Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Փաստ» օրաթերթը գրում է.«Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թեւոսյանը որոշել է անվանափոխել համայնքը: Նոյեմբերի 24–ին ավագանու նիստ է տեղի ունեցել եւ միաձայն որոշում ընդունվել: Հիմք ընդունելով Նոր Քղի միության խնդրանք–գրությունը եւ բնակիչների դիմումները՝ ավագանին որոշել է Նոր Գեղի համայնքը անվանափոխել Նոր Քղի:
Նոր անվանումը համայնքի ղեկավարին չի զարմացնում: Այն նոր չէ: Նա «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ անվանումը պատմական նշանակություն ունի: Արեւմտյան Հայաստանի էրզրում նահանգի Քղի համայնքի բնակիչները ցեղասպանությունից հետո եկել են այստեղ եւ բնակավայրը նմանեցրել իրենց գյուղին: Բնակիչները գյուղին Քղի էլ անվանել են՝ թեեւ պաշտոնապես Բազմավան է կոչվել: 1964 թվականին համայնքը Նոր Քղիի փոխարեն, սակայն, Նոր Գեղի է անվանակոչվել:
Քղիի բնակիչների մեծ մասն այստեղից Կանադա են գնացել: Նրանց կապը, սակայն, մինչեւ այսօր պահպանվել է: Ստեղծվել է Նոր Քղի միությունը, որն այս համայնքին աչքաթող չի անում:
Նրանց միջոցներով թիվ մեկ դպրոցը վերանորոգվել է: Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող կոթող են կառուցել: Այս տարիներին համայնքին բազմաթիվ օգնություններ են հատկացրել: Թեւոսյանի խոսքով՝ մի քանի տարի առաջ բարեկամական կապն ընդհատվել էր: Վերջերս նորից են համայնք եկել եւ վերականգնել հարաբերությունները:
«Եկան ու խոստացան, որ մսուր–մանկապարտեզում վերանորոգումներ կլինեն, բայց խնդրեցին, որ գյուղը Նոր Քղի կոչվի: Մենք էլ քննարկեցինք, բնակիչներից 150 հոգի դիմում գրեց: Ավագանին քվեարկեց եւ խնդրանքին ընդառաջեց»,– ասաց Թեւոսյանը:
Միության անդամները համայնքի անվանափոխության հարցով նաեւ Սփյուռքի նախարարությանն են դիմել: Վերջինս էլ գրություն է ուղարկել մարզպետարան: Համայնքում էլ խնդրանքը քննարկման են դրել:
«Մեր գյուղին շատ են օգնել: Հիմա մեզ ինչ է խանգարում՝ Նոր Գեղի, թե՞ Նոր Քղի»,– ասաց նա:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: