կարևոր
610 դիտում, 43 րոպե առաջ - 2026-10-16 12:24
Հասարակություն

Նոր Հաճնի շտապօգնության բժիշկներն արձանագրել են Նոր Գեղիում 16-ամյա տղայի մահը

Նոր Հաճնի շտապօգնության բժիշկներն արձանագրել են Նոր Գեղիում 16-ամյա տղայի մահը

Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Գեղի գյուղում հրազենային վնասվածքով տղայի դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Կոտայքի մարզի քրեական ոստիկանները՝ վարչության պետ Վարդան Խաչատուրյանի և ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արտաշես Ալեքսանյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, և Նոր Գեղի գյուղի Ուսանողական 9 հասցեում գլխի շրջանում հրազենային վնասվածքվով հայտնաբերվել է նույն գյուղի բնակիչ 16-ամյա Վահագն Ա.-ի մարմինը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կոտայքի մարզի քրեական և Նաիրիի համայնքային ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում նույն գյուղի բնակիչ 16-ամյա Հոմերոս Ս.-ն իր հորը՝ նույն գյուղի բնակիչ 45-ամյա Միսակ Ս.-ին պատկանող որսորդական հրացանից գյուղի Ուսանողական փողոցի 9 հասցեի տանը դեռևս չպարզված հանգամանքներում կրակոց է արձակել Վահագն Ա.-ի ուղղությամբ, ում գլխի շրջանում պատճառվել է հրազենային վնասվածք, ապա ժամանած Նոր Հաճնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղայի մահը։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությամբ Հոմերոս Ս.-ն իրենց տանը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչություն, որտեղից էլ կազմված փաստաթղթերով ներկայացվել է Նաիրիի քննչական բաժին։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, ձգաբանական, հետաքննական մատնադրոշմային։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հնարավոր է երեխան պատահաբար է կրակոց արձակել իր ընկերոջ ուղղությամբ։ Հայտնաբերվել է նաև հրազենը։