կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-09 11:15
Առանց Կատեգորիա

Ի՞նչ եք ուզում, տղե´րք... և աղջիկնե´ր

Ի՞նչ եք ուզում, տղե´րք... և աղջիկնե´ր

Թե ինչ է ուզում պաշտպանության նախարարությունը, պարզ է: Նախարարությունն ուզում է, որ բոլորը ծառայեն բանակում, կապ չունի` ուսանող են, ապագա գիտնական, ջութակահար, պարող, թե հանդբոլիստ կամ ապագա քահանա: Չէ, վերջինս, կարծես, կապ ունի: Ինչեւէ, ՊՆ-ն ուզում է, որ բոլորս ծառայենք: Վա՞տ է, կարծում եմ` վատ չէ: Ամեն դեպքում` եթե բանակը ապահովում է բոլորիս անվտանգությունը, ուրեմն բոլորս պարտավոր ենք ծառայել բանակում, ընդ որում` մեր նման երկրների համար՝ անկախ սեռից ու թրաշի կամ մորուքի երկարությունից:

Այլ հարց է, որ բոլորը չէ, որ ծառայում են բանակում, ու բոլորը չէ, որ ծառայելու են՝ անկախ նրանից` այս օրինագիծն կընդունվի՞, թե՞ ոչ: Բայց, կներեք, դա իսկապես այլ հարց է, լուրջ հարց է, շատ կարեւոր հարց է, բայց` ԱՅԼ ՀԱՐՑ: Թե ի՞նչ են ուզում բողոքող ուսանողները, պարզ չէ: Նրանք ասում են, որ ծառայելուն դեմ չեն, նրանցից շատերն ասում են, որ ծառայել են, շատերն աղջիկ են ու չեն էլ ծառայելու, ամեն դեպքում՝ բանակում, գոնե` առայժմ: Բա ուրեմն ի՞նչ են ուզում: Ասում են, որ ուզում են պահպանել տարկետման իրավունքը: Եղբա'յր, ինչո՞ւ, որ ի՞նչ լինի: Պիտի պարզ դնեն ու ասեն, որ բանակում այսօր թվաքանակի խնդիր կա, որ, ֆիզիկայի օրենքներից բացի, նաեւ դա՞ հասկանաս: Դա ասելո՞ւ բան է, որ ասեն, ինքդ չե՞ս հասկանում, Նյուտոն ու Պյութագորաս ես հասկանում, Սոկրատեսի փիլիսոփայական խոհն ես հասկանում, դա չե՞ս հասկանում:

Լավ, ասենք, թե տարկետումը մնաց, գիտե՞ս, թե հետո ինչ է լինելու, դու ոչ մեկին չե՞ս ճանաչում, որ համալսարանի բակում կանգնած սիգարետ է ծխում ու, քեֆը միլիոն, քրքնջում է, որ բանակին «դեռ մի իրեք տարի կա», հետո էլ մի բան կանի, հեչ որ չլինի՝ քեռին կանի: Նման ոչ մեկին չե՞ս ճանաչում. որ չվիրավորվես՝ ոչ թե ընկերներիդ մեջ կամ ախպերներիդ, գոնե ծանոթներիդ մեջ չգիտե՞ս նման դեմքերի: Դու նրա՞նց ես պաշտպանում, գնացել ես բանակ, եկել ես, շարունակում ես ուսումդ, ուզում ես լուրջ գիտնական դառնալ, ջութակահար կամ կարատեիստ ու նրա՞նց ես պաշտպանում, ուրիշ բան չկա՞ պաշտպանելու...

Լավ, կբացատրե՞ք, թե ինչ եք ուզում, ուզում եք, որ տարկետում լինի, որ ի՞նչ լինի, որ գիտությունը զարգանա՞, արվեստը ծաղկի՞, սպորտը բարգավաճի՞... Տղե'րք, դուք իսկապե՞ս վստահ եք, որ եթե սովորեն, նոր գնան բանակ, մենք ֆուտբոլի աշխարհի չեմպիոն ենք դառնալու կամ գոնե առաջնության խմբակային փուլին ենք մասնակցելու, կամ գիտելիքահենք տնտեսությամբ խարսխված պետություն ենք կառուցելու, ամեն անցնելուց էլ հիանալու ենք Գիտությունների ազգային ակադեմիայի ճերմակաթույր տաճարի վեհությամբ... Լո՞ւրջ: Ու դուք, որ այդպես եք կարծում, շա՞տ եք...

Բացատրեք, թե ինչ եք ուզում, որովհետեւ ես, օրինակ, հասկացել եմ, որ դուք չեք ուզում ծառայել` ո'չ հիմա, ո'չ էլ առհասարակ: Մի տեսակ զգում եմ, որ այդպես չէ, զգում եմ, որ ասելիք ունեք, որ չեք կարողանում ասել, բայց, կներեք, նախ կարողացեք ասել այն, ինչը ուզում եք, նոր բողոք սկսեք, որ ձեզ ճիշտ հասկանան, որ ձեզ հասկանան: Մեծացեք, ասում են՝ բանակը դրան լավ օգնում է:

Հովիկ Աֆյան