ մեկ անգամ աշխատանքի բերումով առնչվել եմ:

Շնորհակալ եմ ԶԼՄ-ների մեր գործընկերներին, որոնց հետ մշտապես արդյունավետ աշխատել ենք և մշտապես զգացել եմ նրանց լայն աջակցությունը:

Սա, իհարկե, հրաժեշտի տեքստ չէր, որովհետև Բակո Սահակյանի հետ իմ շփումները, աշխատանքները զուտ պաշտոնական հարաբերություններով չեն սահմանափակվում: Նախագահ Սահակյանը դեռ շատ անելիք ունի Արցախում, և ես մշտապես աջակցելու եմ նրան:

Միաժամանակ շարունակելու եմ փորձագիտական աշխատանքներս հատկապես անվտանգության ոլորտում: Առաջնագիծը մետր-մետր ճանաչում եմ, ՊԲ-ի հատվածում չկա մարտական դիրք, որտեղ առնվազն 3-4 անգամ չեմ եղել: Մի խոսքով՝ կլինեմ այնտեղ, որտեղ անհրաժեշտ լինի, որտեղ կարող եմ օգտակար լինեմ մեր երկրին»: