կարևոր
4096 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-13 21:51
Հասարակություն

Ներքին զորքերին նորից եմ հորդորում․ տղե՛րք, մի՛ փորձեք հերոսանալ Երևանի փողոցներում․ Բագրատ Սրբազան

Ամփոփելով անցած օրը` Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանն արձանագրեց` առաջին հանրահավաքն աննախադեպ էր իր բազմամարդությամբ, երկրորդին թեև մարդկանց քանակն ավելի քիչ էր, բայց «ավելի շատ էր, քան երբևէ», և վերջապես, երեկվա հավաքը, որն ավելի բազմամարդ էր, և դեռ հոսքն էլ չէր դադարում: «Այնինչ ասում են, որ իմ խոսքի ժամանակ 5000 հոգի լքել է հրապարակը: Ուրեմն պատկերացրեք, ինչքան շատ ենք եղել, որ 5000-ն էլ լքել է ու հրապարակը դեռ լի էր մարդկանցով»,- կատակեց Սրբազանը:

 Նշենք, որ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը երեկ հոդված էր հրապարակել, իբրև թե հրապարակը կիսադատարկ է եղել, մարդիկ խմբերով լքել են հանրահավաքի վայրը:

Բագրատ Սրբազանը հանրահավաքի ժամանակ անդրադարձավ նաև ներքին զորքերի գործողություններին՝ ասելով․

«Ներքին զորքերին վերստին զգուշացնում եմ, նորից եմ հորդորում։ Տղե՛րք, ձեզ փչացնում են ուղղակի, իսկապես փչացնում են ձեզ, ուշադիր եղեք ձեր գործողությունների մեջ։ Պետք չունեք հավելյալ ջաներ թափելու և հերոսանալու այնտեղ, որտեղ պահանջված չէ ձեզնից հերոս լինել, մի փորձեք հերոսանալ Երևանի փողոցներում։ 15-16 տարեկան տղային 4 հոգով քաշկռտելով, ամոթ է, դուք պիտի մոտենալիս այդ տղայի գլուխը շոյեիք, ասեիք՝ ապրես, շատ լավ ես անում»։